Սաշան խոսելիս գլուխը խոնարհում ու այնպես է շփոթվում, ասես իրեն կանգնեցրել են դատաստանի առաջ: Հարցերիս պատասխանում է կմկմալով ու իր կաշկանդված վիճակը թաքցնելու համար անընդհատ հայացքը փախցնում է: 11 տարեկան այս տղան առաջին դասարանից սովորում է գերազանց գնահատականներով: Ասում է` «Հինգ հատ գովասանագիր ունեմ, բայց…»։ Բայց համարում է, որ իր գիտելիքները հետագայում այնքան էլ պահանջարկ չեն ունենա այն պարզ պատճառով, որ նա գիշերօթիկ դպրոցի սան է: Ընդհանրապես, նա շատ խելացի եւ ընդունակ տղա է, բայց իր գերազանց գնահատականներով այնքան էլ չի հպարտանում, որովհետեւ գիշերօթիկների հանդեպ մոտեցումն այնքան էլ միարժեք չէ: Հարցնում եմ` «Մտածե՞լ ես, թե ինչ մասնագիտություն ես ընտրելու»: Անտարբերությամբ պատասխանում է` «Չէ, չեմ մտածել ու չեմ էլ ուզում մտածել: Իմ համար մեկ ա, թե հետո ինչ կլինի, կարեւորը ներկան ա, բայց ներկան…»: Բայց ներկան այնքան անհուսալի է, որ Սաշան ներկան թողած՝ չի ուզում մտածել ապագայի մասին, որովհետեւ որքան մտածում է, այնքան անորոշությունը մեծանում է: Սաշան իր ապագայի հետ կապված վառ երեւակայությունների գիրկը չի ընկնում, որպեսզի հետագայում հուսախաբ չլինի: Այս տան բոլոր անդամները խոսելիս անընդհատ կրկնում են «հույս չկա» բառերը ու, որքան շատ են այս բառերն օգտագործում՝ այնքան խոցելի են դառնում, որովհետեւ այդ բառերն ինքնախոստովանականի պես են հնչում: Սաշայի մոր` Գայանեի հուսահատված բառերից հետո երկար լռություն է տիրում, ու լռությունը խախտվում է Սաշայի արարքով. տղան մոտենում է փոքրիկ եղբորն ու այնպես է գրկում նրան, կարծես ուզում է կրտսեր եղբորը պաշտպանել այդ ծանր խոսքերից: Երեւի ուզում է ասել, որ ինքն ու եղբայրն են մոր վերջին հույսը: Հրաչը խորիմաստ ժպտում է, ու նրանց խունացած, ճնշող սենյակում մի տեսակ սիրո մթնոլորտ է տարածվում: Մայրն ու տղաներն իրար ժպտում են, ու նրանց հայացքից դանդաղկոտ անհետանում է հուսահատության զգացումը:
Գայանեն միայնակ մայր է, ամուսինը մահացել է կրտսեր որդու` Հրաչի ծնունդից ամիսներ առաջ: Հրաչին հոր անունով են կնքել, ու այս ընտանիքում հայր Հրաչին փոխարինել է որդին: «Մեր սոցիալական վիճակը ծայրահեղ վատ է: Ես համապատասխան աշխատանք չեմ գտնում, որ երեխաներիս դասաժամերի հետ համապատասխանեցնեմ: Նույնիսկ տուն մաքրողի գործ չեմ կարողանում ճարել: Պատրաստ եմ ցանկացած աշխատանք կատարել, միայն երեխաներս սոված չմնան: Մասնագիտությամբ բուժքույր եմ, բայց գիտեք՝ բուժհաստատությունում աշխատանք գտնելն ինչ գին ունի»,- ասում է Գայանեն, ով երեխաներին ընդունել է գիշերօթիկ դպրոց միայն նրա համար, որ օրվա մեջ նրանք կարողանան սնվել դպրոցում: Ասում է, որ վախենում է առեւտրով զբաղվել, որովհետեւ հոգով առեւտրական չէ, պարտքերի մեջ կընկնի: Մատուցող աշխատելու համար էլ երեխաների դաստիարակության համար է անհանգստանում, որովհետեւ իր աշխատանքի բնույթից ելնելով՝ նրանք կհայտնվեն բարձիթողի վիճակում: Գայանեի ընտանիքին մեր պետությունը տրամադրում է 20.000 դրամ «Փարոսից» եւ 13.000 դրամ էլ՝ երեխաների թոշակ: 33.000 դրամը ստանալիս Գայանեն հայտնվում է շփոթության մեջ, որովհետեւ չի կողմնորոշվում, թե այդ գումարով կոմունալ ծախսե՞րը հոգա, երեխաների հագուստի հարցե՞րը լուծի, թե՞ օրվա հացը գնի: Երեխաներն այս ցրտին ստիպված են ամեն օր հասնել Զեյթունում գտնվող գիշերօթիկ դպրոց, որպեսզի օրվա մեջ մի քանի անգամ սնվեն, իսկ շաբաթ-կիրակի օրերին պարզապես քաղցած են մնում: Գայանեն ամեն օր հասնում է Ավան համայնքում գտնվող «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարան, որպեսզի այնտեղ տրամադրվող կերակուրը տուն բերի: «Չենք կարող օրը 3 անգամ հասնել Ավան, հաց ուտել ու հետ գալ, դրա համար էլ գնում-բերում եմ: Մեր վիճակը, մեր կենցաղը շատ վատ է»,- դողդողալով ասում է Գայանեն, ում երեխաները մշտապես հագնում են ուրիշների հնացած հագուստը: Ասում է, որ այսքան տարիների ընթացքում երբեւէ որեւէ մեկին չի դիմել օգնության խնդրանքով, որովհետեւ` «Հույս չունեմ, որ ձեռք կմեկնեն»: Ամուսնուն կորցնելուց հետո Գայանեին մշտապես աջակցել են ծնողները, սակայն նրանք էլ մահացել են՝ միայնակ կնոջը թողնելով լրիվ անօգնական: «Ծնողներս ինձ շատ էին օգնում, իսկ հիմա շատ մենակ եմ: Երեխաներս սոված են մնում, իսկ ես չգիտեմ՝ գլուխս ո՞ր պատին տամ»,- ասում է նա` ցույց տալով պարտքերի ցուցակը:
Գայանեն երկու որդիների հետ ապրում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի մի փոքրիկ խցում: Նրանց սենյակի ջերմաստիճանը չի տարբերվում դրսի ցրտից: Ասում է` «Փառք եմ տալիս Աստծուն, որ երեխեքս առողջ են, դիմադրում են էս նողկալի պայմաններին»: