ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել են ՌԴ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովին: Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր` ընդգծելով, որ դրանում զգալի է երկու երկրների առանձին վարչական միավորների միջեւ ուղղակի կապերի ակտիվացման դերը: Երեկ Բ. Գրոմովը եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը համաձայնագիր են ստորագրել` ի նշան ՀՀ եւ ՌԴ տարածքային կառույցների միջեւ համագործակցության ամրապնդման: «Պայմանավորվել ենք Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններից անմիջապես հետո ստեղծել ընդհանուր աշխատանքային խումբ, որը կաշխատի այս համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք կոնկրետ ծրագրերի եւ նախագծերի վրա: Այդ ծրագրերը կվերաբերեն եւ գյուղատնտեսությանը, եւ շինարարությանը, ինչպես նաեւ մշակույթին եւ մի շարք այլ ոլորտների: Դրանք խոստանում են շատ լավ ծրագրեր լինել»,- նշել է Բ. Գրոմովը: