Սննդամթերքը Արցախ է ներկրվում հիմնականում Հայաստանից: Բնականաբար,
սննդամթերքի գները Հայաստանում ու Արցախում տարբերվում են, ինչն էլ
հնարավորություն է տալիս զբաղվել բիզնեսով, ավելի կոնկրետ՝ վերավաճառքով:
Վերավաճառողները Հայաստանից ներկրում են ոչ միայն միրգ ու բանջարեղեն,
այլեւ տարբեր տեսակի սննդամթերք՝ կաթնամթերք, մսամթերք, հրուշակեղեն,
խմիչքներ եւ նույնիսկ կանաչի: Ստեփանակերտի շուկայի աշխատողներն ապրանք են
գնում ոչ միայն Հայաստանից, այլեւ Ղարաբաղի շրջաններից: Նրանց խոսքերով,
Արցախ չի ներմուծվում միս ու ցորեն, դրանք նույնիսկ արտահանվում են,
ինչպես նաեւ՝ ալկոհոլային ու ոգելից խմիչքներ, պահածոներ: Նշենք, որ
Արցախում առքուվաճառքով զբաղվում են եւ՛ ղարաբաղցիներ, եւ՛ Երեւանի
բնակիչներ:
Ստեփանակերտցիները հետպատերազմյան առաջին տարիներին բավարարվում էին
սեփական արտադրության սննդամթերքով, որը մայրաքաղաք էր բերվում
հիմնականում հանրապետության շրջաններից: Տարեցտարի, մյուս ոլորտներին
զուգահեռ, զարգացում ապրեց նաեւ առեւտրի ոլորտը. աստիճանաբար բացվեցին ու
վերականգնվեցին մի շարք սննդամթերքի ձեռնարկություններ: Ղարաբաղում
գործում են մի շարք խոշոր ձեռնարկություններ. ալկոհոլային խմիչքների
արտադրությամբ հիմնականում զբաղվում են «Արցախ Ալկո» եւ «Ղարաբաղ Գոլդ»,
կաթնամթերքի արտադրությամբ` «Արվարդ», «Ստեփանակերտ-կաթ», «Առաջնեկ»,
մակարոնեղենի` «Շիշմանյան», պահածոների` «Ենգիբարյան», «Արջ»
ընկերությունները: Թռչնարտադրությամբ այստեղ զբաղվում է «Լուսակերտ»
ընկերությունը: Արտադրվում են նաեւ հրուշակեղեն, ոգելից խմիչքներ, ալյուր
եւ այլն:
Ստեփանակերտցի Արտիկ Մարտիրոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի
շուկաներից գնում է բանջարեղեն ու մրգեր` Ստեփանակերտում վաճառելու համար:
Նրա խոսքերով, գործը միշտ չէ ձեռնտու լինում, ու նաեւ շատ է չարչարվում:
Բայցեւ, դա միակ միջոցն է` օրվա հացը վաստակելու համար: Արտիկի նման
երիտասարդներ Ղարաբաղում շատ կան, եւ նրանց շնորհիվ է, որ Ստեփանակերտի
շուկաներում հնարավոր է ընտրել ուզածդ ապրանքը, իհարկե՝ ոչ միշտ ցանկալի
գնով:
Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Սվետլանա Ավետիսյանի կարծիքով, ներկայումս
շատ թանկ են միսը եւ ձուկը. «Դրանք օգտագործում ենք ոչ հաճախակի»,- ասում
է Ս. Ավետիսյանը: Տեղեկության կարգով նշենք, որ խոզի միսն արժե 2000 դրամ,
տավարինը` 1300: Թոշակառու Արեւ Սարգսյանը նշում է, որ 9000 դրամ թոշակը
մի կերպ հերիքում է կոմունալ ծախսերին, հացի ու որոշ սննդամթերքի գնմանը:
«Դժբախտաբար, ես ինձ հազվագյուտ անգամ եմ կարող թույլ տալ միս կամ ձուկ
ուտել, առավելագույն դեպքում՝ ամիսը մեկ անգամ: Ցանկալի է, որ մսի գինը
ցածրանա»,- նշում է թոշակառուն:
Սեփականաշնորհման գործընթացին զուգահեռ՝ գյուղի բնակիչները սկսել են լուրջ
զբաղվել հողագործությամբ. նրանք ցանում են տարբեր տեսակի բանջարեղեն ու
մրգեր, որոնք ոչ միայն հերիքում են ընտանիքի անդամներին, այլեւ հնարավոր է
լինում դրանք վաճառել Ստեփանակերտի շուկաներում: Վերջերս աշխարհում շատ է
խոսվում սննդամթերքի էկոլոգիական մաքրության մասին: Եվ պատահական չէ, որ
ղարաբաղցիները նախընտրում են օգտագործել տեղական արտադրության սննդամթերք:
Ստեփանակերտցի Ալվինա Մարգարյանը գտնում է, որ շատերը գնում են սեփական
արտադրության սննդամթերք այն պարզ պատճառով, որ Ղարաբաղում եւ Հայաստանում
արտադրվող սննդամթերքը ոչ միայն էժան է, այլեւ էկոլոգիապես մաքուր, ինչը
գնահատվում է գնորդի կողմից: