Սրանից մի քանի օր առաջ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հրապարակել էր ոմն Նորման Սթոունի խոսքերը, թե ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Իսկ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի խոստումները, որ ընտրվելու դեպքում կճանաչեն Ցեղասպանությունը, այս անձնավորությունը համարել էր քաղաքական անփորձություն։ Այս ամենին չէինք անդրադառնա, եթե նույն մարդը եւս մեկ անգամ չհայտնվեր «Թրենդիի» կայքէջում եւ ՀՀ-ն չհամեմատեր
19-րդ դարի Պարագվայի հետ։ «Պարագվայում դիկտատոր Լոպեսի իշխանության ժամանակ այդ երկիրը բազմաթիվ հարձակումներ է գործել հարեւանների՝ Բրազիլիայի, Բոլիվիայի եւ Արգենտինայի վրա, եւ բոլոր դեպքերում պարտություն է կրել՝ կորցնելով իր բնակչության 90 տոկոսին։ Նույնը սպասում է Հայաստանին»,- ասել է Սթոունը, ում ադրբեջանական ԶԼՄ-ն ներկայացնում է՝ որպես «Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի օգնական»։ Նա ադրբեջանական եւ թուրքական սփյուռքին խորհուրդ է տվել օրինակ վերցնել հայերից՝ սովորել աշխատել եւ ճիշտ ծախսել իրենց ֆինանսները։ «Ի տարբերություն ադրբեջանցիների եւ թուրքերի, հայկական սփյուռքը կարողանում է ճիշտ բաշխել ռեսուրսներն ու անամոթաբար ստել»,- ասել է Սթոունը։ Նա նաեւ հավաստիացրել է, որ Անգլիայի շատ գիտնականներ չեն ընդունում ցեղասպանության փաստը. «Եվրոպայում կան ինձ նման գիտնականներ, որոնք գիտեն ճշմարտությունը՝ ցեղասպանություն չի եղել»։ Մեզ բնականաբար հետաքրքրեց՝ ո՞վ է այս մարդը, որ այսքան մեծ ատելությամբ է լցված հայերի նկատմամբ։ Պարզվում է՝ Շոտլանդիայում ծնված այս գիտնականն արդեն երկար տարիներ աշխատում է Թուրքիայում, ղեկավարում է Անկարայի Բիլքենթի համալսարանի ռուս-թուրքական կենտրոնն ու, ինչպես ինքն է ասում, շատ է սիրում թուրք ժողովրդին։ Սակայն նման ցինիկ հայտարարություններ անելու պատճառը ոչ միայն այս մարդու «թրքասիրությունն» է, այլ է էժանագին հեղինակություն ձեռք բերելու անհագ ցանկությունը, որը նրա բնավորության գծերից մեկն է։ Անգլիական «The Independent» թերթը նրան անվանում է՝ «թշնամի ստեղծող» (enemy maker)։ Ի դեպ, նույն թերթի հավաստմամբ, Անգլիայում նրան համարում են թեթեւքաշային գիտնական։ Եվս մի հետաքրքիր փաստ. երբ Սթոունը աշխատանքի է անցել Օքսֆորդի համալսարանում՝ որպես ժամանակակից պատմության պրոֆեսոր, համալսարանի ղեկավարներից մեկը՝ սըր Էդվարդ Հիթն, ասել է. «Օքսֆորդի ուսանողների ծնողները պետք է վախի եւ զզվանքի զգացում ապրեն, որ իրենց երեխաների բարձրագույն կրթությունը գտնվում է նման մարդու ձեռքում»։