«Բոլոր խոստումներս կատարել եմ»

27/01/2008 Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ Սյունիքի մարզում քարոզարշավը սկսել է Սպանդարյան, Անգեղակոթ գյուղերի եւ Սիսիանի բնակիչների հետ հանդիպումներով:

«Հայաստանի երաշխավորը Սերժ Սարգսյանն է», «Մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է» կարգախոսներով եւ աղուհացով էին մարդիկ դիմավորում նրան: Սիսիանում Ս. Սարգսյանը բնակիչների հետ զրուցելիս ասել է, որ մեկ ամիս անց յուրաքանչյուրը պետք է մտնի ընտրախցիկ՝ ընտրություն կատարելու` անսալով իր մտքին ու խղճին: Եվ միայն այս հանդիպմամբ չէ, որ ընտրողները պետք է կողմնորոշվեն: Շատերն իրենց ընտրությունը կատարել են` ծանոթանալով թեկնածուների անցած ճանապարհին, կատարած աշխատանքին, ծրագրերին: «Ես ցանկանում եմ դառնալ ՀՀ նախագահ` ձեզանից յուրաքանչյուրի օգնության եւ քվեի կարիքն ունենալով, որպեսզի իմ եւ ձեր բոլորի երեխաներն ու թոռնիկներն ապրեն ավելի լավ Հայաստանում: Ես հստակ գիտակցում եմ, որ իմ թոռնիկը կարող է սովորել այնպիսի դասարանում, որտեղ բոլորը բարեկեցիկ են ապրում, որտեղ բոլոր ուսուցիչները կատարելապես տիրապետում են իրենց մասնագիտությանը, գոհ են աշխատավարձից եւ իրենց վիճակից, կարող են լիարժեք գիտելիքներ հաղորդել: Իմ թոռնիկը պետք է ապրի մի երկրում, որտեղ կարիքավորներ չկան, աղքատություն չկա: Մենք մեծ քայլ ենք կատարել այս ուղղությամբ, սակայն բազմաթիվ խնդիրներ, չլուծված հարցեր կան: Դեռեւս 20 տոկոս աղքատություն կա Հայաստանում, բայց եթե համեմատենք 5-10 տարի առաջվա Հայաստանի հետ, տարբերությունը նկատելի է: Ես ցանկանում եմ իսկապես վերացնել աղքատությունը, իսկ 2012 թվականին կարիքավորությունն ընդհանրապես կվերանա»,- նկատել է Ս. Սարգսյանը:

Բարձրանալու են կենսաթոշակները, աշխատավարձերը, կրկնապատկվելու է բյուջեն, համախառն ներքին արդյունքը եւ սոցիալական ծախսերը: Ս. Սարգսյանը հիշեցրել է խորհրդարանական ընտրություններից առաջ իր կողմից տրված խոստումները` կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու մասին, որոնք արդեն կատարվել են: «Մենք ունենք մեծ պոտենցիալ, մեծ հեռանկար, պետք է համոզմունք ունենալ, որ վաղն ապրելու ենք ավելի լավ. առանց այս մթնոլորտի փոփոխության դժվար թե ինչ-որ բան ստացվի: 15 տարի առաջ հավատալը դժվար էր, որ հաղթելու ենք պատերազմում, բայց հաղթեցինք մեր ժողովրդի զրկանքների, մեր ընկերների անձնազոհության շնորհիվ: Ամենակարեւորն այն էր, որ կային մարդիկ, ովքեր համոզված էին այս հաղթանակի մեջ, հիմա էլ, եթե չլինի համոզմունքը, որ ապրելու ենք բարեկեցիկ Հայաստանում, չենք կարող հասնել դրան»,- ընդգծել է նա: «Մի քանի տարի անց Սիսիանում եւ Գորիսում լինելու են դպրոցներ, առողջարանային հիմնարկներ, որոնք իրենց կրթական եւ ծառայություններ մատուցելու որակով չեն զիջելու մյուսներին: Պետք է հնարավորություններ ստեղծել զարգացման համար, եւ դա իրագործելի է միայն ժողովրդական լայն զանգվածների աջակցության շնորհիվ,- ավելացրել է Ս. Սարգսյանը, եւ շարունակել,- Եթե դուք գտնում եք, որ չեմ արդարացրել վարչապետության 8 ամիսների ընթացքում ձեր վստահությունը, ապա կարող եք հանգիստ խղճով ուրիշի օգտին քվեարկել: Եթե ոչ, ապա աջակցեք, որպեսզի գնամ ավելի բարդ աշխատանք կատարելու: Ես ցանկանում եմ դառնալ հանրապետության նախագահ, որպեսզի մեր ընկերների կյանքի եւ զրկանքների գնով տարած հաղթանակը ռազմի դաշտում վերածնվի դիվանագիտական հաղթանակի»:

Ի դեպ, ի տարբերություն ՀՀ նախագահի մյուս թեկնածուների, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի, որն իր ելույթներում հիմնականում խոսում է Սերժ Սարգսյանի մասին, Ս. Սարգսյանն ընդհանրապես նրան չի անդրադառնում: Նա ընտրողների հետ բացառապես զրուցում է արված աշխատանքների եւ իր ծրագրերի մասին: