Արդեն կարծես ավանդույթ են դարձել նախընտրական շրջանում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի փոխադարձ մեղադրանքներն ու «լեզվակռիվները»: Բացառություն չեն նաեւ 2008թ. նախագահական ընտրությունները: Հունվարի 22-ին «Առավոտին» տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն ասել էր. «Դաշնակցության թեկնածուն խոստացավ ագրեսիվ քարոզարշավ, եւ այնքան են մտել ընդդիմադիր քաղաքական ուժի դերի մեջ, որ այդպիսով, կարծես, այրում են բոլոր կամուրջները` իշխանության թեկնածուի հաղթանակի դեպքում համագործակցել հաղթած թեկնածուի խորհրդարանական քաղաքական թիմերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ»: Ա. Աշոտյանի այս հարցազրույցը, փաստորեն, նախագահի թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի «Երկիր-Մեդիա» եւ «ԱԼՄ» հեռուստաալիքներով կիրակնօրյա հարցազրույցի «տաք» հետքերով էր: Ի դեպ, այդ նույն հեռուստահարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վ. Հովհաննիսյանը ոչ միայն «թունդ» ընդդիմության կեցվածք էր ընդունել, այլեւ ջանք ու եռանդ չխնայեց քննադատելու նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն արդեն 10 տարի նրանց պաշտպանած ՀՀ նախագահի թեկնածուն է: ՀՀԿ եւ ՀՅԴ այս վերջին «փոխհրաձգությունը» կարելի է անվանել ոչ սովորական, քանզի, ըստ լավատեղյակ աղբյուրների, ՀՅԴ-ականների վերջին շրջանի պահվածքը դժգոհություն է առաջացրել ոչ միայն շարքային ՀՀԿ-անների, այլեւ անձամբ Ս. Սարգսյանի մոտ: Եվ ՀՀ վարչապետի դժգոհության «մեսիջը» փոխանցելու գործը վստահվել էր Ա.Աշոտյանին, որն իր խոսքում ապագա իշխանական համակարգում զրկեց ՀՅԴ-ին իշխանական տեղերից՝ հրապարակավ փոխանցելով դաշնակցականներին Ս. Սարգսյանի «դեղին քարտը», ինչը մեծ ազդեցություն է ունեցել, հատկապես ՀՅԴ անդամ նախարարների, փոխնախարարների եւ մարզպետների շրջանում, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՅԴ թեկնածուի եւ նրա շտաբի կողմից ընտրած մարտավարության կապակցությամբ: