«Այս ընտրությունների բանաձեւը հայտնի չէ»

27/01/2008

«1998թ. երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական դեռ չէր տվել, բայց հայտնի էր, որ պետք է տա, մենք խոսում էինք Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունների՝ Լեոնարդի, Սամվել Բաբայանի, Օլեգ Եսայանի հետ: Բոլորը կտրականապես դեմ էին, որ ղարաբաղցին լինի Հայաստանի նախագահ: Նրանք ասում էին՝ միեւնույն է, ինչ էլ ուզում է նա անի, ժողովրդի դժգոհությունն ուղղվելու է այդ անձի դեմ, ուղղվելու է նաեւ ղարաբաղցիների դեմ, եւ մեծ ճեղք է առաջանալու ղարաբաղցի-հայաստանցի քաղաքացիների միջեւ: Երբ որ 1998թ. ընտրությունների ժամանակ ես դա բարձրաձայնեցի, Ռոբերտ Քոչարյանն իրեն բնորոշ ինքնավստահությամբ ասաց, թե Վազգեն Մանուկյանը լավ չի պատկերացնում, թե ինչպես պետք է կառավարել պետությունը: «Ես կկառավարեմ, կանցնի երկու տարի, եւ Հայաստանն այնքան լավ վիճակում կլինի, որ նախագահի նկատմամբ դժգոհություն չի լինի»,- ասել էր Քոչարյանը: Ուստի հայաստանցի-ղարաբաղցի առճակատում էլ չի լինի: Բայց այդպես չստացվեց»,- երեկ Երեւանում կայացած մի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Իսկ քննարկումը կազմակերպել էին հասարակական 14 կազմակերպությունների (հ/կ) ղեկավարներ: Կանանց հանրապետական խորհուրդ հ/կ նախագահ Նորա Հակոբյանը հայտարարեց, թե իրենց անհանգստացնում է, որ «Գելլափի» սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվողների 65 տոկոսը վախեցած է:

«Որ «Գելլափ» եք ասում, ես մի տեսակ վատ եմ լինում: Բայց մյուս կողմից էլ՝ արդյո՞ք մեր ժողովուրդը պատրաստ է սոցհարցումներին: Ոչ, պատրաստ չէ: Այդ «exit pall»-ը մեր իշխանությունների համար գտած բան էր: Ով` ում համար էլ քվեարկեր, դուրս գալուց կասեր՝ Սերժ Սարգսյանին եմ ընտրել: Եվ դրանով կարող է Ս.Սարգսյանի տոկոսն իրենց ցանկացածից ավելի շատ լիներ»,- ի պատասխան տկն Հակոբյանի մտահոգության, ասաց Վ. Մանուկյանը: Նա անդրադարձավ ընտրողների մեջ տիրող տրամադրություններին: Նրա համոզմամբ` կեղծելուց ավելի սարսափելի է, երբ մարդիկ կասկածում են, որ իրենց քվեարկությամբ կարող է ինչ-որ բան փոխվել: Վ. Մանուկյանի խոսքերով` «այս ընտրությունների մեջ անորոշությունը շատ մեծ է, եւ բանաձեւն էլ հայտնի չէ»: «1991թ. շատ հստակ էր նախագահական ընտրությունների բանաձեւը. այն է` առաջին քայլն արել է շարժումը, եւ շարժումը պետք է իր կողմից առաջադրի նախագահ: 1996թ. բանաձեւն էլ էր պարզ՝ թեպետ դժգոհություն կար, բայց ժողովուրդը շարժումից խռոված չէր: Ժողովուրդն ուզում էր, որ այդ շարժման մեջ եղած թերությունները վերացնեին, եւ այն նոր եկողներն իրականացնեին իրենց երազանքները: Այդ ժամանակ, ես կարծում եմ, բնական էր իմ թեկնածությունը: Մանավանդ, որ նոր էր վերջացել պատերազմը, բոլորը հիշում էին բանակի ձեւավորումը, հաղթանակները, եւ իմ անունը բավականին բարձր էր, վարկաբեկված չէր նախորդ ժամանակաշրջանում: Եվ մարդիկ կողմնորոշվում էին՝ ինչպես քվեարկել: 1998թ. նույնպես բանաձեւը պարզ էր՝ ժողովուրդն արդեն շարժումից խռովել էր ու ելք էր փնտրում: Եվ դա ոչ թե նոստալգիա էր անցած կյանքին, հասկանալի էր, որ դա ետ չէր գա, այլ դժգոհության արտահայտություն էր: Եվ բնական է, որ Կարեն Դեմիրճյանի գործոնն այդպիսի մեծ դեր կատարեց: 2003թ. նախագահական ընտրություններում ամենամեծ գործոնը «Հոկտեմբերի 27»-ն էր, աշխատեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի` ղարաբաղցի լինելու գործոնը: Հայաստանցի-ղարաբաղցի այդ առճակատումն էլ բերեց իր հերոսներին: Իսկ այս ընտրությունների բանաձեւը հայտնի չէ: Ընտրողների մոտ 15 տոկոսը ինչ-որ կերպ գտել է իր տեղը եւ փոփոխություն չի ուզում: Մոտ 15 տոկոսն էլ շատ դժգոհ է եւ ամեն գնով փոփոխություն է ուզում: Սակայն ընտրողների 70 տոկոսը կողմնորոշված չէ, թե ո՞ւմ պետք է ընտրի»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը: «Կանանց դաշինք» հ/կ ղեկավար Թամարա Գեւորգյանին հետաքրքրում էր, թե ընտրությունների երկրորդ փուլում իշխանության թեկնածուի եւ ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկի պայքարի դեպքում ո՞ւմ կսատարի ԱԺՄ առաջնորդը: «Լ.Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դեպքում որեւէ մեկին չեմ ընտրելու, եւ կարծում եմ՝ նման դիլեմայի առաջ չեմ կանգնելու»,- պատասխանեց Վ. Մանուկյանը: