Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի շենքի 2-րդ հարկում եվրովերանորոգման աշխատանքներ են ընթանում` այն հյուրանոց դարձնելու նպատակով: Դրա հետեւանքով հանրակացարանի բնակիչները հայտնվել են հակահիգիենիկ եւ անպաշտպան վիճակում: Առանց այն էլ սոցիալապես ծանր պայմաններում ապրող այդ ընտանիքներն այժմ էլ անհանգստացած են, որ իրենց կարճ ժամանակ անց կվտարեն տարածքից: Բնակիչների համոզմամբ` այդ նախաձեռնության հեղինակը Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն է: Արդեն 2-րդ հարկի բնակիչներին տեղափոխել են այլ հարկեր: 2-րդ հարկի խողովակները փոխելու նպատակով փակել են խմելու ջրի եւ կոյուղագծերը: «Դա վառ երեւակայության արդյունք է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի: Այնտեղ կառուցվում է ապաստան հայցողների համար հատուկ կացարան, որտեղ հանգրվանելու են այլ երկրներից եկած փախստականներ, որը պարզ հումանիստական դրսեւորում է մեր պետության կողմից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գ. Եգանյանը: Սակայն, ըստ բնակիչների` հանրակացարանի այդ շենքերը կառավարվում են մի քանի փակ բաժնետիրական ընկերությունների կողմից, որոնց կառավարիչների թվում է նաեւ Գ. Եգանյանը: Արդյոք պետության կողմից ավելի մարդասիրական քայլ չէ՞ր լինի, եթե այդտեղ անապահով խավի համար բնակելի շենք կառուցվեր եւ անվարձահատույց տրվեր նրանց, եւ ոչ թե կացարան կամ հյուրանոց կառուցվեր: