– Դավի՛թ, ֆիզիկան գիտության այն էլիտար ճյուղերից մեկն է, որով չափվում է տվյալ երկրի կշիռը աշխարհում: Թե որքանով է գիտության այս ճյուղը զարգացած այս կամ այն երկրում, ֆիզիկայից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվողներիս համար ցուցանիշ է Նոբելյան մրցանակը, որը միշտ շրջանցում է Հայաստանը: Այսօր զարգացման ո՞ր փուլում է ֆիզիկան Հայաստանում:
– Չէի ասի, թե հայկական գիտությունը փառահեղ վիճակում է: Բայց, կարող եմ նշել, որ դեռ կան գիտության ուղղություններ, որոնցում մեր հայ տեսաբան ֆիզիկոսներն աշխարհում ունեն առաջատար դիրքեր: Ցավալի է, որ մենք մինչ օրս չունենք նոբելյան մրցանակակիրներ, բայց վստահ եմ, որ իմ աշակերտներից ոմանք կստանան ամենաբարձր միջազգային մրցանակներ:
– Նշեցիք, որ կան ճյուղեր, որոնցում հայ գիտնականներն աշխարհում առաջիններից են: Որո՞նք են այդ ճյուղերը:
– Օրինակ` եթե վերցնենք Ֆիզիկայի ինստիտուտը, ապա մեզ մոտ լավ դիրքեր կան վիճակագրական ֆիզիկայում, ճշգրիտ լուծվող մոդելներում, վիճակագրական ֆիզիկայի կիրառություններում` դեպ այլ գիտություններ, ասենք` կենսաբանություն:
– Դուք խոսեցիք Ձեր աշակերտների մասին, որոնք կարող են հավակնել միջազգային մրցանակների: Մենք սովոր ենք լսել միայն մահու չափ ձանձրացրած քաղաքական գործիչների ու ինչ-որ աստղերի անունները: Հաճելի կլիներ լսել նաեւ երիտասարդ ու տաղանդավոր գիտնականների անունները:
– Օրինակ` արդեն արած աշխատանքների համար Արմեն Ալլահվերդյանը միանգամայն կարող է հավակնել միջազգային մրցանակի քվանտային մեխանիկական էքսպերիմենտի մոդելավորման հետ կապված իր աշխատանքներում, որը կատարել է ֆրանսահայ ակադեմիկոս Բալյանի հետ համատեղ: Հետո, գուցե ժամանակից շուտ եմ ասում, բայց ես շատ հպարտ եմ իմ նոր աշակերտով` 21-ամյա Ժիրայր Ավետիսյանով: Հայաստանը կարող է հավատալ իր ապագային, եթե ունի նման երիտասարդներ: Համաշխարհային ֆիզիկայի օլիմպիադայի հաղթողներից մեկն է, իսկական հայ տղամարդ. աշխատում է, պահում իրենց ընտանիքը, միաժամանակ գերազանց սովորում է համալսարանում, մեկ տարի առաջ երկրի նախագահի կողմից ստացավ «Լավագույն ուսանող» մրցանակը: Նա հասցնում է նաեւ ինձ հետ միասին զբաղվել գիտությամբ, վերջերս լուծեց արտակարգ կարեւորության մի խնդիր` վիրուսների էվոլյուցիայի տեսության համար: Ամերիկյան երիտասարդ մի գիտնական, ում հետ փորձում եմ համագործակցել, ամեն ամիս ստանում է երիտասարդ հանճարի 10.000 դոլար հավելավճար` իր աշխատավարձին: Ես նշեցի երկու անուն, որոնք միջազգային մրցանակներ ստանալու շանս ունեն: Փորձեցի Ժիրայրին ու մի այլ աշակերտի վերցնել` աշխատանքի թեմատիկ ֆինանսավորման հիման վրա: Ոչ միայն դա չստացվեց, փոխարենն այս տարի փորձեցին կրճատել ինձ եւ Ալլահվերդյանին հասնող հաստիքներից (մեր հաստիքները պահել կարողացանք միայն Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի միջամտությունից հետո): Իհարկե, Հայաստանն Ամերիկայի նման ֆինանսապես հարուստ չէ` տաղանդներին լրջորեն օժանդակելու համար (միակ դրական նախադեպը` Հարություն Կարապետյանը, մի քանի տասնյակ ասպիրանտների ԳԱՏԱՀ հիմնադրամից թոշակ էր տալիս), բայց կարելի է գոնե բարոյապես օժանդակել երիտասարդ տաղանդներին:
– Իհարկե, Հայաստանում նկատելի են կարիերիստ երիտասարդները, որոնք իշխանական կուսակցություններին անդամագրվելով` ստանում են եկամտաբեր պաշտոններ: Ինչեւէ: Դավիթ, ասացեք խնդրեմ, ժամանակակից ֆիզիկան ի՞նչ կոնկրետ օգնություն կարող է առաջարկել մարդկությանը, խոսքը ոչ թե տեսական գիտության հաջողությունների, այլ այդ հաջողությունները կյանքում կիրառելու մասին է:
– Կա գիտությանը երկու մոտեցում: Մեկը` զբաղվել միայն հիմնարար հետազոտություններով, մյուսը` զբաղվել կիրառական հետազոտություններով: Իմ կարծիքով, ճիշտ է այդ երկու մոտեցումները համատեղելը: Մասնագետը, որ հավակնում է զբաղվել գիտությամբ, անպայման պետք է յուրացնի հիմնարար գիտություններում աշխատելու լավագույն մեթոդները եւ աշխատի այդ գիտելիքները կիրառել կիրառական խնդիրների համար:
– Հայաստանում ֆիզիկայով զբաղվելը եկամտաբե՞ր գործ է:
– Կա երկու միջոց. մեկը, որ ավելի հատուկ է Համալսարանի ֆիզիկոսներին` դա դիմորդներ պատրաստելն է, մյուսը, որ ավելի հատուկ է մեր ինստիտուտի մասնագետներին` ժամանակի մի մասը, ասենք` տարվա կեսն, անցկացնել դրսում աշխատելով, մյուս կեսը` Հայաստանում: Եթե 90-ականներին նման իրավիճակում կարելի էր ապահովել առավել բարձր կենսամակարդակ, ապա հիմա` միջին, բայց այն, որ դու ինչ-որ բնագավառում աշխարհի լավագույններից ես, շատ ավելի հաճելի զգացողություն է, քան, եթե ունես մի քանի միլիոն դոլար, երբ գիտես, որ քեզանից միլիոնավոր մարդիկ ունեն ավելի մեծ գումարներ:
– Իսկ ինչպե՞ս է որոշվում, որ այսինչ մասնագետն աշխարհում լավագույններից է:
– Գիտնականի աշխատանքը գնահատելու համար կան մի քանի չափանիշներ: Կարեւորագույններից մեկն այն է` թե քանի հղում կա քո աշխատանքներին: Հոդվածները տպագրվում են գիտական ամսագրերում, եւ ամեն ամսագիր ունի իր ռեյտինգը: Հոդվածները գնահատվում են` ըստ այն ամսագրերի վարկանիշի (իմպակտ ֆակտոր), ուր գիտնականը տպագրել է իր աշխատությունը: Մյուսը` վերցնում ես քո բնագավառի աշխարհի լավագույններին, եւ եթե նրանք տեղյակ են քո աշխատանքների մասին եւ գնահատում են դրանք. սա արդեն գիտնականի լրջության կարեւորագույն հատկանիշներից մեկն է: Մեր ինստիտուտը, ուր հայ գիտաշխատողների մոտ 10-15 տոկոսն է միայն, ստանում է Հայաստանի գիտնականներին հասնող հղումների 50 տոկոսը, մեզ է բաժին հասնում բարձր իմպակտ ֆակտորով ամսագրերում տպված հոդվածների 80-90 տոկոսը: Ցավոք, եթե պետք է ֆինանսներ կրճատել` դա սկսում են մեր ինստիտուտից, իսկ եթե պետք է բարձրացնել աշխատավարձը, ապա մենք վերջինն ենք: Աստիճանաբար խլվում է մեր ինստիտուտի ունեցվածքը: Գիտությունների ակադեմիան ու Համալսարանն ունեն կառավարության վրա ազդելու լծակներ, մենք` ոչ:
– Հայաստանում նման վերաբերմունքը գիտության հանդեպ շատ բնական է: Դուք չեք տեսել, թե օլիգարխներից մի քանի հազար դրամ թոշակ ստանալու համար մեր գիտնականները որպիսի քծնանքի խոսքեր են շռայլում նրանց հասցեին: Սակայն խոսենք Ձեր գիտական հաջողություններից: Գիտեմ, որ սկսել եք զբաղվել կենսաբանությամբ, էվոլյուցիայի տեսությամբ: Ավելի ստույգ` վիրուսների էվոլյուցիայով եւ գենետիկայով:
– Սրանք չափազանց բարդ գիտություններ են: Արիստոտելն, օրինակ, համարում էր, որ մաթեմատիկան ոչ մի կերպ չի կարող կիրառվել, ասենք, կենսաբանության մեջ: Մասամբ ես նրա հետ համաձայն եմ. մաթեմատիկան` գուցե թե, բայց տեսական ֆիզիկան հաստա՛տ հնարավոր է կիրառել: Էվոլյուցիայի տեսության ամենապարզ խնդիրները ճշգրիտ լուծելու համար պետք է կիրառես ժամանակակից տեսական ֆիզիկայի բոլոր նվաճումները` դասական մեխանիկա, քվանտային դաշտի տեսություն, ամեն-ամեն ինչ: Տեսական ֆիզիկան ամենաշատ զարգացած, մաթեմատիկայով լեցուն գիտությունն է: Միայն նա է կարողանում ընդունել կենսաբանության մարտահրավերը` քանակապես ճշգրիտ հասկանալ այդ գիտությունը:
– Տգետներիս համար Ձեր ասածը, թերեւս, առավել հասկանալի կլինի, եթե խոսեք կոնկրետ օրինակներով:
– Խնդրեմ. հասկանալ վիրուսոլոգիան` անհնար է` առանց էվոլյուցիայի: Օրինակ, ինչո՞ւ է անբուժելի համարվում ՍՊԻԴ-ի վիրուսը: Եթե այլ վիրուսներ հաճախ փոխում են իրենց ձեւը մուտացիաներով, ապա այստեղ աշխատում է ռեկոմբինացիան: Իմ կարծիքով, այս վիրուսի առաջ մեր անզորության պատճառներից մեկը սա է: Հասկանալու համար իրավիճակը, նախեւառաջ պետք է կարողանաս լուծել գոնե կենսաբանների կողմից տված մոդելները, ինչով եւ զբաղված է իմ խումբը:
– Լուրջ հաջողություններ գրանցած ֆիզիկոսին պա՞րզ է կյանքի ծագման պատմությունը, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է առաջացել մարդը: Ինչո՞ւ է օրնիբուն աշխատում, երբ մի օր հանկարծ կարող է իր գլխին մի աղյուս ընկնել:
– Եկեք հարցը մի քանի մասի բաժանենք: Ոչ թե` ինչո՞ւ է առաջացել կյանքը, այլ ինչպե՞ս է առաջացել: Չեմ կարող ասել` ինչու է առաջացել. դա փիլիսոփաների ու բանաստեղծների գործն է, բայց իմ աշխատանքներում գոնե փորձում եմ հասկանալ` ինչպե՞ս է առաջացել կյանքը: Օրինակ` կար կյանքի առաջացման մի շատ լուրջ պարադոքս` Էյգենի աղմուկի կատաստրոֆայի պարադոքսն է: Իմ վերջին աշխատանքներից մեկը կապված է այդ հռչակավոր խնդրի լուծման հետ:
– «Ինչպեսի» պատասխանը գտնելու համար բավարա՞ր է բացել Աստվածաշունչը: Գոնե որոշ գիտնականներ այդպես են պնդում:
– Ներեցեք, ես հավատացյալ մարդ եմ, բայց Աստվածաշնչի տված ինֆորմացիան բառացի պետք չէ հասկանալ: Դա կոդավորված ինֆորմացիա է` կյանքի ծագման մասին: Կյանքը ծագել է մի քանի միլիարդ տարի առաջ: Սկզբում եղել են ինչ-որ շղթայական ռեակցիաներ, հետո առաջացել են առաջին բջջավոր կենդանիներն, ու այդպես գնացել է էվոլյուցիան: Խնդիրն այն է, որ կային մաթեմատիկական (ինֆորմացիայի տեսության) պարադոքսները` թե ինչպես է կյանքն առաջացել առաջնային մակարդակում: Իմ աշխատանքները վերաբերում են այս պարադոքսի լուծելուն:
– Այդ պարադոքսը լուծելի՞ է:
– Ինձ թվում է` ես ինչ-որ կերպ լուծել եմ, համենայն դեպս, այդ մասին այս ամառ կզեկուցվի Թայվանի գիտությունների ակադեմիայի նիստում:
– Հայտնի է, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Եթե գիտականորեն հնարավոր է ապացուցել կյանքի սկիզբը, հնարավո՞ր է տեսականորեն ապացուցել նաեւ վերջը: Այսինքն, այդ վերջը գիտականորեն ապացուցելի՞ է:
– Ոչ մի ապացույց չկա: Դա մարքսիզմ-լենինիզմի դրույթներից է` ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, բայց, գիտե՞ք ինչ, որպես հավատացյալ մարդ, կարող եմ ասել, որ Աստված չի կարող գոյություն ունենալ` առանց մարդու, դա Նրա համար խիստ ձանձրալի կլինի: Գոնե հանուն դրա` մարդկությունը երբեք չի վերջանա:
– Կրոնն ու գիտությունը որքանո՞վ են ներդաշնակ:
– Բոլոր խոշոր գիտնականները` Դարվինը, Պավլովը, Էյնշտեյնը, եղել են հավատացյալներ, եւ որեւէ լուրջ հակասություն չկա գիտության եւ կրոնի միջեւ: Մթին ժամանակները, երբ քրիստոնեական եկեղեցին հալածում էր գիտությունը` անցել է: Եկեք հիշենք` ո՞վ էր Կոպեռնիկոսը: Արքեպիսկոպո՛ս: Գալիլեո Գալիլե՞յը: Ասում են, որ նա բնակվում էր ինկվիզիցիայի պետի տանը:
– Այսինքն` գիտությունն ընդունում է, որ Տիեզերքը ստեղծվել է Աստծո կողմի՞ց:
– Վատիկանի Գիտությունների ակադեմիայի պաշտոնական տեսակետը սա է` սկզբնական շրջանում, երբ ստեղծվել է Տիեզերքը քվանտային գրավիտացիայի օրենքներով, Աստծո մատը խառն էր սկզբնական պայմանները ջոկելիս: Բայց կենսաբանական զարգացումը գնացել է միայն էվոլյուցիայի տեսությամբ: Ես ա՛յս տեսակետին եմ համամիտ: Բնագիտությունն ունի իր զարգացման օրենքները, տեր Աստված կապ ունի մեր հոգիների հետ:
– Դավիթ, Դուք, որքան գիտեմ, այն ոչ շատ հայ գիտնականներից եք, ովքեր իրենց ասպարեզում ունեն միջազգային ճանաչում:
– Ինստիտուտի մեր բաժնում կան ամենաբարձր միջազգային հեղինակության տեսաբան ֆիզիկոսներ: Ես միշտ հպարտանում եմ իմ կուրսեցի Հրաչյա Բաբուջյանով. եթե աշխարհի ամենահայտնի տեսական ֆիզիկայի կենտրոններում ասեք, որ Հայաստանից եք, կասեն` հա՜, Հրաչիկն էլ է այնտեղից: Մեր ինստիտուտի նախկին աշխատակիցներ Գեորգի Սավիդին եւ Ահարոնյան Ֆելիքսը, որ այսօր աշխատում են Եվրոպայում, բավականին հանրաճանաչ են:
– Հայաստանի քաղաքական վիճակը գիտնականների համար գիտությամբ զբաղվելու նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորո՞ւմ է:
– Հարցին մոտենամ գիտնականի տեսանկյունից: Պատմության մեջ Հայաստանը կառավարել են ազնվականները, զորապետները, եկեղեցին, ոչ երբեք` վաճառականները: Շատ վտանգավոր է երկրի համար, երբ հարուստներն ուղղակի ընդունվում են պառլամենտ կամ փորձում են ուղղակի մասնակցել երկրի կառավարման գործին: Սա նույնքան վտանգավոր է, որքան վերջին շրջանում քրեական տարրերի գլուխ բարձրացնելը: Գործը կարծես թե գնում է դեպ նոր պատերազմ, իսկ քրեականների ուժ առնելը ջլատում է ազգի ոգին: Նաեւ չէի ցանկանա, որ հայ զինվորը երբեւիցե կրկնի Իսահակյանի պոեմի հերոսի խոսքերը` «Ատում եմ, ավաղ, եւ հայրենիքս, պերճ արոտավայր հարուստների ցոփ…»: Ես երբեք չեմ սիրել Պինոչետին (ծաղկեպսակ եմ դրել Սալվադոր Ալիենդեի շիրիմին), բայց հավանել եմ Պինոչետի մի թեզը` «Երկրին օգուտ չկա թե շատ հարուստներից, թե շատ աղքատներից (լյումպեններից), երկրի ուժը միջին խավն է»:
– Ծանո՞թ եք նախագահի թեկնածուների ծրագրերին եւ ունե՞ք նախապատվելի մեկը:
– Որպես շարքային ընտրող` ձայնս տալու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն որպես գիտնական, ասեմ (հետաքրքրվել եմ պատմության եւ քաղաքականության մոդելավորմամբ)`առանձնապես էական չէ, կհաղթի Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, կարեւորն այն է, որ ընտրությունները չկեղծվեն: Հակառակ դեպքում, երբ Ղարաբաղի հարցը քննարկվելիս լինի Արեւմուտքում, կկորցնենք մեր վերջին հաղթաթուղթը, որ երբեւէ ունեցել ենք բարձր քաղաքակրթություն: Եվրոպացին գնահատում է ամեն մի երկիր մի քանի հատկանիշներով` սանիտարական մաքրություն, կոռուպցիայի բացակայություն, արդար ընտրություններ: Ավաղ, այդ բոլոր հատկանիշներով հետ ենք մնում Թուրքիայից: Կա նաեւ հարցի այլ կողմը: Մարդիկ առաջ համոզված էին, որ թագավորն Աստծո օծյալն է, նույն կերպ արդար ընտրված կամայական նախագահն Աստծո օծյալն է, ու նրա երկիրը` երկնքի հովանավորության տակ գտնվող: Իսկ եթե այսօր կեղծվեն ընտրությունները հանուն «Ղարաբաղի փրկության» կամ այլ «բարձր իդեալների», վաղը կկորցնենք թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը: Սա չափազանցություն չէ. հիշենք՝ որքան աղետներ թափվեցին Հայաստանի գլխին 1996-ի ընտրություններից հետո: Ուզո՞ւմ եք, որ Ղարաբաղը մեզ մնա միշտ, որ Հայաստանը մի օր դառնա Ամերիկայի նման հարուստ` ասեմ հարցի պարզ լուծում: Թող պառլամենտը մտցնի ցմահ բանտարկություն ընտրություն կեղծելուն մասնակցած կամայական անձի համար, իսկ կաթողիկոսը հատուկ կոնդակով նախօրոք նզովի նրանց: