«Հակամարտող երիտասարդություն»

30/01/2008

Հայ եւ ադրբեջանցի ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտության տարբեր զարգացումների պայմաններում, մեկը մյուսի հանդեպ պակաս կամ ավելի ագրեսիվությամբ նրանք երկու հասարակությունների այն հատվածներն են, որոնք չունեն միմյանց հետ շփվելու փորձ,

մեկը մյուսի մասին նրանց պատկերացումներն այն գիտելիքներն են, որոնք ստացել եւ ստանում են «իրենց կողմում»: Շփման հիմնական ձեւերն ինտերնետային բանավեճերն են, որոնք պարբերաբար վերածվում են արտասահմանյան երկրներում զանգվածային ծեծկռտուքների (ինչպես վերջերս եղավ Մոսկվայում սովորող ուսանողների հետ): Ի՞նչ ընդհանուր եւ առանձնահատուկ բնորոշումներ կարելի է տալ երիտասարդներին իրենց հասարակությունների մյուս հատվածների, հակադիր ճամբարում գտնվող իրենց հասակակիցների համեմատ, ի՞նչ են նրանք անձամբ մտածում հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մասին, որքա՞ն լավ են նրանք ճանաչում թշնամի հային եւ թշնամի ադրբեջանցուն եւ այլն: Մեր կենտրոնի ուսումնասիրության այս երկրորդ մասնաբաժինը նվիրված է հայ եւ ադրբեջանցի երիտասարդների հետ կապված խնդիրներին: Ստորեւ ներկայացված երկու հարցազրույցներում, որոնք, բացի «168 Ժամից», նույնությամբ տպագրվում են նաեւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթում, հայ եւ ադրբեջանցի հոգեբանները մեկնաբանում են «հակամարտող երիտասարդությանը» բնորոշ հոգեբանության առանձնահատկությունները:

«Ռեգիոն» կենտրոն

«Ազատ միջանցքներ» համագործակցության համար

Հարցազրույց Հր. Աճառյանի անվան համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, էթնոհոգեբան Դավիթ Ջամալյանի հետ

– Շա՞տ է տարբերվում ներկա 20-ամյա երիտասարդների սերունդը ԼՂՀ պայքարի թեժ շրջանի (1988-1994թթ.) 20-ամյա երիտասարդներից, ինչո՞վ են նրանք տարբերվում ձեր սերնդի իրենց հասակակիցներից:

– Իհարկե, 1988-1994թթ.-ի երիտասարդների եւ այսօրվա 20-ամյա երիտասարդների միջեւ որոշակի տարբերություններ կան: Հակամարտության ակտիվ փուլի տարիներին շատ ցայտուն արտահայտվեցին հայ երիտասարդների հայրենասիրական դիրքորոշումները: Ետպատերազմյան շրջանի տարիներին տեղի ունեցավ արժեքների անկում, ինչը պայմանավորված էր տնտեսական դժվարություններով: Հաղթանակը ետ մղեց ադրբեջանցիների նկատմամբ ագրեսիան, եւ հասարակությունը կենտրոնացավ կենցաղային հարցերի լուծման վրա: Այժմյան երիտասարդությունը մի քիչ ավելի առօրյա մտածողություն ունի` նա, իր շրջապատը, նյութական արժեքները: Թերեւս սա է տարբերությունը: Բայց մի կարեւոր հանգամանք պետք է նշեմ. բավական է ստեղծվի որեւէ սուր քաղաքական իրադրություն, երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը, թերեւս ոչ 88-ի ոգեւորությամբ, բայց, անպայման կարտահայտվի: Սա առողջ պաշտպանական ռեակցիա է եւ օրինաչափություն: Եվս մի կարեւոր փաստ. հիմա գրեթե բոլոր երիտասարդները ծառայում են բանակում եւ, հայտնվելով ռազմաճակատում, որտեղ երբեմն լինում են հրաձգություններ, հայրենասիրական դիրքորոշումները նրանց մոտ ամրապնդվում են: Այսինքն` ազգային ինքնագիտակցությունն այժմյան երիտասարդների մոտ անցել է երկրորդ պլան, բայց չի վերացել:

– Ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է Ղարաբաղյան պատերազմի պայմաններում, որքանո՞վ է այդ պայքարն ազդել նրա աշխարհայացքի վրա:

– Հոգեբանի ուսումնասիրությունների համար հետաքրքիր են նաեւ կենցաղային օրինակները: Հաճախ սեղանի շուրջ, տարբեր հավաքներում երիտասարդները կենացներով հիշում են կռված, զոհված մարտիկների կամ բանակում ծառայողների մասին: Սա պատահական չէ. չկա մի ընտանիք, որն անմասն մնար պատերազմից: Պատերազմը զգալի հոգեբանական նշանակություն ունեցավ նաեւ այսօրվա երիտասարդության համար, նա հպարտանում է, որ մենք հաղթահարեցինք զոհի բարդույթը, կարողացանք պաշտպանել մեզ, հարգանք կա կռված մարդու, եւ, ընդհանրապես, զինվորական համազգեստով մարդու հանդեպ: Թեկուզ, ինչպես նշեցի, ներկա 20 տարեկանների մոտ առաջին պլանում նյութական արժեքներն են:

– Որքա՞ն ուժեղ է թշնամի ադրբեջանցու կերպարը երիտասարդության պատկերացումներում, ի՞նչ գիտելիքների վրա է այն հիմնված, ի՞նչ փորձառությամբ է ձեւավորվում այդ կերպարը երիտասարդության մեջ:

– Հայաստանում այսօր ոչ մի քաղաքական կամ հասարակական գործիչ պատերազմի, ատելության կամ անհանդուրժողականության քարոզչություն չի անում: Թշնամի ադրբեջանցու կերպարը երիտասարդության պատկերացումներում ձեւավորում են հենց ադրբեջանցիները: Բավական է հիշել վերջին տարիների հայտնի իրադարձությունները:

– Ի՞նչ եք կարծում, ներկայիս երիտասարդությունը հավատո՞ւմ է խաղաղ ապագային, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ հարեւանությանը, կարո՞ղ են, արդյոք, հակամարտող կողմերի երիտասարդության ներկայացուցիչների միջեւ անձնական շփումներն ունենալ արմատական ազդեցություն այն ընկալման վրա, որը ձեւավորվում է թշնամու կերպարի քարոզչության արդյունքում:

– Միանգամից կարող եմ ասել, որ միջանձնային շփումները հակամարտության լուծման հարցում չեն կարող ունենալ արմատական ազդեցություն: Անխոս, անձնական կապերն ու շփումները մեղմում են թշնամության աստիճանը, օգնում են թշնամու կերպարի կարծրատիպերի հաղթահարմանը: Այսօր շատ են կազմակերպվում երկկողմանի հանդիպումներ, միջոցառումներ, որտեղ մարդիկ ծանոթանում եւ շփվում են միմյանց հետ: Բայց, դժվար թե չնկատենք, որ նորմալ եւ ջերմ հարաբերություններ ձեւավորվում են այն դեպքում, երբ կողմերն ի սկզբանե պայմանավորվում են շրջանցել ազգային հակասությունները: Փորձը ցույց է տալիս, որ վեճեր լինում են այն ժամանակ, երբ խոսակցության թեման առնչվում է ազգային շահերին: Ուրեմն, եթե հայի եւ ադրբեջանցու համար անհրաժեշտություն է լինում որեւէ հարցերում հարաբերվել, ապա նրանք նախապես պայմանավորվում են շրջանցել ազգային շահերին վերաբերող խնդիրները: Օրինակ` ասենք, ՌԴ-ում աշխատող հայն ու ադրբեջանցին նախապես պայմանավորվում են, որ դա կառավարությունների վեճ է, նրանք կապ չունեն դրա հետ եւ սկսում են միասին առեւտուր անել կամ էլ դիմակայում են ռուսական շովինիստներին, որը երկուսի համար էլ խնդիր է: Այդ հանդիպումների, համատեղ աշխատանքների ժամանակ ստեղծվում է մի թյուրըմբռնում, որ, վերջ թշնամությանը, բարեկամացան: Բայց սա խաբուսիկ է, որովհետեւ այլ պայմաններում, այլ հանգամանքների առկայության դեպքում, հարց է, թե ինչպե՞ս իրենց կդրսեւորեն այդ «բարեկամները»: Ինչ վերաբերում է խաղաղ ապագային, ապա, երիտասարդությունը միայն ուզում է հավատալ դրան, բայց իրողությունները ցույց են տալիս, որ խաղաղ ապագայի հեռանկարը չափից շատ լավատեսական է:

– Որքանո՞վ է ռազմավարական առումով ճիշտ երիտասարդ սերնդի մեջ թշնամու կերպարի կարծրատիպի ձեւավորումը, ինչպե՞ս եւ ի՞նչ խնդիրների հետ է կապված այդ կարծրատիպերի հաղթահարման գործընթացը, փոխակերպումը:

– Կարծում եմ, որ պետք չէ երիտասարդների մոտ միտումնավոր ձեւավորել թշնամու կարծրատիպ: Սխալ է արհեստականորեն սրել երիտասարդների միտքը միայն անհանդուրժողականության ուղղությամբ, նրանց գիտակցության մեջ համագործակցության համար անպայման պետք է ազատ միջանցքներ մնան: Բայց, միեւնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ մենք ապրում ենք մեր թշնամու հարեւանությամբ, եւ զգոնություն միշտ պետք է լինի: Այստեղ պետք է ունենալ միջին դիրքորոշում: Ինչ վերաբերում է, թե ինչպե՞ս եւ ի՞նչ խնդիրների հետ է կապված այդ կարծրատիպերի հաղթահարման գործընթացը, ապա, ինչպես արդեն նշեցի, միջանձնային հարաբերություններն ընդամենը երկրորդ պլան են մղում էթնոքաղաքական շահերի բախման արդյունքում առաջացած ագրեսիան, որն ամեն վայրկյան կարող է ակտիվանալ: Կան երկրներ (օրինակ՝ Հունաստանն ու Թուրքիան, Պաղեստինն ու Հնդկաստանը, Ճապոնիան եւ Ռուսաստանը), որոնց ազգային շահերը չեն համընկնում, այնուհանդերձ, նրանք ունեն տնտեսական հարաբերությունների հաստատման փորձ: Նման մոտեցումն, իմ կարծիքով, կարող է խթանել կարծրատիպերի հաղթահարումը կամ փոխակերպումը:

Զրուցեց Լենա ՆԱԶԱՐՅԱՆԸ