Թե ինչպես Ստեփան Շահումյանի եւ Ռուբեն Դաշտոյանի թոռնուհին չմտավ Կոմկուսի շարքերը

04/02/2008 Անի ԴՈՒԶԴԱԲԱՆՅԱՆ

«Այնքան կարեւոր մարդիկ կան, իսկ դուք ինձ եք ընտրել»,- համեստորեն ժպտաց Ստեփան Շահումյանի թոռնուհին` Նոնա Մանուկյանը` Գլենդելի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող իր ամերիկյան չափանիշներով հարմարավետ բնակարանում ինձ դիմավորելով:

Փոքրիկ սենյակում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, հայազգի այլ նկարիչների նվեր-դիմանկարների կողքին, որդու նկարած ծաղիկներն են: Կորեացի աշակերտի նվիրած փիրուզազարդ բաժակներով թեյ հյուրասիրելով` տիկին Նոնան քիչ պահպանված ռուսական ակցենտով, հաճելի ժպիտով վերհիշում է պապերի անցյալը, գիտական իր

30-ամյա կենսագրությունը եւ լավատեսորեն նայում օվկիանոսից այն կողմ ապրող հայրենակիցների ճակատագրին. «Ամեն ժամանակ պարտադրում է այն մարդկանց, որոնց կարիքը ունի: Հիմա Հայաստանը բիզնեսմենների կարիք ունի: Մեր ազգն այնքան ճկուն է, որ բոլոր ժամանակների համար տալիս է անհրաժեշտ կադրեր: Կանցնեն տարիներ, եւ այսօրվա բիզնեսմենները կհասկանան, որ պետք է հովանավորել գիտությանն եւ արվեստին: Իմ ժամանակ երիտասարդներն անպայման պետք է դիպլոմ ունենային: Բայց նրանց միջից էլ հատիկներ էին դուրս գալիս, այն մարդիկ, որոնք միայն գիտությամբ պետք է զբաղվեին: Անշուշտ, այսօր նրանց տոկոսը ցածր է: Բայց հիմա պահանջներն այլ են: Հիմա Հայաստանը պետք ունի հարուստ մարդկանց: Կարեւորը՝ քաղաքացիական պատերազմ չլինի»:

Միացյալ Նահանգներում եւս տիկին Նոնան շարունակում է գիտական աշխատանքը, մշտական կապ է պաշտպանում Հայաստանի իր գործընկերների հետ: 1996-97 թվականներին հեռուստամարաթոն է կազմակերպել իր գործընկերներին օգնելու համար: «Մինչեւ այստեղ գալը, ընկերներս արտասահմանից ինձ նույնպես օգնել են: Մատենադարանի աշխատակիցներին օգնել են նաեւ օտարազգի գիտնականներ, որոնք ծանոթացել են գիտաժողովների միջոցով: Եթե այսօրվա վատ պայմաններում գիտնականները շարունակում են աշխատել, նշանակում է, նրանք բարձր որակի հայեր են»: Տիկին Նոնան 1994 թվականին գալով ԱՄՆ՝ սկսել է աշխատել որպես Սրբ. երրորդության եկեղեցում հովվի խորհրդական եւ բացել հայագիտության եւ արվեստի դպրոց: Եկած օրից Լոս Անջելեսի համալսարանում մասնակցել է հայագիտական միջազգային գիտաժողովների: Երկար տարիներ Գլենդելի հանրային գրադարանում աշխատել է որպես կամավոր, որտեղ սկզբում անգլերեն չիմացող հայերին սովորեցրել է տարրական գիտելիքներ: Հետո արդեն տեղափոխվել է մեկ այլ բաժին, որտեղ հայ եւ ռուս գրքերի վերակազմման, հավաքագրման աշխատանքներ է կատարել: 2005թ. Հայ գրերի գյուտի 1700-ամյակի առթիվ հայագետ Ալիս Թեյլորի հետ ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրվել են Մատենադարանից բերված նյութեր: Ցուցահանդեսն անգլերեն լեզվով էր, որն օտար ազգերին հնարավորություն է տվել ծանոթանալ հայ մշակույթին: Տիկին Նոնայի վկայությամբ՝ շատերն էին մոտենում ցուցահանդեսի կազմակերպիչներին` իրենց զարմանքն ու հիացմունքն արտահայտելով իրենց համար նոր հայտնաբերած` հնամյա ազգի պատմության վերաբերյալ: Գլենդելի գրադարանում աշխատած տարիներին Նոնա Մանուկյանը ընթերցողների սոցիոլոգիական իր պատկերն է կազմել. «Ընթերցողները հիմնականում Հայաստանից գաղթած հայերն էին: Երիտասարդներն օգտվում էին գրադարանից հիմնականում դպրոցական պահանջներից ելնելով: Մնացյալը հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ էին: Սփյուռքում ես մեծ զարգացում եմ տեսնում, քանի որ դեռեւս 20 տարի առաջ ժամը 7 դոլարով աշխատող հայերն այսօր արդեն դպրոցներ, ռեստորաններ ու այլ սեփականություններ ունեն: Չնայած, որ Հայաստանից գաղթածները լավ կրթություն ունեն, օտար երկրներից եկած հայերն էլ օտար լեզուների են տիրապետում: Երբ 12-ամյա պարսկահայ մի աղջկա ռուսերեն էի սովորեցնում, ինքս զարմանում էի, թե ինչո՞ւ պարսկերեն, հայերեն, անգլերեն լեզուները իմանալով՝ հիմա էլ ռուսերեն է ուզում իմանալ: Նա պատասխանում էր, որ այդ լեզուն իրեն նույնպես անհրաժեշտ է, որպեսզի կարողանա իրավաբանությամբ զբաղվել բոլոր հաճախորդների հետ»: Ինքը` տիկին Նոնան անգլերեն սովորել է Գլենդելի հանրային քոլեջում, սակայն, ինչպես ինքն է վստահեցնում, իրականում լեզվին տիրապետում է աշխատանքի ընթացքում շփման միջոցով:

«Ես հայերեն էլ այնքան լավ չեմ խոսում»,- ժպտում է Նոնա Մանուկյանը եւ հիշեցնում, որ նախնիները Թբիլիսիից են, եւ ինքն էլ ռուսական կրթություն ունի, իսկ հայերեն սովորել է ԵՊՀ-ում` Մատենադարանում հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Ռուսական կրթությունն էլ խորհրդային տարիներից ունեցած քաղաքական հարուստ ժառանգության արդյունք էր: Մայրական պապի հետ մեկտեղ՝ հայրական կողմից էլ ճակատագիրը պակաս առատաձեռն չէր գտնվել. նրա մյուս պապն էլ Ռուբեն Դաշտոյանն էր` 1937 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը, որը գնդակահարվել էր: «Միշտ մայրս ասում էր՝ դու Ստեփան Շահումյանի թոռն ես, պետք է վզկապդ այսպես կապես, այսպես քայլես… Չնայած, որ մայրս կուսակցական չէր, ինչն էլ մեզ ժամանակին շատ է խանգարել: Հայրս Կերչի պատերազմում գերի ընկավ, որից հետո սկսեցին մեզ հալածել: Մայրս երկար ժամանակ չէր կարող աշխատել Երեւանում, ուղարկում էին տարբեր մարզեր: Բայց երբ Ստալինը մահացավ, բնակարան ստացանք, մայրս դարձավ գլխավոր բժիշկ, ամեն ինչ կարգավորվեց»: Պապերի քաղաքական անցյալն, անկախ իր կամքից, երբեմն՝ խանգարել, երբեմն էլ՝ օգնել է. «Երբ աշխատում էի Մատենադարանում, ինձ հրավիրեցին Ռումինիա: Ձեռքիս ունեի 200 ռուբլի, որ պահել էի այնտեղից որոշ իրեր գնելու համար: Սահմանում հարցրեցին` տարադրամ ունե՞մ: Ասացի` ոչ, ունեմ մեր սովետական դրամը: Նրանք չթողեցին այդ դրամը հետս տանել: Երբ վերադարձա, պարզվեց, որ մեծ խնդիր է ծագել: Ինձ կանչեցին Ոստիկանություն, հարցնում էին` որտեղի՞ց ինձ այդ գումարը, ինչո՞ւ էի հետս տանում Ռումինիա: Ես նստած արտասվում էի, չգիտեի` ի՞նչ անել: Հանկարծ մեկը մոտեցավ եւ ճանաչեց ինձ, հարցրեց, թե ինչո՞ւ եմ այդտեղ: Երբ պատմեցի` շատ զարմացավ, գնաց եւ ոստիկաններին ասաց, որ ես Ստեփան Շահումյանի թոռնիկն եմ, գիտնական եմ եւ ոչ մի առեւտուր չեմ կարող անել: Միայն այդ ժամանակ ինձ հանգիստ թողեցին»,- հիշում է տիկին Նոնան: Կուսակցական ժառանգությունը Շահումյանի եւ Դաշտոյանի թոռնուհին անտեսել է: Միայն մի անգամ ցանկացել է մտնել Կոմունիստական կուսակցության շարքերը, սակայն քեռին կանգնեցրել է. «Քեռուս, որ այդ ժամանակ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիրն էր, հայտնեցի, որ մտադիր եմ կոմունիստ դառնալ, եւ, որ ինձ անհրաժեշտ է իր երաշխավորագիրը: Նա երկար զրուցեց ինձ հետ, հարցրեց, թե արդյոք գիտե՞մ` ուր են իմ նախնիների գերեզմանները: Ասաց, որ դրանք գոյություն չունեն տիրող կարգերի ձեռքով: Ես ապշած հարցրեցի՝ իսկ այդ դեպքում դու ինչո՞ւ ես նրանց շարքերում: Պատասխանեց, որ այդպես է վարվել գոյությունը շարունակելու համար: Քեռիս, փաստորեն, ինձ օգնեց ճիշտ որոշում կայացնել»:

Մի քանի ամիս առաջ վթարի հետեւանքով վիրավորվելով` տիկին Նոնան այլեւս գրադարանում չի աշխատում: Սակայն միշտ զբաղմունք գտնում է: Այսօր նա ընդգրկված է «Հայ հին նվագարաններ» նախագծում, որի շրջանակում պետք է ֆիլմ նկարահանվի եւ գիրք հրատարակվի: Նա հին ձեռագրերից եւ ալբոմներից նվագարանների վերաբերյալ ծաղկաքաղ է անում: Վերջերս ռեժիսոր Վահե Շահվերդյանն էր նրան հյուրընկալվել եւ վերցրել Սայաթ-Նովայի 300-ամյակի առթիվ իր պատրաստած հաղորդման նյութերը` Հայաստանում նույն թեմայով բեմադրություն պատրաստելու համար:

Այսօր տիկին Նոնան ԱՄՆ-ում իր ընտանիքի հետ է: Որդին նկարիչ է, դուստրը ժամանակին Մայր թատրոնի դերասանուհի էր: Իսկ տիկին Նոնան չինական ազնվական իր շնիկին քնքշորեն շոյելով, թերթում է տարիներով կուտակված լուսանկարների ալբոմը եւ երբեմն-երբեմն կանգ առնելով հետաքրքիր նկարի վրա՝ ծիծաղում է. «Տես, սա էլ ես եմ Բրեժնեւի հետ: Շշմելու բան է»:

Գլենդել-Երեւան