«Կլինի երկրորդ փուլ»

30/01/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները երկու փուլ կունենան: Բայց եթե համատարած հիասթափության պատճառով ընտրողները չուզենան պայքարել, իշխանությունները կփորձեն առաջին փուլով հաղթել: «Այս պայմաններում, բնական է, որ պետք է լինի երկրորդ փուլ: Չպետք է նաեւ կոչ անել, որ մեկ փուլով հնարավոր կլինի իշխանության թեկնածուին հաղթել, դա բլեֆ է եւ դեմ է մաթեմատիկական բոլոր հաշվարկներին: Միեւնույն է, երկրորդ փուլ լինելու է: Ե՞րբ է եղել առաջին փուլով: 2003թ. Ռոբերտ Քոչարյանն ուզեց մեկ փուլ, ժողովուրդն ընդվզեց, անցան երկրորդ փուլի: 1998թ. նույնպես եղավ երկրորդ փուլ: 1996թ. հաջողվեց առաջին փուլով, բայց ի՞նչ գնով: Բրոնետեխնիկայի միջոցով հաջողվեց: Եթե երկրորդ փուլ լիներ, խնդիր չկար լուծելու: 1991-ին էլի մեկ փուլով է հաջողվել, բայց դա շատ բնական փուլ էր: Հաղթել էր շարժումը, պետք է հաղթեր շարժման թեկնածուն: Պարույր Հայրիկյանը եւ Դաշնակցության թեկնածուն շարժման թեկնածուին այլընտրանք համարվել չէին կարող: Այս տեսակետից ես կարծում եմ, որ այս անգամ երկրորդ փուլը բնական է»,- երեկ «Փաստարկ» ակումբում ասաց Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ Վ. Մանուկյանը բազմիցս հայտարարել է, որ եթե երկրորդ փուլ դուրս գան Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրանցից ոչ մեկին ինքը չի պաշտպանի: Ավելի վաղ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ երկրորդ փուլի դեպքում «Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտպանելու է ընդդիմադիր թեկնածուին: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն էլ հայտարարել էր, որ եթե Ս. Սարգսյանի հետ երկրորդ փուլ դուրս գա Վազգեն Մանուկյանը, ապա ՀՀՇ-ն կպաշտպանի ԱԺՄ թեկնածուին: «Մեզ մոտ շատ հստակ է, թե ում չենք պաշտպանելու: Իշխանություններին ոչ մի ձեւ չենք պաշտպանելու: Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան դիլեմա լինի: Ես անձամբ այս երկուսից ոչ մեկին չեմ պաշտպանի, որովհետեւ նրանք տարբեր ձեւաչափերով նույն բանն են: Կրթական ցենզի տարբերությունը բացարձակապես կապ չունի տվյալ հարցի հետ: Մնացածների դեպքում քննարկելու բան կա, բայց նրանք, ովքեր ունեն մեծ հնարավորություն, մեծ մասին մենք կողմ կլինենք»,- ասաց Վ. Մանուկյանը: Եթե երկրորդ փուլ դուրս գան Արթուր Բաղդասարյանը կամ Վահան Հովհաննիսյանը, Վ. Մանուկյանը նրանց երկուսին էլ կարող է պաշտպանել: Հիշեցնենք, որ ընդդիմադիր բոլոր գործիչները համոզված են, որ 2005թ. սահմանադրության փոփոխության հանրաքվեն անցավ զանգվածային կեղծիքների շնորհիվ: Այդ ժամանակ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, թե հանրաքվեի հիմնական կեղծողները ՕԵԿ անդամներն էին: Հանրաքվեն եւ ընդհանրապես բոլոր ընտրությունները հատկապես Երեւանում անցկացվում են դպրոցներում: Ընտրական հանձնաժողովների նախագահները մեծամասամբ նույն դպրոցների տնօրեններն էին: Հանրաքվեի ժամանակ ՀՀ Կրթության եւ գիտության (ԿԳ) նախարարը ՕԵԿ անդամ Սերգո Երիցյանն էր, եւ գաղտնիք չէ, որ նա դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների մեծ մասին բերել էր իր կուսակցություն: Հանրաքվեից անմիջապես հետո խոսակցություն էր շրջանառվում, թե հանրաքվեն կեղծեց «Օրինաց երկիր» կուսակցությունն իր անդամներով՝ տնօրեններով ու ուսուցիչներով: Բացի այդ, ԿԳ նախարարությունը տարիներ շարունակ ղեկավարել է ՕԵԿ-ական թեկնածուն, եւ այդ ընթացքում այդ ոլորտում կոռուպցիան ու կաշառակերությունը երբեք չեն նվազել: Նույնը վերաբերում է նաեւ Դաշնակցությանը: Այս կուսակցության ներկայացուցիչը նույնպես երկար տարիներ ղեկավարել է ԿԳ համակարգը: Դաշնակցությանն է բաժին հասել նաեւ առողջապահության ոլորտը: Կրթության եւ գիտության ու Առողջապահության նախարարությունները համակարգում են հանրության հետ ամենասերտ կապ ունեցող ոլորտները եւ մշտապես համարվել են գերկոռումպացված: Կրթության եւ առողջապահության ցանկացած սպառող կարող է վկայել, որ այս բոլոր տարիներին այս երկու ոլորտներում կոռուպցիան ու կաշառակերությունը ոչ միայն չեն նվազել, այլ՝ ավելի են արմատացել: Այս հանգամանքը չի՞ խանգարում արդյոք Վ. Մանուկյանին՝ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու Արթուր Բաղդասարյանին կամ Վահան Հովհաննիսյանին: «Ես այդ ժամանակ նրանց համեմատում եմ Սերժ Սարգսյանի հետ»,- պատասխանեց Վ. Մանուկյանը: Վ. Մանուկյանը անդրադարձավ նաեւ իր քարոզչությանը: Ինչպես հայտնի է, ԱժՄ թեկնածուն ընտրողների հետ մարզերում հանդիպելու կգնա միայն քարոզարշավի վերջին 10 օրերին: Մինչ այդ լրագրողների եւ հասարակության տարբեր խմբերի հետ հանդիպում է փոքր դահլիճներում: Չկան նաեւ պարոն Մանուկյանի թեկնածությունը գովազդող պաստառներ: «Անկեղծ ասած, այդ պաստառներին մեծ նշանակություն չեմ էլ տալիս: Մի հայտնի պատմություն կա՝ Ստալինը նոյեմբերի 7-ի պարադն ընդունելու ժամանակ, որ անընդհատ իր պատկերն էին տանում, այսպես է ասել՝ «Պոչեմու տո յա էտոգո չելովեկա ստալ նենավիդետ»: Այնպես որ, դեմոկրատիա կառուցելու համար Ստալինից կարելի է օրինակ վերցնել: Իսկապես, եթե այդքան շատ են ցույց տալիս, հակառակ էֆեկտն է տալիս»,- կարծում է Վ. Մանուկյանը: Երեկ Հայաստանի բանակի 16-րդ տարեդարձի օրն էր: Եվ Վ. Մանուկյանը լրագրողներին պատմեց, թե կազմավորման եւ զարգացման ի՞նչ փուլերով է անցել հայոց բանակը: Հիշեցնենք, որ պարոն Մանուկյանը 1992թ. եղել է ՀՀ Պաշտպանության նախարարը: Նա պատմեց, թե երկրապահների ջոկատներից ինչպես կազմավորվեց հայոց բանակը, եւ ինչպես որոշ ջոկատների միայն ուժով է հնարավոր եղել ենթարկել պետությանը: Նախկին պաշտպանության նախարարի կարծիքով՝ առայժմ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ հզոր ու մարտունակ բանակ: Սակայն նա կարծում է, որ պարտադիր զինծառայության ժամկետը պետք է 2-ից հասցնել 1,5, հետո` 1 տարվա: Դրան զուգահեռ՝ պետք է ունենալ նաեւ պրոֆեսիոնալ բանակ: Միաժամանակ Վ. Մանուկյանը չի կարծում, թե երկրի անվտանգությունը կարելի է ապահովել միայն հզոր ու մարտունակ բանակով: Անվտանգության ապահովությունը պարոն Մանուկյանը կապում է նաեւ քաղաքացիական ոլորտի խնդիրների համալիր լուծման եւ տնտեսության մրցունակության բարձրացման հետ: Վ. Մանուկյանն ասում է, որ 1990-ական թվականներին տարածաշրջանում Վրաստանն ընդհանրապես բանակ չուներ, իսկ Ադրբեջանի բանակին մենք հաղթեցինք պատերազմում: ԱԺՄ թեկնածուի կարծիքով՝ այսօր էլ մեր բանակը Ադրբեջանի բանակից ավելի ուժեղ է, սակայն զարգացման տեմպերը մտահոգիչ են: