Ֆրանսիական մաքիաժի հայազգի թագավորը

30/01/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Շարլի (Կարպիս) Կուբեսերյանը շատ հայտնի դիմահարդար է Ֆրանսիայում, կինոմաքիաժի խոշորագույն վարպետ է, ում անունը ֆրանսիական կինոյի լավագույն տարիների խորհրդանիշն է դարձել։ 1970-80-ական թվականներին նկարահանած ֆրանսիական ֆիլմերի տիտրերում հաճախ կարելի է հանդիպել նրա անվանը։ Վիզուալ կերպար ստեղծելու արվեստը Շարլի Կուբեսերյանը սկսել է մոդայի ցուցադրումներից, հետագայում աշխատել է ֆրանսիական հեռուստաընկերություններում։

Փարիզում ծնված Կարպիսի ծնողները Արեւմտյան Հայաստանից գաղթել էին Ֆրանսիա անցյալ դարի սկզբին։ Եվ Կարպիսը մեծ երազանք ուներ. ուզում էր զբաղվել միայն ու միայն նկարչությամբ, սակայն նրա հայրը խորհուրդ տվեց մեկ այլ զբաղմունք ընտրել, որը կայուն եկամուտ կարող էր բերել։ «Արվեստով փող աշխատելը բարդ է, հարկավոր է որեւէ արհեստի տիրապետել»,- ասաց նա։ Շարլի-Կարպիս Կուբեսերյանը սկսեց գրիմ անելու գաղտնիքները սովորել։ Նորաձեւության դեֆիլեներն ու մոդելների մաքիաժը ճանաչված դարձրեցին հայազգի դիմահարդարին։ Մոդայի երկիր Ֆրանսիայում, որտեղ ձեւավորվում էր բազմազան ու գունեղ կերպարների շարքը, Շարլի Կուբեսերյանը կարողացավ անուն վաստակել որպես ուրույն ձեռագիր ունեցող դիմահարդար։

Նրան վստահում ու գնահատում էր Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը, ով Կարպիս-Շարլիին առաջարկեց ստեղծել իր հեռուստադիմանկարը այն ժամանակ, երբ իր անձնական դիմահարդարն իրեն չէր գոհացնում։ Եվ այդպես 1960-ական թվականների սկզբին հանդիպեցին ու հետագայում շատ մտերմացան հայազգի դիմահարդար-արվեստագետն ու Ֆրանսիայի նախագահը։ Կարպիս Կուբեսերյանը շատ մեղմ, բարեսիրտ ու պարզ մարդ է, սիրում է անկեղծ ու բաց շփումները։ Ինչպես ասում է նրա ընկեր, ֆրանսահայ գործարար Ալեքս Երամյանը՝ Շարլիին անկարելի է չսիրել, նա միանգամից կարողանում է մտերմանալ ու ընկերանալ տարբեր մարդկանց հետ։ Եվ Շառլ դը Գոլը, ով հայտնի էր իր բծախնդիր ու պահանջկոտ բնավորությամբ, գնահատեց Կարպիս Կուբեսերյանի եւ՛ մարդկային հատկանիշները, եւ՛ պրոֆեսիոնալիզմը։ Հետագայում Կարպիս Կուբեսերյանը դարձավ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական դիմահարդարը եւ տարիներ շարունակ՝ մինչ դը Գոլի մահը, նախագահի վիզուալ կերպարի հիմնական պատասխանատուն էր։ Շառլ դը Գոլի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմում հնչում է դը Գոլի խոսքը, ով նկատի ունենալով Շարլի Կուբեսերյանին՝ ասում է. «Հայերը տաղանդավոր ժողովուրդ են, սակայն իրենց ունեցածը գնահատել չգիտեն»։ Իսկ երբ դը Գոլի մահից հետո Շարլի Կուբեսերյանին առաջարկեցին վերջին անգամ նրա դիմահարդարանքն անել, նա հրաժարվեց՝ ասելով, որ իրեն ցավ է պատճառում մահացած պատկերել այն մարդուն, ում ճանաչել ու սիրել է կենդանության օրոք։ «Ես ուզում եմ Շառլ դը Գոլին կենդանի հիշել»,- ասել է նա։

Բելմոնդոյին հանդիպելու համար պետք է Կուբեսերյանին դիմել

Դիմահարդարները որպես կանոն՝ տեղյակ են լինում այնպիսի թերությունների մասին, որոնք շատ դերասաններ ու մոդելներ հրապարակել չեն ցանկանում։ Դեմքը նրանց այցեքարտն է, եւ այդ այցեքարտը պետք է գեղեցիկ լինի։ Աստղերին գոհացնելն ու դա անելը տարիներ շարունակ՝ բավականին բարդ գործ է։ Վստահության գործոնն այստեղ շատ կարեւոր է, իսկ Շարլի Կուբեսերյանին վստահում էին բոլոր այն մարդիկ, որոնք աշխատում էին նրա հետ։ Կինոաստղեր Բրիջիտ Բարդոն ու Ժան-Պոլ Բելմոնդոն իրենց էկրանային կերպարը ստեղծում էին Շարլի Կուբեսերյանի խորհուրդներին հետեւելով։ Ոչ միայն կինոդերերի շտկումների համար, այլեւ՝ նորաձեւության ցուցադրումների կամ հրապարակային ելույթների մաքիաժ անելու համար կինոգեղեցկուհի Բրիջիտ Բարդոն միշտ աշխատում էր Շարլի Կուբեսերյանի հետ։ Իսկ Ժան-Պոլ Բելմոնդոն առաջին իսկ հանդիպումից հետո մտերմացավ Շարլիի հետ, ում անկեղծությունն ու բարությունը միանգամից գրավեցին կինոդերասանին։ «Զրուցելով Բելմոնդոյի հետ, հասկանում ես, որ որքան էլ նա ճանաչված ու հայտնի մարդ է, նույնքան էլ համեստ ու պարզ անձնավորություն է»,- պատմում է Ալեքս Երամյանը։ Բելմոնդոյի «ոսկե» տարիների բոլոր ֆիլմերը ստեղծվեցին Շարլիի հետ համատեղ։ Բելմոնդոյի անպարտելի ու անվախ հերոսները միշտ բնավորության որեւէ խոցելի եւ անպաշտպան գիծ ունեին, նրանք բոլորն էլ ըմբոստ պոետներ էին։ Համակրանքը նրա հերոսների նկատմամբ անսահման էր, քանի որ Բելմոնդոն ինքն էլ կարծես իր հերոսների սխրանքները լուրջ չէր ընդունում (ինչպես անում էին, օրինակ, հոլիվուդյան մարտաֆիլմերի հերոսները), նա խաղում էր այդ լրջությունը։ Ստեղծում էր ազնիվ ու հումորի զգացում ունեցող հերոսներ։ Եվ իր բոլոր բեմական կերպարների արտաքին տեսքի հեղինակը Շարլի Կուբեսերյանն էր։

Արեւելյան բնավորությունը մտերմացրեց Կուբեսերյանին ու հրեական արմատներ ունեցող Բելմոնդոյին։ Նկարահանման հրապարակից դուրս էլ նրանք հաճախ էին շփվում, եւ շփվում են նաեւ այսօր, երբ Բելմոնդոն դադարել է նկարահանվել։ Նրանց բնավորությունները շատ նման են իրար, երկուսն էլ շատ ինքնաբուխ, ազնիվ ու էքսպրեսիվ մարդիկ են եւ ձեւականությունները չեն ընդունում։ Ե՛վ Բելմոնդոյի, եւ՛ Կուբեսերյանի հայրերը քանդակագործներ էին, եւ նկարչությունը միշտ ներկա է եղել նրանց կյանքում։ Բելմոնդոն ինքն էլ էր նկարում, ինչպես նաեւ Շարլի Կուբեսերյանը, ով, բացի իր հիմնական մասնագիտությունից, նաեւ բավականին ճանաչված նկարիչ է Ֆրանսիայում։ Զարմանալիորեն նմանվեցին նաեւ նրանց ճակատագրերը։ «Շարլին ու Բելմոնդոն գրեթե միաժամանակ ամուսնացան, ու երկուսն էլ դուստրեր ունեցան։ Շարլին դարձավ Բելմոնդոյի աղջկա կնքահայրը, իսկ Բելմոնդոն էլ՝ Շարլիի աղջկա։ Նրանց դուստրերն էլ էին ընկերներ։ Շարլին ու Բելմոնդոն այնքան մոտ ընկերներ են, որ Բելմոնդոն ոչինչ առանց Չարլիի չի անում։ Նույնիսկ, եթե այսօր որեւէ լրագրող ուզում է զրուցել Բելմոնդոյի հետ, պետք է նախեւառաջ Շարլիի հետ համաձայնեցնի, Բելմոնդոն ամեն հարցում վստահում է իր հայ ընկերոջը»,- պատմում է Ալեքս Երամյանը։ Վերջերս Ֆրանսիայում սկսվեցին Բելմոնդոյի մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները, որոնցով հայտնի դերասանն ուզում է հրաժեշտ տալ մեծ կինոյին։ «Տղամարդն ու նրա շունը» ֆիլմում Բելմոնդոն (ում դիմահարդարը կրկին Շարլի Կուբեսերյանն է) խաղալու է տարեց ու միայնակ ուսուցչի դերը, ում կյանք անսպասելիորեն կրկին ներխուժում է սերը։ «Ես արդեն ծեր եմ, իսկ ծերությունը վախ է ներշնչում, սակայն ավելի լավ է ոչ թե վախենալ ծերությունից, այլ՝ ուղարկել այն որքան կարելի է հեռու»,- այսպես է ներկայացրել իր նոր ֆիլմը Բելմոնդոն ու ժպտացել միայն իրեն հատուկ՝ վստահ, խորամանկ ու փոքր-ինչ հոգնած ժպիտով։

Ուշագրավ է, որ Բելմոնդոյի ու Կուբեսերյանի կյանքում գրեթե նույնանման ողբերգություններ են տեղի ունեցել։ Մի քանի տարի առաջ ավտովթարից վախճանվեց Բելմոնդոյի դուստրը, եւ մի քանի ամիս հետո նույն մահով մահացավ նաեւ Շարլի Կուբեսերյանի միակ զավակը։ «Բելմոնդոն Շարլիի դստեր մահի մասին լուրը ստացավ Հոնկոնգում, որտեղ հերթական ֆիլմում էր նկարահանվում։ Նա միանգամից թողեց նկարահանումները, հատուկ օդանավ վարձեց ու Փարիզ վերադարձավ՝ Շարլիին մխիթարելու համար։ Շարլիի համար իր աղջկա մահը շատ ծանր հարված էր»,- պատմում է Ալեքս Երամյանը։

Մաքիաժի մեծ վարպետ Շարլի Կուբեսերյանն այսօր էլ ակտիվորեն աշխատում է։ «Իմ գործն իմ կյանքն է»,- ասում է նա։ Իսկ ֆրանսիական թերթերն ու այն մարդիկ, ում բախտ է վիճակվել աշխատել նրա հետ, ասում են, որ Շարլի Կուբեսերյանը Ֆրանսիայի մաքիաժի թագավորն է։ Նրա փորձն ու մասնագիտական հոտառությունն անգերազանցելի են։ Հեռուստատեսային խոսնակները, կինոդերասաններն ու մոդելները մեծ մասամբ օգտագործում են հայազգի դիմահարդարի հեղինակային քսուքներն ու ներկերը, քանի որ Շարլի Կուբեսերյանը հատուկ դիմահարդարման նյութերի մշակող ու հայտնագործող է նաեւ։ Աշխատանքային մեծ փորձն ու աշխատունակությունը Շարլի Կուբեսերյանին մեծ համբավ են բերել։ Սակայն ոչ պակաս դեր են խաղացել նրա մարդկային հատկանիշները, քանի որ բարի ու համեստ ֆրանսահայ դիմանկարիչը (նա գերադասում է այդ բառը, քանի որ իրապես դեմքեր է նկարում) կարողացել է իր պարզ ու անկեղծ մոտեցմամբ սեր վայելել։ «Դժբախտաբար Ֆրանսիայում եւ ընդհանրապես Եվրոպայում մասնագիտական մեծ հաջողության հասած հայերը հիմնականում «քիթը վեր ցցած» են ապրում, բնավ էլ չեն կարեւորում ո՛չ իրենց հայ լինելը, ո՛չ էլ մարդկային շիտակ հարաբերությունները։ Սակայն Շարլին բացառություն է։ Նա շատ համեստ ու անուշ մարդ է, եւ նրան անկարելի է չսիրել»,- ասում է Ալեքս Երամյանը։

Կարպիս-Շարլի Կուբեսերյանը մեկ անգամ եղել է Հայաստանում։ Ալեքս Երամյանը պատմում է. «Նա Հայաստանի կարոտն ունի։ Ցանկանում է անընդհատ շփվել հայերի հետ։ Ու թեեւ լավ չի խոսում հայերեն, բայց մեր ամեն մի հանդիպման ժամանակ խնդրում է՝ արի հայերեն խոսենք, հայերեն խոսելով՝ ես ինձ երջանիկ եմ զգում»։