«EXIT PALL»-ը վտանգելու էր ընդդիմության սցենարը

27/01/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ ԱՄՆ-ը` կանխելով «Exit pall»-ի անցկացումը ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, հստակ մեսիջ էր ուղարկում իշխանություններին, որ իրենք ընդառաջում են ընդդիմության դժգոհություններին, թե ՀՀ իշխանությունները թույլ չեն տա, որ այն լինի անաչառ: Ձեր կարծիքով` այնուամենայնիվ, ինչո՞ւ ԱՄՆ-ը վերջին պահին որոշեց «Exit pall» չանցկացնել:

– ԱՄՆ Հանրապետական ինստիտուտը սկզբում ցանկություն էր հայտնել, որպեսզի ՀՀ ընտրություններում էլ իրականացվի «Exit pall», ինչպես դա արվում է շատ երկրներում: ՀՀ կառավարությունը` ի դեմս վարչապետ Սերժ Սարգսյանի, համաձայնություն էր տվել «Exit pall» անցկացնելու վերաբերյալ: Դրան հաջորդեցին տարբեր մեկնաբանություններ: Խնդիրն այն է, որ ոմանց մոտ սկսեց կասկած առաջանալ «Exit pall» իրականացնողների մասնագիտական հմտությունների, անկեղծության կամ անկողմնակալ լինելու վերաբերյալ: Ընդդիմությունը ոչ միայն «Exit pall»-ի վերաբերյալ սկսեց կասկած հայտնել, այլեւ՝ առհասարակ սոցիոլոգիայի, ասելով, թե դա կարող է լինել իշխանության հետ համագործակցության արդյունքում եւ կարող է ազդել «Exit pall»-ի արդյունքների վրա: Ընդդիմության մոտեցումներն ուսումնասիրելիս` հիմնականում կարելի է հանդիպել նման դատողությունների: Իհարկե, ես այլ բացատրություն ունեմ: Մեր ընտրական համակարգը եւ մայիսյան ընտրությունները ցույց տվեցին, որ մենք հասել ենք նրան, որ ընդհանրապես բացառվեն ընտրակեղծիքները: Բացառված են, անհնար են ընտրակեղծիքները: Եթե որեւէ մեկը կասի, որ կա որեւիցե գործընթաց, որտեղ հնարավոր է կեղծիքներ իրականացնել, ես հակառակը կապացուցեմ: Այնպես որ` ընդդիմության նման հայտարարությունները զուտ սեւ քարոզչության դրսեւորում են: Բանն այն է, որ եթե «Exit pall»-ի եւ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները համապատասխանեին միմյանց, ապա այն քաղաքական ուժերը, որոնց գործունեության հիմնական նպատակը հետընտրական շոուներն ու հետընտրական բողոքարկումներն են, որոնց վրա էլ մտադիր էին կառուցելու իրենց քաղաքական սցենարները, ապա «Exit pall»-ի պարագայում նրանց գործը կդժվարանար: Պատկերացրեք` եռաստիճան հանձնաժողովների արդյունքների ամփոփումից հետո ԿԸՀ-ն հրապարակելու էր մի արդյունք, որը համապատասխանելու էր «Exit pall»-ի արդյունքներին: Դրանից հետո այդ մարդկանց համար շատ դժվար կլիներ, նրանք կհայտնվեին շատ անհարմար վիճակում, քանի որ չէին կարողանա իրենց հիմնական գործընթացները հիմնավորել: Կարծում եմ` այդ բողոքն ուղղված էր հենց դրան, որպեսզի Հայաստանում կանխվի «Exit pall»-ի անցկացումը, եւ իրենց համար հեշտ լինի բողոքարկել, կասկածի տակ դնել ԿԸՀ հրապարակած արդյունքները: Բոլոր թեկնածուները գիտեն եւ իրենց հոգու խորքում գիտակցում են, թե ով է առաջատար եւ հաղթող թեկնածուն, եւ հիմիկվանից փորձում են ընտրությունների արդյունքների վրա ցեխ շպրտել ու մրոտել այդ գործընթացը: Նրանց բացասական վերաբերմունքն «Exit pall»-ի նկատմամբ պայմանավորված է հենց դրանով: ԱՄՆ դեսպանատունն իր տարածած հայտարարության մեջ էլ հստակ ընդգծել էր, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր ապահովել այնպիսի մի գործընթաց, որը կբավարարեր բոլոր կողմերին: Նաեւ մտահոգություն էին հայտնել, թե ընտրություններից հետո հնարավոր է երկրում այնպիսի պրոցես սկսել, որին այս կամ այն կերպ կարող էր խթանել «Exit pall»-ի արդյունքները: Դա էր պատճառը, որ նրանք հրաժարվեցին այդ գաղափարից:

– ԱՄՆ-ը «Exit pall» անցկացնելու բավական լուրջ փորձ ունի, եւ նրանց այդ պարզաբանումը, թե չէին կարող կարճ ժամանակահատվածում ապահովել այնպիսի գործընթաց, որը կբավարարեր բոլոր կողմերին, արդյոք թերահավատություն չի՞ առաջացնում:

– Եթե որեւէ երկիր ինչ-որ երկրում ուզում է ինչ-որ միջոցառում իրականացնել, ապա նպատակը մեկն է` օգնել այդ երկրին, որպեսզի տեղի ունեցող գործընթացները լինեն հրապարակային, եւ դրանց արդյունքները հավատ ներշնչեն հասարակության մեջ: Բայց եթե իրենք այդ ցանկությամբ փորձում են իրականացնել մի գործողություն, որը տարբեր կերպ է ընկալվում ու մեկնաբանվում տարբեր քաղաքական ուժերի կողմից` այլեւս անիմաստ է: Այսինքն` եթե այն բարի նպատակը, որն իրենք ուզում են իրականացնել, չի ծառայելու իր նպատակին, այլ` հակառակ միտումներն է ունենալու հետընտրական փուլում, ապա ԱՄՆ կառավարության այդ որոշումը շատ բնական է: Այո, այսքան կարճ ժամանակահատվածում նրանք չէին կարող նոր մեթոդոլոգիա կամ տեխնոլոգիա մշակել, որը կբավարարեր բոլորին:

– Արդարացի՞ չէին ընդդիմության պնդումները, որ Գեւորգ Պողոսյանը, ում վերապահվել էր «Exit pall»-ի իրականացումը, չէր կարող անաչառ լինել, քանի որ նա իշխանամետ էր, եւ նրա կողմից անցկացված ցանկացած նման գործընթաց լինելու էր հօգուտ իշխանությունների: Հնարավո՞ր չէր փոխել Գ. Պողոսյանին եւ «Exit pall»-ը վստահել մեկին, ով քիչ թե շատ չեզոք է:

– Այստեղ խնդիրն ամենեւին էլ անձերի մեջ չէ: Եթե նրա փոխարեն մեկ ուրիշը լիներ, միեւնույն է` մոտեցումը դարձյալ նույնն էր լինելու: Եթե ընդդիմությունը ցանկություն ունի, որ «Exit pall»-ն ամբողջությամբ իրականացվի օտարերկրացիների միջոցով, ապա դա անհնարին է: Որեւէ երկիր չի համաձայնվի այդքան թվով մարդ բերել Հայաստան ու «Exit pall» անցկացնել: Բացի դա, միեւնույն է` այդ օտարերկրացիների կողքին պետք է նստեր մի հայ թարգմանիչ, չէ՞, որպեսզի նրանց համար թարգմաներ: Այդ ժամանակ էլ ընդդիմադիրները կասեին, թե թարգմանիչներն են իշխանությունների կողմից եւ սխալ են թարգմանել: Այսինքն` եթե ցանկանում ես առիթ փնտրել որեւէ բան սեւացնելու համար, միշտ կգտնես: Այսօր Գ. Պողոսյանի մասին են ասում, վաղը` մյուսի մասին էին ասելու: Այնպես որ` սա քաղաքական մոտեցում է եւ ամենեւին էլ կապված չէ անձերի հետ: «Exit pall»-ի չանցկացումն ամենաշատը ձեռնտու էր ընդդիմությանը, որովհետեւ մտավախություն ունեին, որ դրա արդյունքներից հետո իրենց սցենարը կտապալվեր: