Պատրաստ է դատվել

27/01/2008

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում պարզելու է, թե ինչպես է 1998թ. Ռոբերտ Քոչարյանը ստացել ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության եւ 10 տարվա քաղաքացիության տեղեկանք: ՀՀ Ոստիկանության Վիզաների եւ անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանից, ում գլխավորած բաժինն է 1998թ. Ռ.Քոչարյանին տրամադրել այդ տեղեկանքը, երեկ լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք նա մտավախություն չունի՞, որ իրեն կարող են դատել անօրինականություն թույլ տալու համար: Ի պատասխան, Ա. Զաքարյանը հեգնանքով ասել է, թե ինքը ողջունում է այն, որ Լ. Տեր-Պետրոսյանն արդեն իր հաղթանակը կայացած է համարում եւ արդեն հաշվեհարդար է տեսնում մարդկանց հետ, ովքեր ընտրական գործընթացներին մասնակցել են այս կամ այն կերպ, այդ թվում եւ՝ հենց ինքը: «Բայց քանի որ դեռ ժամանակը չի եկել, հետեւաբար չգիտեմ, ինձ էլ են դատելո՞ւ, թե՞ ոչ, կապրենք, կտեսնենք: Ես օրենքի մարդ եմ, օրենքին էլ ենթակա եմ: Կգտնեն, որ սխալ եմ թույլ տվել, ենթակա եմ օրենքի առաջ պատասխան տալու, պատրաստ եմ»,- ասել է նա: