Երեկ Մոսկվայի շրջանի ատենակալների դատարանը կրկին արդարացնող դատավճիռ է կայացրել ազգային շարժառիթներով սպանված 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով մեղադրյալ 17-ամյա մոսկվացու նկատմամբ: Ընդ որում, վերջինիս անունը չի հրապարակվում: 12 ատենակալներից 9-ը տղային անմեղ է ճանաչել: Նրա առաջին դատը տեղի ունեցավ անցյալ տարվա հունիսին: Ատենակալների որոշման վրա ազդեց մոսկվացու ընկերների այն հայտարարությունը՝ իբր երիտասարդը սպանության երեկոյան իրենց հետ է եղել: Մարդասպանին ճանաչած վկաների ցուցմունքներն ատենակալներին համոզիչ չթվացին: Արդարացված պատանին որոշ ժամանակ անց հարձակում գործեց մի դաղստանցու վրա, որի համար որոշ ժամանակ անցկացրեց ուղղիչ-գաղութում: 2007թ. ՌԴ Գերագույն դատարանը, Դատախազության եւ Սարդարյանի հարազատների բողոքների հիման վրա, չեղյալ համարեց մոսկվացուն արդարացնող դատավճիռը եւ գործն ուղարկեց Մոսկվայի շրջանի ատենակալների դատարան: Հիշեցնենք, որ Ա.Սարդարյանը սպանվել էր 2006թ. մայիսի 25-ին՝ Մոսկվա-Սոֆրինո գնացքում գլխին եւ վզին ստացած դանակի 5 հարվածից: