ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մինչ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կարեւորել էր եւ իր համաձայնությունն էր տվել ընտրությունների թափանցիկության համար «էքզիտ պոլի» անցկացմանը: «Էքզիտ պոլը» նախագահական ընտրությունների թափանցիկությունը վերահսկող մեթոդ է, որը լայն կիրառում ունի ԱՄՆ-ում: «Մենք համարում էինք, որ «էքզիտ պոլ» անցկացնելու գաղափարը լավն է, դրան համամիտ էր նաեւ Հայաստանի վարչապետը: Սակայն մենք չկարողացանք ժամանակին լուծել տեխնիկական ու մեթոդոլոգիական ասպեկտները»,- օրերս «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է Ջ. Փենինգտոնը` պարզաբանելով «էքզիտ պոլ» նախագիծը չեղյալ հայտարարելու մասին որոշումը: Ամերիկացի դիվանագետի խոսքերով` ենթադրվում էր, որ «էքզիտ պոլ» անցկացնելը օգտակար միջոց կդառնա ընտրական գործընթացի թափանցիկությունը ապահովելու գործում, բայցեւ դրա անցկացումն ամենակարեւոր գործոնը չէ: Նախընտրական քարոզարշավի թափանցիկությունը կարելի է պարզել նաեւ առանց «էքզիտ պոլի»: «Մենք կարծում էինք, որ «էքզիտ պոլի» անցկացումը եւս մի կարեւոր միջոց կլինի ընտրությունները բարելավելու համար, նաեւ հնարավորություն կտար տվյալներ հավաքել, թե ինչո՞ւ են քաղաքացիներն այս կամ այն կերպ քվեարկել, ո՞վ` ինչպե՞ս է քվեարկել, ինչը նույնպես օգտակար կլիներ հետընտրական ժամանակահատվածի համար»,- նշել է դիվանագետը: Ըստ Ջ. Փենինգտոնի` իրեն հայտնի է դարձել, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ դեմ էին արտահայտվում «էքզիտ պոլի» անցկացմանը: Փենինգտոնը նաեւ հավելել է, որ ընդդիմության քննադատությունը չէ, որ որոշիչ է դարձել նախագծի իրականացումը դադարեցնելու հարցում: «Այդ որոշման վրա ազդել են միմիայն տեխնիկական խնդիրները եւ դրանք ժամանակին լուծել չկարողանալը»,- նկատել է դիվանագետը: