Մաֆիան կարող է եւ վրիպել

27/01/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Որքան շատ հիմարություններ եմ ես անում, այնքան ավելի հանրահայտ ու սիրված եմ դառնում:
Ջոն Քենեդի

Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Սակայն սա պարզապես պաշտոնական մեկնարկն էր: Բոլորն էլ հասկանում են, որ իրականում այն սկսվել էր դեռ 2007թ. սեպտեմբերին: Նմանատիպ սխեմայով էր անցնում նաեւ մեր թերթում տպագրվող «Մաֆիա» խաղը, որի մասնակիցները ՀՀ նախագահի թեկնածուներն են: Խաղը սկսվեց անցյալ տարի, իսկ շարունակությունը կարող եք կարդալ հիմա, երբ քարոզարշավը պաշտոնապես սկսվել է: Հիշեցման կարգով նշեմ, որ արդեն խաղից հեռացվել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Արման Մելիքյանը եւ Տիգրան Կարապետյանը (Իրականում վերջին երկուսը դեռ շարունակում են պայքարը: Սակայն բոլորին էլ պարզ է, որ այդ պայքարն անիմաստ է, անկախ այն հանգամանքից` նրանք «կարմի՞ր» են, թե՞ «սեւ»: Թեեւ խաղն ավարտվելուց հետո բոլորն էլ կիմանան՝ ո՞վ էր «սեւ», ո՞վ` «կարմիր»): Իսկ վերջին հոդվածում կանգ էինք առել այն պահին, երբ վարողը գիշեր էր հայտարարել:

Ռոբերտ Քոչարյան – Գիշեր: Մաֆիան դուրս է գալիս որսի եւ անցնում Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, Վահան Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արտաշես Գեղամյանի, Սերժ Սարգսյանի, Արամ Հարությունյանի կողքով եւ հեռանում: Աչքերը բացում է «Դոնը» եւ փնտրում «Շերիֆին»: Փակում է աչքերը: Աչքերը բացում է «Շերիֆը» եւ փնտրում «սեւերին»: Փակում է աչքերը: Բարի լույս: Առավոտն, իրոք, բարի է, քանի որ «մաֆիան» վրիպել է:

Ռ.Ք.- Օր երրորդ, եւ խոսքը տրվում է Վահան Հովհաննիսյանին:

N4 Վ.Հ. – Շատ լավ է, որ «մաֆիան» վրիպել է: Սովորաբար նման դեպքերում, առաջարկում են ոչ մի թեկնածություն չդնել, որպեսզի ոչ մեկը խաղից դուրս չգա, եւ «Շերիֆը» հանգիստ կարողանա ստուգումներ կատարել: Բայց կարծում եմ, արդեն ժամանակն է, որ «Շերիֆը» բացվի եւ ասի, թե ո՞ւմ է ստուգել, որ մենք էլ հասկանանք` ինչ անենք: Հիմա ես կարող եմ ասել միայն, որ ձեր Վահանը ես եմ: Առայժմ՝ այսքանը:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է N6-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանին:

N6 Լ.Տ.Պ. – Վահան ջան, ես լրիվ համաձայն եմ քեզ հետ, բայց երեւի մոռացել ես, որ Գեղամյանն առայժմ խաղի մեջ է, իսկ դա նշանակում է, որ իմ թեկնածությունը նա անպայման կդնի: Այդ իսկ պատճառով, իմաստավորելով անցյալը, ես դնում եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Բայց եթե բոլոր «կարմիրները» չմիանան ինձ, ապա ես Վազգեն Մանուկյանի թեկնածությունը կհանեմ: Բայց իմացեք, որ էս «կռուգում» ես կրած եմ:

Ռ.Ք. – Շնորհավորում եմ, պարոն Տեր-Պետրոսյան: Խոսքը տրվում է Արտաշես Գեղամյանին:

N7 Ա.Գ. – Ընդունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Մենք պետք է փրկենք «կարմիրներին» եւ խաղից հանենք ՀՀՇ-ին: Ես արարիչ եմ: Քրիստոսը եկավ, որպեսզի մարդկությունը փրկվի: Լեւոնը պետք է գնա, որ մարդկությունը փրկվի: Մենք պետք է կարողանանք ներել: Եվ ես ներում եմ բոլորին, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից: Աստված ասել է, երբ հարվածում են Ձեր դհոլին, դեմ տվեք Ձեր դհոլի մյուս երեսը:

Ռ.Ք. – Պարոն Գեղամյան, Ձեր ժամանակը սպառվեց: Խոսքը տրվում N8-ին` Սերժ Սարգսյանին:

N8 Ս.Ս. – Հարգելի «կարմիրներ»: Ժամանակն է, որ «կարմիրներն» առաջ գնան: Մինչեւ այժմ մեր խաղացած համարյա բոլոր խաղերում «սեւերը» հաղթել են: Հիմա էլ «սեւերը» շարունակում են իրենց «սեւ PR-ը»: Ես կոչ եմ անում, որպեսզի «կարմիրները» համախմբվեն: Որովհետեւ մենք միայն համախմբված կարող ենք առաջ գնալ: Առա՛ջ, «կարմիրներ»: Առաջ, Հայաստան:

Ռ.Ք.- Ես կարծում եմ, որ «կարմիրները» պետք է առաջին փուլում հաղթեն: Հակառակ պարագայում, եթե 2-րդ փուլ լինի, ապա «կարմիրներն» իրենց հաղթանակով պարտական կլինեն վարողին: Իսկ հիմա խոսքը տրվում է Արամ Հարությունյանին։

N9 Ա.Հ. – Ես լիքը համալսարաններ եմ ավարտել ու ԱԻՄ-ում միշտ երկրորդ տեղն եմ գրավել: Բայց հիմա երկու լուր ունեմ. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Որի՞ց սկսեմ:

Ա.Գեղամյան – Ես որ կինո «Նաիրի» էի ապրում, քո նմաններին այնտեղ բայղուշ էին ասում: Միայն լավը ասա, վատը մի ասա:

Ռ.Ք. – Պարոն Գեղամյան, Դուք ստանում եք երկրորդ նախազգուշացումը:

N9 Ա.Հ. – Լավն այն է, որ ուզում եմ իմ թեկնածությունս հանեմ: Իսկ վատն այն է, որ չեն թողնում: Ես ուրիշ թեկնածություն չունեմ:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է N1-ին` Վազգեն Մանուկյանին:

N1 Վ.Մ. – Մինչ այժմ առաջարկված թեկնածուներին մենք պետք է փոխենք, ոչ թե հարմարվենք ուրիշների ներկայացրած թեկնածուներին: Առավել եւս, որ մինչ այժմ թեկնածուներ են ներկայացրել միայն Խորհրդային անցյալ ունեցող Արտաշես Գեղամյանը եւ 1996թ. ինձ պարտված Լեւոն Տեր-Պետրոսյանը:

N6 Լ.Տ.Պ. – Ես Ձեզ չեմ պարտվել: Դա ընդամենը Ձեր անձնական կարծիքն է, որը ես հարգում եմ:

Ռ.Ք. – Պարոն Տեր-Պետրոսյան, Դուք արդեն խոսել էիք: Ձեր ժամանակն արդեն անցել է: Ստանում եք առաջին նախազգուշացումը:

N1 Վ.Մ. – Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բայց դա չի նշանակում, որ ես քվեարկելու եմ իր դեմ:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է Արթուր Բաղդասարյանին:

N2 Ա.Բ. – Եթե ճիշտն ասեմ, ապա առաջարկված բոլոր թեկնածուներն էլ ինձ բավարարում են: Այնպես որ, ես մի քիչ էլ կմտածեմ եւ կքվեարկեմ հանուն նոր «կարմիրների»: Բայց եթե ավելի անկեղծ լինեմ, ապա առաջարկում եմ նոր խաղ սկսենք, որտեղ կլինեն միայն «կարմիրներ», իսկ «սեւերը» մեր նոր խաղում տեղ չեն ունենա: Բայց հիմա առաջարկում եմ՝ հանենք Արամ Հարությունյանին: Առավել եւս, որ մարդն ինքն էր ուզում դուրս գալ խաղից:

Ռ.Ք. – Երրորդ օրվա արդյունքներով՝ ունենք չորս թեկնածություն` Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան եւ Արամ Հարությունյան: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Վազգեն Մանուկյանը: 1 ձայն: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2 ձայն: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Սերժ Սարգսյանը: 1 ձայն: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Արամ Հարությունյանը: 3 ձայն: Ձայների մեծամասնությամբ խաղը լքում է Արամ Հարությունյանը: Պարոն Հարությունյան, Ձեր վերջին խոսքը:

N9 Ա.Հ. – Էս ի՜նչ լավ պրծա:

Ռ.Ք. – Իսկ մեզ մոտ գիշեր է: Եվ «մաֆիան» դուրս է գալիս որսի:

Շարունակելի