Խոստանում է պատմել

30/01/2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե իր «ամենամեծ սխալը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան հրավիրելն է», ասել է. «Նա ինձ ոչ միայն հրավիրել է, այլեւ խնդրել է Հայաստան գալ: Եվ երեւի կգա ժամանակը, եւ ավելի մանրամասն կպատմեմ` ինչպես է դա կատարվել: Իր անձնական ճակատագրի համար նա, իհարկե, սխալվել է: Իսկ Հայաստանի Հանրապետության զարգացման համար, անկասկած, ճիշտ քայլ է արել, իր եզակի ճիշտ քայլերից մեկը»: Հարցին էլ, թե ինչպես է վերաբերվում Լ. Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե պատրաստվել են բանտախցեր` ընտրություններից հետո «հայտնի է, թե ում այնտեղ ուղարկելու համար», Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Երբ նման հայտարարությունները հնչեցվում են մարդու կողմից, ով, համենայնդեպս, այս պահին չի ներշնչում ոչ հավատ, ոչ վախ, ուղղակի զավեշտալի վիճակ է ստեղծվում: Բացի այդ` երբեք չէի մտածում, որ ՀՀ առաջին նախագահը կարող է այդ աստիճանի ինքն իրեն արժեզրկել: Կարծում եմ` ընտրությունների արդյունքներով նա ընդհանրապես խորը հիասթափություն է ապրելու, բայց նպատակ չունենք ընտրություններից հետո որեւէ մեկին հետապնդել, հատկապես պատժել նրան եւ իր բարեկամներին»: