Կոնկրետ քայլերով…

27/01/2008

Մինչ նախագահի թեկնածուները հայտարարում են կոռուպցիայի դեմ «անհաշտ պայքար մղելու» անհրաժեշտության մասին, երեկ ՀՀ կառավարությունը կոնկրետ որոշում է ընդունել… կոռուպցիայի դեմ պայքարի դեմ պայքարելու վերաբերյալ: Մասնավորապես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, այսուհետ անշարժ գույքի սեփականատիրոջ մասին Կադաստրի պետական կոմիտեն կարող է տեղեկատվություն տրամադրել միայն տվյալ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնության կամ նրա տված լիազորագրի հիման վրա: Մինչ այս որոշումը Կադաստրի պետական կոմիտեն համապատասխան դիմումի եւ տուրքի վճարման դեպքում ցանկացած անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերյալ պարտավոր էր տեղեկատվություն տրամադրել: Եվ, օրինակ,

ԶԼՄ-ները այդ ճանապարհով կարող էին տեղեկանալ ասենք այս կամ այն նախարարի առանձնատների, ամառանոցների կամ էլիտար շենքերի մասին: Իսկ այժմ պատկերացնել կարելի է միայն որեւէ պաշտոնյայի գրավոր համաձայնությունը իր գույքի մասին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ. դա կունենա մոտավորապես հետեւյալ տեսքը. «Համաձայն եմ տրամադրել տեղեկություն այն մասին, որ այսինչ առանձնատունը եւ ամառանոնցը կառուցել եմ բացառապես հալալ քրտինքով վերցված կաշառքի միջոցներով»: