Հայոց բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով է պարգեւատրել մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների: Շնորհավորելով բոլորին՝ Ռ. Քոչարյանն ասել է, որ Հայոց բանակի ստեղծումը «մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից է, եւ որպես բացարձակ արժեք՝ այն թանկ է յուրաքանչյուրիս համար»: Նա նշել է, որ այդ դժվարին ճանապարհին իրենց անմնացորդ ներդրումն են ունեցել մեր ժողովրդի բոլոր հատվածներն ու հասարակության բոլոր շերտերը. «Մենք բարձր ենք գնահատում խաղաղությունը, մենք ձգտում ենք խաղաղության, սակայն ցանկացած պահի պատրաստ ենք արագ արձագանքել մեզ սպառնացող որեւէ վտանգի»: Ռ. Քոչարյանն անդրադառնալով ՀՀ նախագահի որոշ թեկնածուների` բանակի կրճատման մասին հայտարարություններին, ասել է, որ այսօր բանակի մասին շատ են խոսում նաեւ նրանք, ովքեր անգամ մեկ օր չեն ծառայել բանակում եւ որեւէ պատկերացում չունեն դրա մասին. նրանք առաջարկում են կրճատել զինուժը, անցնել միայն պրոֆեսիոնալ ծառայության: Այդ քաղաքական գործիչներին Ռ. Քոչարյանը խորհուրդ է տվել զսպել «իրենց քաղաքական պոպուլիզմը եւ լեզվային վարժությունների համար ավելի անշառ թեմաներ գտնել»: «Երկրի եւ ժողովրդի անվտանգությունը բացարձակ արժեք եւ բացարձակ նպատակ է: Այն չի կարող որեւէ սակարկության ենթակա լինել եւ, իհարկե, մենք թույլ չենք տա թուլացնելու այս կառույցը: Բանակը մեր պետականության երաշխավորն է, դա ամենակայացած կառույցն է, որն ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը, եւ մենք մտադիր ենք այս վերաբերմունքն ապահովել նաեւ ապագայում»,- ասել է նա: Ըստ Ռ. Քոչարյանի` առանց պարտադիր ժամկետային զինծառայության ՀՀ անվտանգությունը վտանգված է լինելու. «Ռազմական ուղղակի սպառնալիքի տակ գտնվող երկրի համար սրանից հրաժարվելն ուղղակի անհեթեթություն կլինի: Մենք գիտակցում ենք, որ առանց հզոր եւ մարտունակ բանակի` Հայաստանն այս տարածաշրջանում տարբեր կարգավիճակներ ունեցող երկիր է լինելու»: