«Գեղամյանի ծրագիրը ոնց որ սիրո վեպ լինի»,- ասում է Տիգրան Կարապետյանը

27/01/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Եթե վերցնում ես կաշառք, դառնում ես պատանդ», «Այսպես ապրել չի կարելի», «Ազատ քաղաքացին է կերտում իր ապագան»… Այս երեք կարգախոսներն է իր ծրագրի դրույթներում ներառել ՀՀ նախագահի թեկնածու, «ԺԿ» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ թեկնածուն նշեց, որ իրենը ծրագիր չէ, այլ դրույթներ են, քանի որ նրա ընդհանուր ծրագիրն Աստվածաշունչն է, որով, ըստ նրա, եթե բոլորս առաջնորդվենք եւ այնտեղի արժեքները կիրառենք կյանքում, շատ լավ վիճակում կլինենք: Ընդհանրապես, նա գտնում է, որ ոչ թե ծրագրերը պետք է մրցեն, այլ անհատները. «Որովհետեւ այնպիսի անհեթեթ ծրագրեր կան` սկզբից փրկում են, հետո արարում, մինչդեռ պետք է հակառակը լինի: Խնդիրը հետեւյալն է, թե իրո՞ք այդ անհատը կիրականացնի իր ծրագիրը, թե՞ թղթի վրա կմնա: Ձեզ թվում է, թե 16 տարվա ընթացքում քի՞չ են եղել ծրագրեր`շատ գեղեցիկ: Բայց դրանք չեն իրականանում: Ես մեծ առումով ասացի՝ Աստվածաշունչ, ծրագրային դրույթներ ունենք, բայց ոչ թե 168 էջով, այլ 68 էջով, նաեւ` ավելի կարճ: Ընդհանրապես, կարելի է խոստանալ եւ անել, դրա համար ընդամենը քաղաքական կամք է պետք: Ինչպե՞ս մեծացրին բյուջեն` ստվերի հաշվին: Ուրեմն կա այդ հնարավորությունը, իսկ մենք գիտենք, որ ստվերը դեռ անսասան կանգնած է: Կարելի է նվազեցնելով ստվերը, կաշառակերությունը` առողջացնել ոլորտները, որ դրանցից յուրաքանչյուրը մարդկային դեմք ունենա, ոչ թե սկզբից փողը երեւա, նոր` հավակնողը: Մենք էլ ենք սովորել կաշառք տալու, չնայած վերցնողն է մեղավոր, բայց ո՞վ չգիտի այսօր, որ մեծ ամբիոններից ասում են` մենք պայքարում ենք ընտրակաշառքների դեմ: Ամոթ էլ չեն անում, ինչի ժողովուրդը չգիտի՞, որ իրենք են կաշառք բաժանողը: Հետո, ժողովուրդն այսօր տարբեր կողմերից ճնշված է: Կա մի ճշմարտություն, անձնավորությունը պետք է արդար լինի, բայց եթե նա կաշառք է բաժանում, ո՞նց կարող է արդար լինել: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին բաժանել փող, որ նա ձայն տա: Ուրեմն դու կեղծում ես, օրենք ես խախտում, մարդկանց դնում ես այն վիճակի մեջ, որ ընտրությունը դառնում է առեւտրի առարկա, ո՞նց կարող ես դու պետական այր լինել այդ գաղափարով: Նույնը կանես այնտեղ` ներդրում անողին կաշառք կտաս, կվերցնես, դա բիզնես է, պետական գործ չի: Ես եւ մեր կուսակցությունը երբեւէ կաշառք չենք բաժանել, մարդուն չենք տվել որեւէ բան` ակնկալելով ձայն կամ ուղղակիորեն ասելով՝ սա վերցրու, տուր ձայն: Մենք բարեգործություն ենք արել, բայց դրա դիմաց ոչ մի բան չենք խնդրել, եթե այդպես լիներ, միլիոնից ավելի ձայն կունենայինք: Այս անգամ, ինձ ասացին, որ արդեն 30.000 դրամ ընտրակաշառքի մասին է խոսք գնում, այդքան են բաժանում»,- ասաց Տ. Կարապետյանը: Հարցին, թե արդյոք չի՞ պատահում, որ իրեն մարդիկ մոտենան, ասեն, որ եթե ինքն էլ կաշառք տա` կընտրեն, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Մեկ-մեկ լինում է, ինձ ասում են` դու հինգ հազար տուր, քեզ զեղչ ենք անում»: Խոսելով նախագահ դառնալու դեպքում իր անելիքներից` թեկնածուն նշեց, որ ինքը խոսք է տվել, եւ իր ընտրվելու դեպքում իրականություն կդառնա ավանդների վերադարձը` արժեթղթերի միջոցով. «Արժեթղթերը պետք է երաշխիք տան, որ անպայմանորեն այդ պարտքը կվերադարձվի, եւ արժեթղթերն իրենք կարող են ժառանգել իրենց երեխաներին: Եվ երկրորդը` ոռոգման ջուրն է, որի մասին խոսում եմ մոտ յոթ տարի: Երեք-չորս տարով ոռոգման ջուրը պետք է լինի անվճար: Դա մոտ 3 միլիարդ դրամ է կազմում ողջ Հայաստանով մեկ, ինչը մեծ գումար չէ, եթե վերցնենք, Հայաստան հիմնադրամը ԱՄՆ-ում մարաթոններ անցկացնելիս կրկնակի ու եռակի է հավաքում: Մի անգամ էլ կարելի է այն գյուղացուն տրամադրել, ոչ թե չգիտեմ` ուր են գնում այդ գումարները: Ժողովուրդը պետք է ապրի արդար եւ, եթե նեղության մեջ լինի, բայց նեղություն կրելով իմանա, որ դա արդարացի է, իրոք անհրաժեշտություն է, ժողովուրդը չի ըմբոստանա: Բայց, երբ տեսնում է, որ կողքին ձեռներեցներ կան, որ ժամը 10.000 դոլար են աշխատում, կըմբոստանա: Պետք է լինել արդար, եթե մենք բոլորս արարենք, ունենանք այն արտը, որտեղ կարելի է աշխատել ու պահել քո ընտանիքը, դա կլինի արդար, եւ մարդիկ գոհ կլինեն: Իսկ եթե աշխատատեղ չլինի, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց թկնածուն: Տ. Կարապետյանը կցանկանար, որ ընտրություններն անցնեին երկու փուլով. «այդպես ավելի արդար կլինի»: Թեկնածուն ինքն իրեն տեսնում է երկրորդ փուլում: Հարցին, թե այդ դեպքում, ըստ նրա` երկրորդ փուլում ո՞վ կլինի իր մրցակիցը` Տ. Կարապետյանը պատասխանեց հումորով. «Ես, ենթադրենք, որոշակիորեն համոզվեցի, որ երկրորդ փուլում կլինեմ, հիմա որեւէ մեկին էլ հե՞տս քարշ տամ»: Ի դեպ, Տ. Կարապետյանը գոհ է լրատվամիջոցների աշխատանքից. «Շատ օբյեկտիվ են, բոլորին շնորհակալություն: Չգիտեմ` կամա թե ակամա, վախից թե ոչ, բայց լավ են սկսել գրել, օբյեկտիվ են, իրենց նկատառումները չեն գրում»:

Լրագրողների այն հարցին, թե թեկնածուն արդյոք չէ՞ր նեղվում, որ Եղեգնաձորում ժողովրդի հետ հանդիպումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի պաստառների ֆոնի ներքո, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ես տեսա այդ նկարները, բայց հիմա ամեն տեղ` քաղաքի բոլոր համայնքներով, նրա պաստառները կան, ուրեմն մենք համբարձվե՞նք: Տեղ կա՞, որ նրա պաստառները չլինեն, չհասկացա, բարձրանանք օ՞դ»: Տ. Կարապետյանը նույնպես պաստառներ ունի, բայց չի կախում դրանք, համարում է, որ դա իրեն սազական չէ, ինքը ժողովրդական մարդ է:

Տ. Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ իր մյուս գիրքը երկու ամսից լույս կտեսնի, որը շատ ավելի լուրջ է լինելու` հոգեւոր, քաղաքական առումով, «սիրահարականը» քիչ կլինի. «Տեսեք, միայն ես չեմ գրում, Արտաշես Գեղամյանի ծրագիրը ոնց որ սիրո վեպ լինի»: