Շարունակում ենք ներկայացնել առաջադրված նախագահի թեկնածուների հոգեբանական վերլուծությունը:
Վահան Հովհաննիսյանի հոգեբանական նկարագրի վրա մեծ ազդեցություն է թողել սովետական ինտելիգենտի կերպարը։ Նա պատկանում է «գաղափարակիր» հոգեբանական կերպին, ունի բարձր, տեղ-տեղ՝ խիստ չափազանցված ինքնագնահատական եւ քաղաքական Ես-ի բարդ կոնստրուկցիա։ Հեշտությամբ յուրացնում է նոր ցանկացած ինֆորմացիա, սակայն դրանց արձագանքելու առումով ունի լուրջ խոչընդոտներ։ Կարելի է ասել, որ սեփական քաղաքական Ես-ը խիստ կաշկանդված է Հովհաննիսյանի կուսակցական պատկանելությամբ եւ շրջանակով։ Քաղաքական իրավիճակներում հիմնականում ցուցաբերում է մեծ ճկունություն, որը երբեմն դառնում է ինքնանպատակ։ Քարոզարշավի ընթացքում աշխատում է նաեւ Վ. Հովհաննիսյանի հոգեբանական հետեւյալ բարդույթը՝ խնամիական կապերի մեջ լինելով ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ, եւ միաժամանակ ցանկանալով սեփական կուսակիցների մոտ ընդգծել, որ ինքը նախեւառաջ կուսակցական է եւ ազատ է Սերժ Սարգսյանի հանդեպ «մեղավորության բարդույթից», հոգեբանական այդ երկվությունը բերում է հակառակ էֆեկտի, որն արտահայտվում է իշխանությունների հանդեպ հրապարակային քննադատության սաստկացմամբ։ Վ. Հովհաննիսյանն ակնհայտ խարիզմայի տեր է, սակայն իր անձը չի կարողանում տարածել հանրային լայն շրջանակների վրա։ Ժողովրդական լեզվով ասած՝ նախընտրական արշավում ցուցաբերում է «ընկել եմ՝ պիտի քաշեմ» վարքագիծը։ Քաղաքականության մեջ փիլիսոփայական եւ ոչ թե իրատեսական մոտեցումների ցուցադրման կողմնակից է։
Արտաշես Գեղամյան. գերհզոր Ես-ով, հրապարակային հոգեբանության հիմունքներին տիրապետող, քաղաքական թատերաբեմում միշտ ուրույն դերակատարությունը պահպանող գործիչ է, բայց ակնհայտ է նաեւ, որ այդ տիպի քաղաքական խաղացողները, մնալով հանրության համար հետաքրքիր, այդուհանդերձ, իրենց իրական հնարավորություններից վեր բարձրանալ չեն կարող։ Առաջին ջութակի դերը վաղուց Գեղամյանի համար չէ, բայց քաղաքական նվագախմբում Գեղամյանի ուրույն «տեմբրը» միշտ նկատելի է։ Ինչպես յուրաքանչյուր «քաղաքական խաղացող»՝ նա շատ զգայուն է քննադատության հանդեպ, եւ որպես ստեղծագործող կերպար՝ շատ է սիրում ծափահարություններ, ծաղկեփնջեր եւ երկրպագություն։ Այդ տիպի գործիչները միշտ ունեն իրենց տեղը քաղաքական դաշտում, սակայն այդ տեղը չի կարող ունենալ աճի միտում։ Դժվար է պատկերացնել Ա. Գեղամյանին առավել բարձր քաղաքական դիրքերում, ինչպես նաեւ՝ դժվար է պատկերացնել քաղաքական դաշտն առանց Գեղամյանի։
Վազգեն Մանուկյանի կերպարն ամուր, կայացած, նույնիսկ կարծրացած քաղաքական գործչի կերպար է, որին թվում է, թե իրեն բավարար չափով չեն գնահատում հասարակության մեջ, եւ որը չափից ավելի է ընդգծում սեփական մտավոր գերակայությունը հասարակության նկատմամբ, ինչի պատճառով արդեն երկար տարիներ չի ավելացնում իր վարկանիշը։ Ինտելեկտուալ գործչի կերպար, որը մշտապես ընդգծում է իր առավելությունը եւ դրանով իրեն վանում է հասարակությունից։ «Ես ձեզանից խելոք եմ» բանաձեւը բերում է նրան, որ մարդիկ ընդունելով Վազգեն Մանուկյանի խելքը, այնուհանդերձ, նրան չեն վստահում։ Այդ բարդույթը հատուկ է բոլոր այն գործիչներին, որոնց աստեղային ժամին մնում էր կես քայլ, սակայն այդ քայլը այդպես էլ չկատարվեց։ Իր հոգեբանական ներկա կառուցվածքով պարոն Մանուկյանն իրեն գցում է փակուղի, քանզի առաջինը դառնալ վաղուց արդեն չի կարող, իսկ ճանաչել որեւէ այլ գործչի գերակայությունը` հարիր չէ նրա հոգեբանական կերպարին։ Իր տիպով Վ. Մանուկյանն ընտրողի համար չի ուրվագծում ապագայի հստակ տեսլական եւ ներկայանում է առավելապես որպես տեսաբան, որը դժվար է համակերպվում ռեալ իրականության եւ իրողությունների հետ։ Ընտրարշավի ընթացքը կրկին ընդգծում է, որ մեր օրերի Վազգեն Մանուկյանը կամերային, դահլիճային գործիչ է, եւ խուսափում է մարդկանց հետ զանգվածային շփումներից։
Սամվել ՄԵՐԹԱՐՋՅԱՆ, հոգեբան