Թուրք պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը եւ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, ինչպես նաեւ վեց այլ անձինք, ովքեր անցած շաբաթ ձերբակալվել էին ծայրահեղ ազգայնական խմբավորման շուրջ երեք տասնյակ անդամների թվում, շաբաթ օրը դատարանի որոշմամբ կալանավորվել են: «Դողան» գործակալությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ կալանվածներին առաջադրվել է կառավարության դեմ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանք: Թուրքական Ոստիկանությունն օրերս հայտարարել էր, որ խմբավորման անդամները մահափորձ էին նախապատրաստում Օրհան Փամուկի, հայտնի լրագրող Ֆեհմի Քորուի, քուրդ քաղաքական գործիչ, Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Լեյլա Զանայի եւ այլ անձանց դեմ: Ըստ տեղական մամուլի, ծայրահեղականները 1,5 միլիոն դոլար են խոստացել Փամուկի սպանության համար: «Սաբահի» փոխանցմամբ` Փամուկի եւ քուրդ գործիչների սպանությամբ ծայրահեղականները մտադիր էին «քաոսային մթնոլորտ» ստեղծել, որին կհաջորդեր զինված հեղաշրջումը, եւ Էրդողանի կառավարությունը պաշտոնանկ կարվեր: Ազգայնականները Էրդողանի կառավարությանը մեղադրում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նպատակով քրիստոնեական եւ քրդական փոքրամասնություններին չափից շատ զիջումներ անելու մեջ: