ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը` նախընտրական իր ծրագիրը ներկայացնելիս, «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում հայտարարել էր, թե կառավարության ծրագիրը պատկանում է ՀՅԴ-ին, ուստի` ընտրելով իրեն, հնարավորություն կտրվի այդ ծրագրի հեղինակին՝ լավագույնս իրականացնել այն: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանին խնդրեցինք պարզաբանել կոալիցիոն իր գործընկերոջ այս հայտարարությունը: «Ի վերջո` ո՞ւմ է պատկանում կառավարության ծրագիրը» հարցին Ս. Նիկոյանը պատասխանեց. «Կառավարության ծրագիրը, տնտեսական զարգացման ծրագրերը, բյուջեն` խորհրդարանական մեծամասնության, այսինքն` կոալիցիայի (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իհարկե, նաեւ մեզ հետ պայմանագրով համագործակցող ՀՅԴ-ի) համատեղ ծրագիրն է, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Դա երբեք ու երբեք չի կարող լինել ՀՅԴ ծրագիրը: Կառավարությունը չի կարող իրականացնել ԱԺ-ում փոքր խմբակցություն ունեցող որեւէ քաղաքական ուժի ծրագիրը: Ցանկացած կուսակցություն, որը հաղթել է ընտրություններում, իրականացնում է իր ծրագրերը»: Ս. Նիկոյանը ենթադրում է, թե ինչու է Վ. Հովհաննիսյանը նման հայտարարություն արել. «Ես հասկանում եմ, թե ինչու է այդպես ասում Վահան Հովհաննիսյանը: Նախագահի բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերի մեծ մասը հատկացրել են տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրներին` ցույց տալու համար, թե ինչ ծրագրեր ունեն: Սակայն, եթե նրանք ուշադիր ընթերցեն Սահմանադրությունը, կհասկանան, որ ՀՀ նախագահը միայն լիազորված է երկրի արտաքին քաղաքական եւ պաշտոնական խնդիրները կարգավորելուն: Իհարկե, նաեւ իշխանական թեւերի բնականոն աշխատանքի պահպանմանը: Սոցիալ-տնտեսական, առողջապահական եւ մնացած բոլոր խնդիրները կառավարության գործունեության մեջ է մտնում: Կառավարությունն է իրագործելու այդ ամենը՝ իր բյուջեի եւ ծրագրերի միջոցով: Նախագահի միջամտությունը կառավարության ծրագրերին եւ գործերին` հասցված է մինիմումի: Կառավարությունը չի ենթարկվում նախագահին: Իսկ այսօր ՀՀ նախագահի թեկնածուներն այնպիսի խոստումներ են տալիս ժողովրդին, որոնք ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում չեն: Եվ եթե նույնիսկ իրենք ընտրվեն նախագահ` միեւնույն է` չեն կարողանալու այդ խոստումներն իրականացնել: Դա կառավարության ֆունկցիաների մեջ է մտնում, իսկ կառավարությունը ձեւավորում է ԱԺ քաղաքական մեծամասնությունը: ԱԺ քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ն է, այնպես որ` ցանկացած մեկի ընտրվելու դեպքում էլ` կառավարությունն իրականացնելու է ՀՀԿ ծրագիրը, ինչպես հիմա է: Նման հայտարարությունները, թերեւս, արվում են այն բանի համար, որպեսզի հետադարձ կապ հաստատեն` համոզելու համար, թե կառավարության այս ծրագիրն էլ է իրենցը, ու իրենք են իրականացնելու նաեւ երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերը: Բայց բոլորն էլ հասկանում են, որ դա այդպես չէ: Ամեն դեպքում՝ դա մեր ծրագիրն է, եւ մենք ենք լինելու դրա իրականացնողը»: