Շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Էրեբունի եւ Կենտրոն համայնքների բնակիչների հետ:
Կիրակի օրը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողներին առաջարկեց մտածել, թե ո՞վ կարող է ժողովրդին առաջնորդել դեպի «հպարտ Հայաստան»: «Մի՞թե այն մարդիկ, ովքեր փորձության պահին մատնում են իրենց ընկերներին, լքում են նրանց, ովքեր արհավիրքի պահին մտնում են իրենց մայրերի փեշի տակ կամ պատսպարվում տաքուկ բնակարաններում, թե՞ այն մարդիկ, ովքեր գնում են հայրենիք պաշտպանելու: Այն մա՞րդը, ով պատրաստ է իր պաշտոնի համար վաճառել սեփական երկրի մի մասը, թե՞ այն մարդը, ով պատրաստ է արժանապատիվ խաղաղության: Մեր ժողովուրդն անցել է դարերի փորձությունների միջով: Ուժեղ, հպարտ պետություն կարող է կառուցել ուժեղ ժողովուրդը: Մենք ուժեղ ժողովուրդ ենք: Հիշեք պատմությունը, երբ տարածքով ու թվաքանակով ավելի մեծ լինելուն խանգարել էր այն, որ եղել են անհատներ, ովքեր այլ պետություններին առաջարկել են գրավել Հայաստանը` իրենց կարգելով թագավոր: Ուժեղ, հպարտ պետություն կարող ենք կառուցել` միավորելով աշխարհի ցանկացած ծայրում ծնված հայերի ջանքերը: Իսկ թեկնածուներից ոմանք մեկ իրենց նետում են Ռուսաստանի գիրկը, մեկ` Միացյալ Նահանգների, մեկ դառնում են արեւմտամետ, մեկ` իրանամետ: Իսկ ի՞նչ պետք է լինի մեր այն հայրենակիցների վիճակը, ովքեր ապրում են այդ երկրներում: Մտածե՞լ են արդյոք նրանք, թե՞ սեփական հավակնություններին հագուրդ տալու համար են իրենց դեսուդեն նետում»,- առանց կոնկրետ անուններ նշելու՝ ասաց Ս. Սարգսյանը, թեեւ բոլորի համար էլ հասկանալի էր, որ խոսքը ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է: Անդրադառնալով «հպարտ Հայաստան» կառուցելու իր ծրագրին, Ս. Սարգսյանն ասաց. «Ես առաջարկում եմ բարեկեցիկ, պաշտպանված Հայաստանի տեսլականը, առաջարկում եմ կառուցել մի երկիր, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն զարգանալու, տարեցներն ունեն ապահովված կյանք: Սասուnցի Դավթի արձանի մոտ առաջարկում եմ, որ մենք հիմք դնենք հպարտ Հայաստանի, հպարտ, բայց ոչ մեծամիտ, հպարտ, բայց ոչ ուրիշներին վերեւից նայող, հպարտ, բայց ոչ հավակնոտ, հպարտ, բայց ոչ ագրեսիվ… Դուք ձեր ներկայությամբ խուճապի եք մատնում, ապացուցում եք ոմանց, որ նրանք մեր ժողովրդի գաղափարների արտահայտողը չեն: Մի քանի օրից ընտրություն կատարելով` պետք է ընտրել մեկ մարդու, իսկ դա նշանակում է նաեւ` նրա ծրագիրը, նրա առաջարկած ճանապարհը: Մենք ապրելու ենք այն միջավայրում, որն առաջարկում է այդ մարդը, շարունակելու ենք մեր կյանքն այն հասարակության մեջ, որն այդ մարդն է առաջարկում, ուստի մենք պարտավոր ենք համեմատել այդ մարդկանց, նրանց ծրագրերը: Իմ ծրագրի մեխը, հենքը համայն հայության ներուժի բացահայտումն ու օգտագործումն է: Մնացած թեկնածուներից ոմանք մեզ բաժանում են հայաստանցու եւ ղարաբաղցու, երեւանցու եւ գավառցու, բաքվեցու եւ կիրովաբադցու, եւ այսպես շարունակ: Այո, մեզնից յուրաքանչյուրը ծնվել է մի տեղ, իր փոքր հայրենիքում, եւ նորմալ մարդը պարտավոր է հպարտանալ իր փոքր հայրենիքով ու ծառայել մեծ հայրենիքին` Հայաստանին: Հայաստանի հասարակությունը, ինչպես բոլոր հասարակությունները, բաղկացած են տարբեր խավերից, եւ խնդիրն այդ խավերի մեջ հակադրություն ստեղծելը չէ, այլ` միասնության մթնոլորտի սերմանումը»:
Ըստ Ս. Սարգսյանի, իր` Ներքին գործերի եւ Ազգային Անվտանգության նախարար աշխատած տարիներին` 1996-1999թթ., դատարանի առաջ կանգնում էին իրենց մասնագիտական գործունեության մեջ թերացած նախարարներ, դատավորներ, ոստիկաններ, դատախազներ: «Այսուհետ էլ` արդարության համար, կոռուպցիայի դեմ պայքարն այդպես շարունակվելու է, եւ հաղթահարվելու է աղքատությունը: Վստահ եմ, մի քանի տարի անց բոլորովին այլ Հայաստան ենք ունենալու, եւ կոչ եմ անում լինել իրատես` գնահատելով այն թեկնածուների վարքագիծը, ովքեր ի հակադրություն իմ առաջարկած` 2012թ. երկու անգամ ավելի լավ ապրելու տեսլականի, խոստանում են չորս անգամ ավելի լավ կյանք: Մենք կարգավորելու ենք պետության լծակները` դրանք ճիշտ օգտագործելով»,- հակադարձելով մյուս թեկնածուների հայտարարություններին, ասաց Ս. Սարգսյանը:
Նույն օրը Նուբարաշեն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ էլ Ս. Սարգսյանն, արդեն որպես վարչապետ՝ խոստացավ, որ համայնքում կառուցված մշակույթի նոր տունն առաջիկայում կշահագործվի, եւ մշակութային օջախների աշխատակիցների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա: «Մենք շատ լուրջ նախադրյալներ ունենք կառուցելու բարեկեցիկ Հայաստան: Նվազագույնը երկու անգամ կրկնապատկելու ենք մեր համախառն ներքին արդյունքը, պետական բյուջեն, 2012թ. հասնելու ենք մեկ շնչին բաժին ընկնող 7000 դոլար ՀՆԱ-ի»,- խոստացավ Ս. Սարգսյանը:
Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում: Պատասխանելով բնակիչների` որոշ թեկնածուների կողմից տարվող ոչ հավասարակշռված քարոզարշավի վերաբերյալ հարցին, Ս. Սարգսյանը նշեց. «Իրոք, կան թեկնածուներ, ովքեր իրենց պահում են ոչ կոռեկտ, միջոցների մեջ խտրականություն չեն դնում, սակայն ատելությանն՝ ատելությամբ, չարությանը` չարությամբ պատասխանել պետք չէ: Փետրվարի 19-ից հետո լինելու է նաեւ փետրվարի 20, եւ մենք իրավունք չունենք մասնատելու մեր հասարակությանը: Որպեսզի նախընտրական մթնոլորտն էլ ավելի չլարվի, ես բոլորին կոչ եմ անում հանդարտության, համեստության, բայց ընտրություններից հետո պետք է պատասխան տան այն մարդիկ, ովքեր զազրախոսում են: Այդ մարդիկ պետք է հրապարակավ ասեն, որ սխալվել են, եւ ներողություն խնդրեն»: