Վլադիմիր Վիսոցկի. լեգենդ եւ մարդ

27/01/2008

«Բարին ձեզ. Վիսոցկի». այսպես էր ստորագրում իր ձայնասկավառակների ու գրքերի վրա պոետ, երաժիշտ, երգիչ, դերասան Վլադիմիր Վիսոցկին։ Նրա անունը լսելով, մենք միանգամից պատկերացնում ենք Վիսոցկու խռպոտ ձայնային տեմբրը (որն, ի դեպ, նա մանկուց ուներ եւ պատմում էր, որ նույնիսկ հինգ տարեկանում, երբ երգում էր, մարդիկ ասում էին՝ տես, երեխա է, բայց արդեն հարբեցող է), նրա էմոցիոնալ երգերն ու անմոռանալի կինոդերերը։ Վիսոցկու երգ-մենախոսությունները, որոնք, որպես կանոն, առաջին դեմքով էին գրվում, վիթխարի էմոցիոնալ ազդեցություն ունեին մարդկանց վրա։ Վիսոցկին միշտ հետաքրքիր է եղել ոչ միայն որպես երգերի հեղինակ, այլեւ՝ որպես մարդ։ Նրա բեմական դիմակներն ու երգերի հերոսների կերպարները շատ հաճախ համընկել են նրա իրական խառնվածքի հետ։ Վիսոցկին ապրել է նույնքան ազնիվ ու գերլարված, որքան եւ նրա հերոսները, որոնք ապրում, այրվում ու ճշմարտությունն են որոնում։«Ես փորձում եմ գրել իմ երգերը միայն այն մարդկանց մասին, որոնք ռիսկային իրավիճակներում են, որոնց թվում է, որ հաջորդ վայրկյանին իսկ նրանց կյանքում ինչ-որ կարեւոր բան է տեղի ունենալու՝ մահանալու են կամ էլ սիրահարվելու են, որոնք անընդհատ նյարդայնանում են, անհանգստանում են, այլ ոչ թե նրանց մասին, որոնք այս պահին ծամում են ու հանգստանում են։ Այդ մարդիկ ինձ համար հետաքրքիր չեն։ Ինձ հետաքրքիր են անդունդի եզրին կանգնածները, որոնց մեջ ինչ-որ բան է կոտրվել, եւ մարդիկ, որոնք կյանքում լարախաղացներ են»,- ասել է նա։ Խորհրդային տարիներին Վիսոցկին կուռք էր, պաշտոնապես չընդունված, հալածված, բայցեւ՝ երջանիկ մի ստեղծագործող, որը կարողանում էր իր երգերով, դերերով, նյարդային, ըմբոստ պոեզիայով փոխել ընդունված ճահճանման աշխարհընկալումը։ Հեղինակային երգերը խաբել չեն կարող, նրանք կամ ազդում են ունկնդրի վրա, կամ՝ ոչ։ «Որպեսզի երգը ոչ թե էստրադային, այլ՝ հեղինակային դառնա, հարկավոր է հարյուր տոննա աղ ուտել»,- ժպիտով պատասխանում էր Վիսոցկին ու ասում՝ ավելի լավ է՝ լսեք իմ երգերը, նրանց մեջ ամեն ինչ ասված է։ Նրա երգերը կարողանում էին զրույցի հրավիրել, սողոսկել մարդկանց նյարդերի մեջ, թափանցել հոգու խորքերը եւ պատռել մարդկային անտարբերությունը։ Նա շարունակում է դա անել նաեւ հիմա, իր մահից հետո։ Երեկ լրացավ Վլադիմիր Վիսոցկու 70-ամյակը։