Երեկ երեկոյան Կապանում կապարակնքվել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի դուռը: 2 ոստիկան հսկում են, որ շտաբը չվերսկսի իր գործունեությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Կապանի տարածաշրջանի շտաբի պետ Ռոման Նավասարդյանը, մոտ 30 ոստիկան ներխուժել են շտաբ, հանել իրենց այնտեղից՝ թույլ չտալով անգամ վերցնել իրենց փաստաթղթերը, եւ «պլոմբել» դուռը: Այս ամենն, ըստ Նավասարդյանի, արվել է այն պատրվակով, թե իբր տարածքի սեփականատերը պահանջել է, որ Տեր-Պետրոսյանի համակիրներն ազատեն տարածքը, իսկ վերջիններս չեն արել: Թեեւ շտաբը վարձակալման պայմանագիր չի կնքել, սակայն պայմանավորվածությամբ գործում էր այստեղ, եւ անգամ նախօրոք վճարվել էր 2 ամսվա վարձը: Իսկ ոստիկանական գործողությունների վարկածը սա է. տարածքի տերը, որը բժշկուհի է, համաձայնություն տալուց եւ գումարը վերցնելուց հետո հանկարծ հասկացել է, որ ինքն այն տրամադրել է Լ. Տեր-Պետրոսյանի համակիրներին, եւ դիմել է մարզպետին, որ օգնի իրեն ազատելու այն, եւ նա էլ ուղարկել է ոստիկաններին: Վերջիններս ուժով, ծեծկռտուքով մարդկանց դուրս են բերել շտաբից եւ փակել այն, թեեւ տարածքի տերն ասել է, որ ինքը կարող է մի քանի օր ժամանակ տալ՝ տարածքը լքելու համար: «Այդ կնոջը երեւի ճնշել են: Նա էլ եկավ, թե՝ քանի որ քաղաքական հարցեր են, ես չեմ կարող, խնդրում եմ՝ ազատել: Ասի՝ չեմ կարող, վճարել ենք: Դիմեք դատարան, կլինի դատարանի որոշումը, կազատենք: Բայց չսպասեցին դատարանի հունվարի 30-ին սպասվող որոշմանը, իրենք իրենց գործողությունն արեցին»,- պատմել է Ռ.Նավասարդյանը: