Եթե ուզում եք երկար ապրել

30/01/2008

«Վաշինգտոն փոստի» փոխանցմամբ` Միչիգանի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ որոշ հանգամանքներում ընտանեկան կոնֆլիկտները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության ու երկարակեցության վրա: Հետազոտությունն անցկացվել է 17 տարվա ընթացքում 192 ընտանիքներում, որոնք բոլոր պարամետրերով` տարիքով, սոցիալական ու առողջության վիճակով, լավ ու վատ սովորություններով, նույնն են եղել: Բոլոր ընտանիքները բաժանվել են 4 խմբի, ըստ կոնֆլիկտները լուծելու իրենց ձեւի: Առաջին խմբում եղել են այն զույգերը, ովքեր կոնֆլիկտների ժամանակ հարձակվում են միմյանց վրա: Երկրորդ խմբում նրանք են, որտեղ տղամարդիկ վիրավորում են կանանց, երրորդում` որտեղ կանայք են վիրավորում տղամարդկանց, իսկ չորրորդ խմբում այն զույգերն են, ովքեր թաքցնում են իրենց վիրավորանքը, բողոքներն ու հիասթափությունները:

Հետազոտությունն անսպասելի արդյունք է տվել: Այն զույգերի մոտ, ովքեր նախընտրում են կոնֆլիկտները լուծել խաղաղությամբ եւ ազատություն չեն տալիս իրենց զգացմունքներին, վաղաժամ մահացության դեպքերը կրկնակի շատ են՝ այն զույգերի համեմատությամբ, ում մոտ այդ զգացմունքները դուրս են հորդում: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ պատճառը մարդու ներսում կուտակվող սթրեսն է: «Եթե դուք չեք արտահայտում ձեր զգացմունքները եւ չեք հայտնում ձեր զուգընկերոջը, որ նա ձեզ վիրավորել է, դա կարող է վատ ավարտ ունենալ ձեզ համար»,- եզրակացրել է նախագծի հեղինակ Էռնեստ Հարբուրգը: