Կիսվող եւ չկիսվող ձայներ

30/01/2008

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իհարկե, թեկնածուների վարկանիշային վերադասավորումներ կլինեն: Սակայն քարոզարշավի համար նախատեսված միամսյակը շատ քիչ ժամանակ է` ընտրազանգվածի` այս կամ այն թեկնածուի նկատմամբ կողմնորոշման մեջ արմատական փոփոխություններ կատարելու համար: Առավել եւս, որ քարոզչական արդյունավետ քայլեր եւ հակաքայլեր կան բոլոր թեկնածուների զինանոցներում: Բոլոր թեկնածուներն էլ միմյանց հիշեցնելու բաներ ունեն, դե, իսկ թեկնածուի ոտքերի տակ ոչխար մորթելն էլ վաղուց օգտագործված եւ իր դերը կատարած հնարք է: Դա այն հնարքն էր, որն աշխատեց միայն Կարեն Դեմիրճյանի օրոք, որը նույնիսկ հնարք չէր, այլ ժողովրդի կողմից անկեղծ պոռթկում էր: Քարոզարշավային հնարքները չեն կարող կտրուկ փոփոխություն մտցնել մարդկանց գիտակցության մեջ: Քաղաքական իմիջը ոչ թե մեկ կամ հինգ ամսում են կայացնում, այլ տարիների ընթացքում` նախորդ ընտրությունների հաջորդ իսկ օրվանից: Ինչպիսի՞ն կլինի ՀՀ նախագահական ընտրությունների պատկերը Երեւանում եւ մարզերում: Սովորաբար մարզերում ընտրողների ձայների մեծամասնությունն իշխանական թեկնածուի կողմն է լինում (հիշենք անկախությունից ի վեր ՀՀ բոլոր ընտրությունները), իսկ մայրաքաղաքի բնակչության ձայները սովորաբար կիսվում են ընդդիմադիր եւ իշխանական թեկնածուների միջեւ: