Մեր թերթի նախորդ համարում խոստացել էինք առավել մանրամասն անդրադառնալ
գյուղատնտեսության դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի գործունեությանը,
իսկ ավելի ստույգ՝ ճապոնական դրամաշնորհով Հայաստանին տրվող
գյուղատնտեսական տրակտորների ճակատագրին, որոնք, առանց վերապահման,
տնօրինում է անձամբ Դ. Լոքյանը:
Արդեն շուրջ չորս տարի է, ինչ Ճապոնիան Հայաստանի գյուղատնտեսության
զարգացման նպատակով դրամաշնորհային խոշոր ծրագիր է իրականացնում մեր
երկրում, սակայն, որքան էլ տարօրինակ է, այն ծառայում է ոչ թե
գյուղատնտեսության զարգացմանը, այլ՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների
կապիտալի հզորացմանը: Մարզերում գործող գյուղատնտեսական մի շարք
կազմակերպությունների ղեկավարների հետ զրույցից ակնհայտ դարձավ, թե
իրականում ում են բաժին ընկնում այն տրակտորները, որոնք պետք է տրվեին
գյուղացիներին: Մեր զրուցակիցները խուսափում էին իրենց անունները
հրապարակել՝ զգուշանալով, թե դրանից հետո իրենց նկատմամբ ավելի մեծ
ճնշումներ կգործադրվեն ու եթե դեռեւս ինչ-որ հույս կա, թե գոնե մեկ
տրակտոր կտրվի մարզերից մեկին, ապա դա էլ կարող է վտանգվել:
Մարզկենտրոններից մեկի գյուղատնտեսության ընկերության ղեկավարներից մեկը
տեղեկացրեց, որ համեմատաբար արդար աճուրդ եղել է միայն 2001թ., իսկ դրանից
հետո այդ տրակտորները նախարար Լոքյանի կողմից կազմված հատուկ ցուցակով
բաժանվել են չինովնիկներին: «Գյուղատնտեսությանն աջակցություն ցուցաբերել
են միայն առաջին տարում,- ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ ներկայացնելով
2001թ. հաջորդած տարիներին տեղի ունեցած «աճուրդ» կոչվածը։ -Օրինակ, եթե
յուրաքանչյուր մարզկենտրոնին բաժին է ընկնում 4-5 տեխնիկա, դրանից միայն
մեկն են տալիս լավագույն դեպքում, մնացածը «հատուկ սեւ ցուցակով» տալիս
էին չինովնիկներին: Դա՝ լավագույն դեպքում: Սովորաբար մենք տեղյակ էլ չենք
լինում, որ նման աճուրդ կա, ու կարող ենք մասնակցել, իմանալու դեպքում էլ
մեզ թույլ չեն տալիս մասնակցել: Այդ ցուցակով պաշտոնյաներն առնում-տանում
են իրենց տները: Իրենք իրենցով են անում ու հետո սկսում են թանկ գներով
վաճառել մեր նմաններին, բայց մեզ որտեղի՞ց այդքան փող: Իրենք առնում են
աճուրդի մեկնարկային գնով՝ 3500 ԱՄՆ դոլարով ու հետո փորձում են մեր վրա
7-8000-ով վերավաճառել, բա դա անելու բա՞ն է»: Ի դեպ, մեր զրուցակիցը նաեւ
նշեց, որ եթե Լոքյանը որոշում է, որ գյուղատնտեսական
կազմակերպություններին էլ պետք է տրվեն տրակտորներ, ապա վաճառում է
չինական անորակ տրակտորները, իսկ ամենաորակյալ համարվող հոլանդական
տրակտորներն իրենք են վերցնում: «Հոլանդական որակյալ տեխնիկան տվեցին
Մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանին ու նրա տեղակալներին, մի քանի
տրակտորներ ունեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տարածքային
ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ
Աբրահամյանը, գեներալ Մանվել Գրիգորյանն ու մի շարք այլ չինովնիկներ, իսկ
խեղճ գյուղացուն ոչ մի հատ չտվեցին: Ի դեպ, նրանք հիմա նորից են
ցուցակագրվել, որ նորերից ստանան: Ոչ մի մարզկենտրոնի ոչ մի հատ տրակտոր
չի տրվել: Իմ ընկերության ամենաթարմ տրակտորը 16 տարեկան է, որն արդեն
լրիվ շարքից դուրս է եկել ու ենթակա չէ շահագործման, քանի որ տրակտորների
շահագործման ժամկետը 10 տարի է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:
«Նախորդ տարիներին աճուրդի դրվող տրակտորները գնում էին չինովնիկներն ու
տարեկան 500.000 դրամով վարձակալության էին տալիս մեր ընկերություններին՝
նախապես մեզ ներկայացնելով այն ցուցակը, թե մենք ում պետք է այն
տրամադրենք: Դա մեզ ձեռնտու չէր, որովհետեւ իրենց ցուցակի մարդիկ
տրակտորները վերցնում, պահում էին իրենց մոտ ու որեւէ գումար չէին վճարում
մեզ: Ի՞նչ եք կարծում, մենք էդ քանի՞ գլուխ պիտի ունենայինք, որ, ասենք,
Ռեգիոնալ վարչության պետերից պահանջեինք տրակտորն ու գումարը: Ու մենք
կրակն էինք ընկնում: Հիմա արդեն վարձակալության չեն տալիս, միանգամից
առնում են, այդ մեխանիզմը վերացրել են»:
Վեց ամիս է, ինչ Կոտայքի «Նուռնուսի» բազայում են գտնվում ճապոնական
դրամաշնորհով Հայաստան բերված հոլանդական ամենաորակյալ 39 տրակտորներ, ու,
ինչպես մեր զրուցակիցներն ասացին, «չեն կարողանում իրար մեջ բաժանել,
կռիվը դրա մեջ է, դրա համար էլ մնացել են այնտեղ, բազայի տնօրեն Պավել
Բաղդասարյանն էլ է ձեռքը կրակն ընկել»: «Վեց ամիս է՝ չեն կարողանում իրար
մեջ բաժանել, ասում են՝ որոշում է կայացվել՝ տրակտորները տալ
մարզպետներին, որպեսզի նրանք բաժանեն: Բայց նրանք էլ գիտեն, որ եթե իրենց
միջոցով աճուրդ կայացվի, ապա ցուցակն իրենց են դեմ տալու: Չինովնիկներն
այդ տրակտորները հեծանիվի պես առնում-քշում են, ու Լոքյանի նմանները
գյուղացու մասին չեն մտածում: Լոքյանն էլ մի քանի հատ տրակտոր ունի»,-
ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ բազայում կայանած տրակտորների համար
ցուցակագրված չինովնիկներն արդեն իրենց հետ բանակցում են, թե՝ «այսքան
գումար տուր, գնամ քո անունով առնեմ-բերեմ քեզ տամ»: Նշենք, որ նոր
տրակտորների աճուրդի մեկնարկային գինը 4.000 ԱՄՆ դոլար է, եւ
չինովնիկներին հենց այդ գումարով էլ վաճառվելու է:
«Չենք հասկանում՝ բա էլ ինչի՞ են իշխանություններն, ի դեմս Լոքյանի,
օգնություն խնդրում Ճապոնիայից՝ ասելով, թե այդ տրակտորները մեզ պետք են
գյուղատնտեսության զարգացման համար, երբ դրանից գյուղացուն գոնե մի հատ չի
հասնում: Ինչի՞ են վեց ամիս այդ տրակտորները թողնում բազայում, երբ արդեն
ապրիլ ամիսն է, ու գյուղացուն այդ տրակտորներն օդ ու ջրի պես պետք են,-
ասաց մեր զրուցակիցը՝ պնդելով,- թող իրավապահ մարմինները գնան ու այդ
չինովնիկների տան բակերում տեսնեն այդ տրակտորները, ու հարցնեն՝ ինչի՞
համար են այդպես թալանում երկիրը»:
Իսկ ինչ վերաբերում է Դավիթ Լոքյանին, ապա մեր զրուցակիցներն ասացին. «Նա
ի՞նչ նախարար է, մտել է դաշնակցության մեջ ու դաշնակցությունն իր համար
շիրմա է դարձրել: Ձեր կարծիքով, նա գիտի՞՝ ի՞նչ է բույսը, ո՞նց է ծլում,
ի՞նչ է պետք գյուղացուն… Չգիտի՛: Ինքը մենակ ցուցակ է գրում, թե ում ինչ
պիտի ծախի, եթե լավ նախարար լիներ՝ դոշը դեմ կտար, կասեր՝ պիտի տանք
գյուղացուն»:
Հ.Գ. «168 Ժամը» կհետեւի աճուրդի գործընթացին ու առաջիկայում կանդրադառնա նաեւ դրան: