Պետական ապարատի ծախսերը

30/01/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն առայժմ ավելի շատ նախընտրում է դահլիճային հանդիպումները:

Մարզային մի քանի այցերից հետո նախագահի թեկնածուն երեկ հերթական անգամ «Անի-Պլազա» հյուրանոցում հանդիպեց ընտրողների հետ: Այս անգամ հանդիպման էին եկել մոտ 150-200՝ Հայրենական պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Նրանք հիմնականում կուսակցական ակտիվիստներ էին: Հանդիպման սկզբում Արթուր Բաղդասարյանը խոսեց զինված ուժերում տիրող բարքերի մասին, քննադատեց վարվող քաղաքականությունը: Խոսեց բանակում տիրող արատավոր երեւույթների, նաեւ՝ այն մասին, որ հաճախ ծնողները ստիպված են լինում բանակում ծառայող իրենց որդու համար սնունդ, փող, հագուստ ու կոշիկ ուղարկել, որ եթե ընտանիքից մեկը ծառայում է բանակում, դա մեծ հոգս ու անհանգստություն է բերում այդ ընտանիքին, որ կոռուպցիան այդ համակարգում էլ է արմատավորվել, եւ այլն: Այս խնդիրները լուծելու համար Ա. Բաղդասարյանն առաջարկում է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի: Ըստ նրա, զուգահեռ պետք է բոլոր բուհերում վերաբացել ռազմական ամբիոնները: Այնուհետեւ նա անդրադարձավ Հայրենական պատերազմի վետերանների խնդիրներին: ՕԵԿ ղեկավարի փոխանցմամբ՝ 5 տարի առաջ մեր երկրում ապրում էր 2-րդ աշխարհամարտի մասնակից մոտ 12 հազար վետերան, իսկ այսօր այդ թիվն արդեն դարձել է 6,5 հազար: Ըստ նրա, այստեղ լուրջ դեր է խաղում նաեւ այդ խավի համար առողջապահական ծառայությունների ոչ մատչելի լինելը: Նախագահի թեկնածուն խոստացավ, որ իր ընտրվելու դեպքում այդ 6,5 հազար վետերանները կստանան ամսական 70-80 հազար դրամ պատվովճար: Սա, ըստ բանախոսի, պետությունից չնչին միջոցներ է պահանջում: Նրա դիտարկմամբ՝ այսօր Երեւանի կենտրոնում 1 քառակուսի մետր հողատարածքն արժե 1500-2000 դոլար, սակայն վաճառվում է 15-20 դոլարով: Ա. Բաղդասարյանը գտնում է, որ, օրինակ, կարելի է կենտրոնում մի 5000 քառակուսի մետր հողատարածք վաճառել նշված 1500-2000 դոլարով եւ դրանով լուծել վերը նշված 70-80 հազար դրամի պատվովճարի խնդիրը: Նա մի այլ առաջարկ էլ ունի: Ըստ այդմ, պետք է վերականգնվեն վետերաններին եւ ազատամարտիկներին ժամանակին տրվող արտոնությունները: Ավելին՝ Ա. Բաղդասարյանը խոստանում է, որ իր ընտրվելու դեպքում պետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների հաշվին կփոխհատուցվեն զոհված ազատամարտիկների ընտանիքների բոլոր կոմունալ ծախսերը: Ըստ նրա, այստեղ եւս խոսքը չնչին գումարների մասին է: «Եթե պետությունն ազատամարտիկների, զոհվածների ընտանիքներին արտոնություններ չի տալիս, բա ո՞ւմ է տալիս»,- հարցրեց թեկնածուն: Վերջինս նշեց, թե Հայաստանի բյուջեի ծախսային մասում բավականին անկարեւոր բաների համար զգալի գումարներ են հատկացված, օրինակ՝ 170 միլիոն դրամի նոր անձնագրերի տպագրում, մոտ 230 միլիոն դրամի պետհամարանիշերի տպագրում եւ այլն: ՕԵԿ նախագահը խոստանում է նաեւ կրճատել պետական ապարատի ծախսերը: «Հայաստանում կառավարությունը պետք է անցնի դիետայի, ոչ թե ժողովուրդը»,- նկատեց նա: Երեկ Ա. Բաղդասարյանը նշեց նաեւ, որ իրենք կողմնակից են պատգամավորների թվի նվազեցմանը՝ 131-ի փոխարեն 101-ն էլ բավական է: Վերջում թեկնածուն պատասխանեց ներկաների հարցերին: Սակայն դրանք ավելի շատ ոչ թե հարցեր էին, այլ սեփական խնդիրների թվարկում. թոշակները քիչ են, ուշացնում են, Կադաստրը թուղթ չի տալիս, պատերազմի վետերանների հանգիստը պետությունը չի ապահովում, ազատամարտիկին միայն համապատասխան վկայական են տվել, ու վերջ, ավանդները չեն տալիս, մեկի կինն արդեն մահացել է, մյուսը՝ պատերազմում մի քանի անգամ «կանտուզիա» է ստացել, բայց պետությունն իրենով չի հետաքրքրվում, եւ այսպես շարունակ: Ա. Բաղդասարյանն էլ խոստանում էր՝ ընտրվելու դեպքում բոլոր հարցերը կարգավորել: Իսկ ներկա ծերունիներից մեկն էլ ՕԵԿ նախագահից հետաքրքրվեց, թե նա «աստվածապա՞շտ է»: «Այո»,- եղավ պատասխանը: «Սուրբ հոգուն հավատո՞ւմ եք»,- շարունակեց ծերունին: «Ես հավատում եմ Աստծուն»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Որքան հնարավոր եղավ հասկանալ, ծերունին այդկերպ փորձում էր հիմնավորել, որ պետք է «ազատվել չարքերից», վանել այդ «չարքերին», ու ամեն բան լավ կլինի: Վերջում բոլոր ներկաները համաձայնեցին, որ իրենց խնդիրներին լուծում տալու եւ չարքերին վանելու համար պետք է ընտրել Ա. Բաղդասարյանին: