Ռուսական «Գազպրոմբանկը», 2007թ. նոյեմբերին ավարտելով հայկական «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի 80%-ի գնման գործընթացը, արդեն սկսել է կազմավորել տնօրենների խորհուրդ: «Առէկսիմբանկի» գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանի հավաստմամբ` «այսօր հայաստանյան շուկայում անհրաժեշտ է տեխնոլոգիապես ավելի հզոր, հարուստ ռեսուրսներով բանկ, որը հետագայում կկարողանա նպաստել հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ամբողջությամբ»: Նրա կարծիքով, բանկային համակարգն իր գործունեությամբ առայժմ ՀՀ-ում հետ է ընկնում, եւ հնարավորությունները փոքր են` երկրի տնտեսությանը սպասարկելու համար:
«Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայայի ասելով՝ ներկայումս հանդիսանում է ՌԴ խոշոր ունիվերսալ ֆինանսական ինստիտուտներից մեկը, ինչպես նաեւ ընդգրկվել է ռուսական ամենախոշոր բանկերի շարքում: Հիմնական բաժնետերերն են «Գազպրոմ» եւ «Գազֆոնդ» ընկերությունները: Այս տարի 28%-ով ավելացել է բանկի եկամուտը, 4 տոկոսով աճել են սեփական միջոցները` հասնելով մինչեւ 93 մլրդ ռուբլու: Մինչեւ տարեվերջ «Առէկսիմբանկը» կվերանվանվի «Գազպրոմ Հայաստան բանկ»: