Գայանե Ադիբեկյանի կյանքի պատմությունը ներկայացրել էինք «168 Ժամի» նախորդ համարներից մեկում: 45-ամյա այս կինը չի դադարում խմբագրություն զանգահարել եւ աջակցություն խնդրել: Մենք շարունակելու ենք նրա նմանների մասին հրապարակումներ տպագրել այնքան ժամանակ, քանի դեռ նրա պես անպաշտպան մարդիկ ամենուր հանդիպում են անարդարությունների:
Գայանեն միայնակ, 2-րդ կարգի թոշակառու է, ապրում է Էրեբունի համայնքի Վարդաշենի Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի սենյակներից մեկում: Կծկվել է ցրտից սառցակալած պատուհանի տակ: Իր պրոբլեմների մասին խոսելիս այնպես է բղավում, որ թվում է` զայրույթից սիրտը կճաքի: Կոկորդը պատռելով գոռում է` «Մարդիկ չարացել են, սադիստ են դարձել, հասկանո՞ւմ եք, ուր գնում ես` պատ է: Մարդկային խղճի գործոնը գոյություն չունի»: Հետո, զգալով քարացած մատների սառնությունը, մոտենում է փոքրիկ էլեկտրական սալիկին, որ ցրտից անշարժացած ձեռքերը տաքացնի: Նախկինում անօթեւան այս կինն արդեն երկու տարի ապրում է հանրակացարանում, որտեղ հանգրվանելիս էլեկտրականության համար գոյացող վարձավճարը մուծել է սենյակի նախկին բնակչուհի Ռոզալինա Կրեսկոյի անուն-ազգանունով: «Այդ կինը մահացել էր, իսկ ես վճարումներն անում էի ու կտրոնները ստանում էի նրա անունով, որովհետեւ անվանափոխություն չէր կատարվել: Երբ եկա էստեղ` փետրվար ամիսն էր, շատ ցուրտ էր, պլիտա էի վառում, որ տաքանայի, պարտք հավաքվեց: Ես շատ վատառողջ եմ, իմ կյանքը մազից կախված է»,- պատմում է Գայանեն, ում տեղեկացրել են, որ նախկին տանտիրոջ փոխարեն իր անվամբ անվանափոխություն կատարելու համար նա պարտավոր է էլեկտրականության ողջ պարտքը մարել: Ամբողջ պարտքը կազմել է 39.000 դրամ, մինչդեռ այս կինն աշխատունակ չէ: «Փարոսի» նպաստառուների ցանկում Գայանեին չեն ընդգրկում միայն նրա համար, որ` «Կտրոններն իմ անունով չեն, չեմ կարող ապացուցել, որ ես էստեղ, էս ծանր վիճակում եմ ապրում, իսկ «Փարոսն» ու նպաստը ինձ համար շատ մեծ օգնություն կլինեն, գոնե պարտքերս կմարեմ: Երկու տարի է, ինչ չեմ կարողանում նպաստ ստանալ, իսկ այդ տարիների գումարով կարող էի նորմալ ապրել, մոտ 250.000 դրամ է կազմում, պետական պարտքերը կմարեի գոնե: Ես լրիվ փակուղու մեջ եմ հայտնվել, էլ չեմ կարող էսպես ապրել»,- ասում է նա: Էլեկտրականությունը չանջատելու` նրա խնդրանքներին ի պատասխան՝ մշտապես ասում են` պարտքդ մարի: Միայնակ թոշակառու Գայանեն դիմել է «Էլցանց» ՓԲԸ-ի բոլոր կառույցներին` խնդրելով անվանափոխություն անել, որից հետո ընդգրկվելով «Փարոսի» ցանկում` կկարողանա կուտակված պարտքը մարել: Միշտ մերժում է ստացել: «Իրենք ուզում են, որ ամբողջ պարտքը մարեմ, բայց երդվում եմ` քանի օր է` ես հաց չեմ գնել, ահավոր վիճակում եմ, իսկ, եթե անվանափոխությունը կատարեն` գոնե նպաստով, թոշակով կոմունալ հարցերին լուծում կտամ: Անարխիստ են, չեն հասկանում վիճակս: Էս շրջակայքում ինչքան խանութ տեսնում եք` պարտքեր ունեմ, հաց եմ վերցրել: Հիմա գալու են լույսն անջատեն, սառցակալելու եմ, մեռնեմ»,- ասում է նա: Գայանեն հերթով թվարկում է իր բոլոր հիվանդությունների անունները. «Թունավոր զոբ, ներվերի բորբոքում, ողնաշարի խեղում, աղերի կուտակում, արգանդի իջեցում, միոմա, հաստ աղիքի բորբոքում, սրտի անբավարարություն…»: Խնդրանքով դիմել է կառավարություն։ «Ամիսներ առաջ դիմել եմ վարչապետ Սերժ Սարգսյանին, ներկայացրեցի անհուսալի առողջական վիճակս, շատ շնորհակալ եմ, որ միջնորդագիր ուղարկեց ՀՀ Առողջապահության նախարարություն, պետպատվերի հարցը լուծեցին, որ բուժվեմ: Բուժվում, գալիս ես էս դառը իրականություն ու նորից գնում ես դեպի մահ, ահավոր է: Վաղը ժամը 10-ին ես նորից կհայտնվեմ դժոխքում: Ասել են, եթե չմուծես` անջատելու ենք հոսանքը»,- ձեռքերը դողացնելով` ասում է նա: Գայանեն վախենում է խավարից, ցրտից, տաքանում է ընդամենը մի փոքրիկ սալիկով: Վախենում է, որ հարեւանները մի օր իրեն կգտնեն սենյակում ցրտահարված: «Իմ հիվանդություններն ինձ սպանում են` քիչ է, էլեկտրացանցի վարքուբարքն էլ մյուս կողմից են մարդուն սպանում: Էն օրը գիշերը վատացա, վախենում էի, ահավոր էր, ախր էդ ժամին չես էլ կարա մեկի դուռը ծեծես: Ես վախենում եմ, վաղը լույսը կանջատեն, ու ես չեմ դիմանա»,- լաց լինելով՝ ասում է նա, ում սենյակի պատերը թաց ու բորբոսնած են: «Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, պիտի կարգ հանեմ, բայց մի անվանափոխության, լույսի պարտքի համար զրկվել եմ պետական աջակցությունից` նպաստից, հաշմանդամության թոշակից, բացի այդ, 2-րդ կարգի թոշակառուների լույսը 50% է: Ախր էս հո էն ստրկատիրական կարգերը չե՞ն, հո հովհարային անջատումների տարիները չե՞ն, մի քիչ խղճով թող մոտենան, էլի,- ասում է` շարունակելով,- հիմա շատ են ասում, թե մարդիկ իրենց ձայնը վաճառում են: Իմ վիճակը տեսեք ու եզրակացություն արեք: Եթե ես էսօր դիմեմ Հանրապետական կուսակցությանն ու խնդրեմ` հոսանքս կտրել են, ինձ օգնեք: Եթե նրանք, որպես թոշակառու, ընդառաջեն, լույսս միացնեն` դա նշանակում ա, որ իրանք իմ ձայնն առա՞ն: Չէ: Չէ՞, որ ես մարդ եմ ու շատ վատ վիճակում եմ, իմ ղեկավարությունն ինձ օգնում է` ես էլ իրանց հավատում եմ: Մեր շենքում մի քանի անգամ օգնություն բաժանեցին, Նոր տարուն Ձմեռ պապիկներ եկան, մանր բաներ են, չէ՞, բայց ժողովուրդը դրանից ոգեւորվում, ուրախանում է, մեզ կարեւորված ենք զգում: Ես կընտրեմ Սերժ Սարգսյանին, որովհետեւ մտա կառավարություն, դիմում տվեցի, բժշկական թղթերս ու ձեր թերթը տվեցի, որի մեջ իմ մասին հոդված էիք գրել, ու արագ արձագանքեց, ինձ ուղարկեց բուժման: Հավատացե՛ք, որ մարդիկ լավ բաները չեն մոռանում»:
Գայանեն գլուխը խոնարհելով կծկվում ու ասում է, որ ամոթը մի կողմ դրած` դիմում է մեր պետական այրերին, բարեգործներին ու կազմակերպություններին՝ «Ընդամենը 39.000 դրամ է պետք, լույսի պարտքի գումարը, այլապես ցրտին չեմ դիմանա, ինձ կգտնեն սենյակում մահացած: Էլ չեմ դիմանա, դրա համար էլ դիմում եմ էս քայլին»: