Բլեֆ

30/01/2008 Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ

Նախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանն ի ցույց դնել իրենց առավել ուժեղ կողմերը:

Սերժ Սարգսյանի կողմնակիցները որպես փաստարկ նշում են բանակի կայացման, վերջին տարիների տնտեսական շոշափելի հաջողությունների, Ղարաբաղյան պատերազմում հասած հաջողությունների եւ մի շարք այլ գործոններ: Վազգեն Մանուկյանի կողմնակիցները` 1996թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակելու փաստն են հիշեցնում, եւ այն, թե ինչպես Տեր-Պետրոսյանի թիմը կեղծեց այն` վերջնականապես փշրելով մարդկանց հավատը: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր հերթին է շահարկում Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ ապահովելու եւ այնուհետ` զինադադար կնքելու փաստերը: Արթուր Բաղդասարյանը խաղարկում է իր` երիտասարդ լինելու խաղաթուղթը: Սակայն, բացի հանդիպումներում եւ հեռուստաելույթներում նշվող բացահայտ «պլյուսներից», կան թաքնված PR քայլեր, որոնք թեկնածուների շտաբները տարածում են մամուլի եւ ժողովրդի միջոցով: Այդպիսիների շարքից են, օրինակ, Արթուր Բաղդասարյանի իբր բարձր եվրոպական կապերը, Սերժ Սարգսյանի ադմինիստրատիվ ռեսուրսը, Վահան Հովհաննիսյանի նախագահական կապերը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից վերջին շրջանում անընդհատ ասպարեզ նետվող` նրա` ռուսաստանյան կապերի մասին լուրերը: Հենց այս թեզը հաստատելու համար են վերջիններս միշտ արտատպում ռուսաստանյան մամուլում տպագրվող հոդվածներն ու հարցազրույցները` հաստատելու համար հանրահավաքներում Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն մտքերը, թե նա միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Իհարկե, որոշ առումով նա ճիշտ է, սակայն բոլորին է հայտնի, որ 1990-ականների սկզբին ՀՀ եւ ՌԴ գրեթե հիմնովին խարխլված հարաբերությունների վերականգնողները եղել են ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական առանցքային մի քանի գործիչներ, բայց ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա կողմնակիցները, սակայն, մոռանում են, թե ՌԴ իշխանական եւ ընդդիմադիր մամուլն ինչպես էր արտահայտվում նրա մասին: Որպես ապացույց՝ կարող ենք որոշ հատվածներ մեջբերել 1996թ. ռուսական «Վլաստ» ամսագրում տպագրված «Տեր-Պետրոսյան` դիսիդենտից մինչեւ նախագահ» հոդվածից. «Ընդդիմության ներկայացուցիչները կրկին հայտարարեցին, որ քվեարկության իրական արդյունքները հիմք չեն տալիս գործող նախագահին համարել վերընտրված: Օրվա երկրորդ կեսին պառլամենտի շենքի մոտ, որտեղ ԿԸՀ անդամներն են նստում, հավաքվել էր ավելի քան 100 հազարանոց հանրահավաք: Նախագահական նստավայրը եւ պառլամենտի շենքը շրջապատված են ոստիկանության աշխատակիցներով: Կառավարական շենքերի առջեւ կանգնած են զրահապատ մեքենաներ, զինվորներ: …Սեպտեմբերի 26-ի գիշերը Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւան քաղաք զինված միավորումներ մտցնելու մասին հրաման է արձակել… Պաշտոնական տվյալներով 48 մարդ դիմել է բժշկական օգնություն ստանալու, 23-ը` տեղափոխվել են հիվանդանոց… Որոշ մարդիկ նշում են տնտեսական բարեփոխումներ իրականացնելու նրա հետեւողականությունն ու վճռականությունը, որի հետեւանքով բնակչությունը կունենա լույս, հաց եւ նույնիսկ կարագ` այդ հացի վրա: Իսկ մյուսները ժամանակի ընթացքում հասկացան, որ Տեր-Պետրոսյանը բլեֆ է անում, եւ մինչ ժողովուրդը համբերատար սպասում է իրենց մի կտոր հացին, նախագահի շրջապատը մեծ հաճույքով սեւ խավիար է ուտում եւ ման գալիս արտասահմանյան մակնիշի ճոխ ավտոմեքենաներով… Հասարակության մեջ, անշուշտ, մեծ հետաքրքրություն առաջացրեցին Տեր-Պետրոսյանների ընտանիքի քաղաքական նախասիրությունները բացահայտող մանրամասները: Հայրը կոմունիստ է (որդին, ինչպես հայտնի է, երդվյալ հակակոմունիստ է), իսկ մայրն անթաքույց համակրում է «Դաշնակցություն» կուսակցությանը, որը Հայաստանի քաղաքական թատերաբեմից արտաքսվել է նրա որդու կողմից: Նման «թունավոր» քաղաքական կոկտեյլը, սակայն, ոչ մի կերպ չի ազդել նախագահական ընտանիքում սիրո եւ համերաշխության վրա: Հայաստանի նախագահը խաղաղ համակեցության օրինակ է ոչ միայն քաղաքականության մեջ, այլեւ կրոնական հարցերում: Տեր-Պետրոսյանի հայրը կաթոլիկ է եղել, մայրը` Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ, իսկ նախագահի կնքահայրը պատկանում է Ավետարանչական եկեղեցուն: «Եթե այդ ամենը հանգիստ կարող է գոյակցել իմ մեջ, ինչո՞ւ դա չի կարող գոյություն ունենալ մեր ժողովրդի մեջ»,- այս առթիվ ասում է նախագահը»:

Տեր-Պետրոսյանին ռուսական մամուլը մեղադրում էր նաեւ այլ մեղքերի մեջ` Թուրքիային սիրաշահելու, 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու, արեւմտամետ քաղաքականություն վարելու մեջ, որը Հայաստանին հեռացնում է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամությունից: Մեղադրում էր նաեւ այն բանում, որ նա ընդհանրապես Հայաստանը տանում է դեպի արաբամուսուլմանական աշխարհը: … Տեր-Պետրոսյանին մեղադրում էին նաեւ երկրից մինչ այդ չտեսնված արտագաղթի համար, որը տարբեր տվյալներով կազմում էր 600.000-ից մինչեւ 1 մլն մարդ: Այս ամենը գրվել է 1996-ին, երբ ՀՀ եւ ՌԴ կապերը ոչ միայն վաղուց արդեն վերականգնվել էին, այլեւ համարվում էին շատ սերտ: Եվ եթե հաշվի առնենք, որ վերոնշյալ տողերը տպագրել է Կրեմլի գրեթե պաշտոնական պարբերականներից մեկը, ապա կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի վերնախավը Լ. Տեր-Պետրոսյանին շատ վատ է վերաբերվել անգամ այն ժամանակ, երբ իր նախագահության օրոք միջպետական հարաբերություններն իրոք լավ են եղել: