«Ազգային Միաբանություն» կուսակցության անդամները շարունակում են լքել Գեղամյանին ու միանալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երեկ էլ «Ազգային Միաբանություն» կուսակցությունից իր հեռանալու մասին հայտարարել է այդ կուսակցության նախագահության անդամ, ԱՄ Նաիրիի տարածքային կազմակերպության ղեկավար Մարիետա Պետրոսյանը: Վերջինս իր այդ քայլը պատճառաբանել է այսպես. «Խորապես հավատալով Ա. Գեղամյանի` «Ես ուզում եմ, որ իմ երկիրը քանդող ղարաբաղյան կլանը հեռանա» կարգախոսին, իսկ այսօր, հետեւելով ընտրարշավին՝ տեսնում եմ, որ ԱՄ-ն պայքարում է ոչ թե ղարաբաղյան հանցագործ կլանի, այլ միայն Լ.Տեր-Պետրոսյանի դեմ՝ դրանով ուղղակի նպաստելով քոչարյանասերժական ռեժիմի վերարտադրությանը»: Իր գրավոր խոսքում Մ. Պետրոսյանը նաեւ նշել է. «Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ այս ծանր վիճակի համար պատասխանատվություն է կրում ոչ թե հայտնի իշխանական զույգը, այլ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: Դա հակասում է իմ սկզբունքներին եւ անհնարին դարձնում իմ հետագա անդամակցությունը ԱՄ կուսակցությանը»: Լքելով Ա. Գեղամյանին՝ Մ. Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Լ. Տեր-Պետրոսյանին. «Այսօր նա միակ նախագահի թեկնածուն է, որը կարող է արդար պայքարի մեջ հաղթանակ տանել եւ արմատախիլ անելով ներկա հանցագործ ռեժիմը՝ ՀՀ-ն փրկել այս մղձավանջից»: