Երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակի
առիթով ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու համար, որ առաջիկայում
«Հայաստանում եւ արտասահմանում նախատեսվել է միջոցառումների ընդարձակ
ծրագիր»: Այսպես, ապրիլի 18-19-ին Հայաստանի Գիտությունների ազգային
ակադեմիայում կգումարվի գիտաժողով` «Մեծ Եղեռն. Իրողություն եւ
դատապարտում» նշանաբանով: Դրան ապրիլի 20-21-ին կհաջորդի երեւանյան
միջազգային համաժողովը «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր.
մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» թեմայով, որին կմասնակցեն
գիտնականներ, պետական եւ քաղաքական գործիչներ` աշխարհի 20 երկրներից: Այս
տարի 15 երկրներից պաշտոնական պատվիրակություններ են ժամանելու`
Ծիծեռնակաբերդ այցելելու համար: Կազմակերպվելու է ջահերթ, ցուցադրվելու են
Ցեղասպանության թեմայով ֆիլմեր, լինելու են ցուցահանդեսներ եւ այլն: Եվ
չնայած այս ամենին, «Թուրքիայի կողմից ոչ միայն չկա Ցեղասպանության
ճանաչում, այլեւ ժխտման առավել ուժեղացված գործընթաց է գնում»,- նկատեց
արտգործնախարարը: Վ. Օսկանյանն այն կարծիքին է, որ Ցեղասպանության
ճանաչման խնդիրը մեզ համար «անվտանգության առումով նշանակություն ունի»:
Նրա խոսքերով` «Առանց Թուրքիայի կողմից ճանաչելու Ցեղասպանության փաստը,
մենք չենք կարող որեւէ վստահություն ունենալ մեր հարեւանի վրա, որն այսօր
ռազմական առումով բավականին ծանրակշիռ պետություն է եւ Ղարաբաղի հարցում
միանշանակ միակողմանի դիրքորոշում ունի»:
Չնայած ասուլիսը հրավիրվել էր Հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով,
սակայն երեկ Վ. Օսկանյանը ստիպված եղավ պատասխանել Լեռնային Ղարաբաղի
խնդրի կարգավորման տարբերակների, Օսկանյան-Մամեդյարով առաջիկա հնարավոր
հանդիպման, իր եւ Ռոբերտ Քոչարյանի առողջության, վերջինիս` Ֆրանսիա
չկատարած այցի եւ այլ խնդիրների մասին հարցերին: Մասնավորապես, Վ.
Օսկանյանը հայտարարեց, որ ապրիլի 15-ին Լոնդոնում իր եւ ադրբեջանցի իր
գործընկերոջ ուղիղ հանդիպում նախատեսված չէ: Այդ օրն, ըստ նրա,
համանախագահները կհանդիպեն եւ՛ իր, եւ՛ Էլմար Մամեդյարովի հետ, բայց`
առանձին-առանձին: Արտգործնախարարն առարկություններ ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբի
ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի վերջերս արված այն
հայտարարության կապակցությամբ, համաձայն որի՝ կողմերը մոտ են
համաձայնության, եւ առաջիկայում նրանց կներկայացվի հարցի կարգավորման
առաջարկների նոր փաթեթ: «Առաջարկների փաթեթ» տերմինը չափազանցված է: Այդ
փուլում չենք գտնվում, որ հնարավոր է մեր բանակցություններից դատելով՝
ինչ-որ փաթեթ դնել, բայց մի քանի հարցեր կան, որոնց շուրջ անհրաժեշտ է, որ
համանախագահողներն իմանան նախագահների կարծիքը: Դա միանշանակ է»,-
վստահեցնում է արտգործնախարարը: Ըստ Վ. Օսկանյանի, հայկական կողմը գտնում
է, որ «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» տարբերակը կարելի է քննարկել: Նա
նաեւ ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման
պայմանավորվածություն դեռ չկա: