Լեւոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի հաղթող

30/01/2008

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը եւ այս տարի եւս նվաճեց Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։

Վերջին՝ 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցում էր հունգարացի Հուդիթ Պոլգարի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Նույնպիսի արդյունքով բավարարվեց նաեւ մյուս առաջատարը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը, Թեմուր Ռաջաբովի հետ խաղում։ Այսպիսով, 13 տուրից հետո Արոնյանն ու Կառլսենը վաստակեցին հավասար՝ 8-ական միավոր, եւ լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց Արոնյանը։ 3-րդ հորիզոնականը 7.5-ական միավորով բաժանել են Անանդն ու Ռաջաբովը։ Նշենք, որ այս մրցաշարում Լեւոն Արոնյանն իր միակ պարտությունը կրել է Վլադիմիր Կրամնիկից, ով վերջնական արդյունքում հանգրվանեց 7-րդ տեղում։

Ի դեպ, Վեյկ ան Զեեի մրցաշարի երկրորդ խմբում (որտեղ գրոսմայստերների վարկանիշն ավելի ցածր է) փայլուն հաջողության է հասել Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը։ 13 հնարավորից վաստակելով 9.5 միավոր՝ Սերգեյ Մովսիսյանը նվաճել է «Բ» խմբի հաղթողի կոչումը։ Երկրորդ հորիզոնականը 8.5 միավորով բաժանել են Էթիեն Բաքրոն եւ Նայջել Շորթը։

«Բ» խմբում հանդես եկող միակ հայաստանցի գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը, ցավոք, հաջող հանդես չի եկել։ Նա վաստակել է 5 միավոր եւ զբաղեցրել 12-րդ հորիզոնականը։