«Ժողովրդավարության հաստատման նախապայմանն ապօրինի վարչախմբի հեռացումն
է»: Առաջին հայացքից հանրահավաքային տպավորություն թողնող այս կարգախոսը
երեկ փակցված էր կառավարության Նիստերի դահլիճում, որտեղ «Արդարություն»
դաշինքն անց էր կացնում «Հանուն ժողովրդավարության» թեմայով համաժողովը:
Այն իրականում նվիրված էր 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների տարելիցին եւ որոշ
դիտորդներ կանխատեսում էին, որ երեկվա համաժողովից հետո հնարավոր էր
ժողովրդական այն ալիքի կրկնությունը, որը մեկ տարի առաջ նույն օրը
Ազատության հրապարակից բարձրացել էր Բաղրամյան պողոտա: Սակայն նման բան
տեղի չունեցավ: Համաժողովը դահլիճում սկսվեց, դահլիճում էլ ավարտվեց: Դա՝
այն դեպքում, երբ համաժողովից մի քանի օր առաջ «Արդարություն» դաշինքի
պատասխանատուները չէին բացառում, որ համաժողովից հետո հնարավոր է
ժողովուրդը «տարերային երթի» դուրս գա: Եվ չնայած կառավարության Նիստերի
դահլիճը լեփ-լեցուն էր, սակայն ոչ համաժողովի սկսվելուց առաջ, ոչ էլ
ավարտվելուց հետո փողոցում ժողովուրդ չկար: Այնպես որ, նրանք, ովքեր
կարծում էին, թե «Արդարություն» դաշինքի երեկվա համաժողովով պետք է սկսվեր
հնարավոր հեղափոխության ալիքը, հերթական անգամ սխալվեցին: Չնայած,
համաժողովի կազմակերպիչներն իրենց առջեւ նման խնդիր չէին դրել:
Երեկվա համաժողովին ներկա էին գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի
ներկայացուցիչները, իհարկե՝ ոչ բոլորը կուսակցության ղեկավարի մակարդակով:
Համաժողովին չէր մասնակցում «Արդարություն» դաշինքի հիմնական գործընկեր
համարվող «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Վերջինս
ուղարկել էր իր տեղակալ Ալեքսան Կարապետյանին: Կառավարության Նիստերի
դահլիճում էր նաեւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը:
Մնացած գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ներկայացված էին առաջին դեմքերով՝
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, կուսակցության
դեռեւս նախագահ Ալբերտ Բազեյանը, «Ազատական առաջադիմական կուսակցության»
նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, եւ այլք: Ի դեպ, երեկվա համաժողովի
ընթացքում ելույթ ունեցողներից Հովհաննես Հովհաննիսյանը միակն էր, ով
հայտարարեց, թե իր կարծիքով՝ 2005 թվականի ապրիլի 13-ը պետք է նշեին ոչ թե
կառավարության Նիստերի դահլիճում, այլ՝ Ազատության հրապարակում եւ պետք է
նշվեր ժողովրդական հեղափոխության տարելիցը: Մնացած բոլոր ելույթ
ունեցողները, բնականաբար, դատապարտում էին մեկ տարի առաջ տեղի ունեցած
իրադարձությունները եւ հայտարարում, որ ապօրինի իշխանությունները պետք է
հեռանան: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ
երկու օր առաջ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի արած
այն հայտարարությանը, թե ընդդիմությունը բարդույթավորված է: «Ցինիկաբար
հայտարարվում է, որ մեր ընդդիմությունը հաջողության չի հասնում, որովհետեւ
իշխանությունները լավ են աշխատում: Ինչ վերաբերում է մյուս ցինիկ
արտահայտությանը՝ բարդույթների մասին, այդ կապակցությամբ կուզենայի նշել,
որ ոչ լեգիտիմության բարդույթից հնարավոր չէ ձերբազատվել»: Դեմիրճյանը
հայտարարեց նաեւ, թե իրենց նպատակին հասնելու համար անհրաժեշտ է
կոնսոլիդացիա արդարության շուրջ (հավանաբար, ակնարկելով «Արդարություն»
դաշինքը) եւ ինչպես միշտ՝ «վերահաստատեց իր վճռականությունը» երկրում
օրինական իշխանություն հաստատելու գործում: Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է
լինի իշխանափոխությունը: Ըստ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր
Դալլաքյանի, բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցն են իրեն տալիս
քաղաքացիները, եւ ինքը պատասխանում է՝ «արագ եւ ժողովրդի ուժով»:
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը պայքարում է անձերի
դեմ, Դալլաքյանը հայտարարեց. «Մենք պայքարում ենք համակարգը մարմնավորող
անձի դեմ: Ինչպես պայքարում էինք ֆաշիզմի եւ Հիտլերի դեմ, այնպես էլ
պայքարում ենք քոչարյանիզմի եւ Քոչարյանի դեմ»: Վիկտոր Դալլաքյանի
կարծիքով, այսօր Հայաստանի իրավիճակը հիշեցնում է վառոդի տակառ, որը կարող
է պայթել մի քանի պատճառներով, 2003 թվականի նախագահական ընտրությունների
լեգիտիմություն, ղարաբաղյան հարց, վստահության հանրաքվե, սահմանադրական
բարեփոխումների հանրաքվե եւ տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրություններ:
Մնացած գրեթե բոլոր ելույթները չէին տարբերվում իրարից: Միայն
«Ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանն ու Դեմկուսի նախագահ
Արամ Սարգսյանն իրենց ելույթներում մի առաջարկ արեցին՝ ընդդիմադիր
քաղաքական ուժերի մասնակցությամբ ստեղծել Ազգային խորհուրդ, կամ ինչպես
Հայրիկյանն ասաց, Ստվերային Ազգային ժողով, որը մինչեւ իշխանափոխությունը
կներկայացնի ընդդիմության միասնական տեսակետը: Համաժողովից հետո Ստեփան
Դեմիրճյանն ասաց, որ այդ առաջարկը քննարկվելու է, սակայն թե կոնկրետ ովքեր
կարող են մաս կազմել Ազգային խորհրդին, դեռեւս հայտնի չէ: