Հայաստանի տնտեսությունը բավական կապված է համաշխարհային տնտեսության հետ: Խոսքն, իհարկե, տնտեսության իրական հատվածի մասին չէ: Մեր արտահանումների մեջ ամենամեծ ապրանքն աշխատուժն է: Հայաստանի բնակչության էական հատվածն ապրում է արտագնա աշխատուժի հաշվին: Հասկանալի է, որ արտասահմանում նրանք աշխատավարձ ՀՀ դրամով չեն ստանում: Արտերկրի հարազատներից ստացվող օգնությունները եւս հայկական դրամով չեն առաքվում: Հենց այս պատճառով էլ մեր տնտեսության վրա էական ազդեցություն ունի այն ամենն, ինչ կատարվում է համաշխարհային շուկայում: Հատկապես դոլարի հետ կատարվող գործընթացները: Բայց դրանք տնտեսագիտական համաչափություններով գնահատելը ճիշտ չէ: Մեր արտագնա աշխատուժի հիմնական շուկան Ռուսաստանն է: Այս երկիրը գտնվում է դոլարի ազդեցության գոտում: ՌԴ իշխանությունները փորձում են երկրի տնտեսությունն ազատել դոլարի ազդեցությունից: Եվ քանի որ ռուսական իշխանությունները փորձում են ազատ փոխարկելի դարձնել սեփական ռուբլին, մյուս տարադրամների` մասնավորապես եվրոյի ազդեցությունն այդքան նկատելի չէ Ռուսաստանի տնտեսության վրա: Հայաստանցիների՝ մյուս երկրներից ստացվող ֆինանսական օգնությունները եւս հիմնականում այս տարադրամով են ստացվում: Հետեւաբար՝ հայաստանցի տնտեսագետները միշտ առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում, թե ինչ է կատարվում աշխարհի խոշորագույն սակարաններում: ԱՄՆ ֆոնդային վերջին ճգնաժամին այդ երկրի ֆինանսական իշխանությունները արագ ու համարժեք պատասխան տվեցին: Համերկրային պահուստային համակարգը (ՀՊՀ), որն ԱՄՆ-ում կատարում է կենտրոնական բանկի գործառույթները, հայտարարեց բանկային վարկի հաշվադրույքի իջեցման մասին՝ 4,25-ից մինչեւ 3,5 տոկոս: 0,75 տոկոսանոց իջեցումն աննախադեպ էր: Վերջին տարիներին հաշվեդրույքի իջեցման դրույքը չի գերազանցել 0,25 տոկոսը: Ֆինանսական առաջին վերլուծություններն արդեն կան: ԱՄՆ իշխանություններն էժանացնում են վարկի տեսքով տրվող փողի գինը: Հետեւաբար՝ վարկերը կդառնան ավելի հրապուրիչ, ու ֆինանսական շուկայում կավելանա դոլարի զանգվածը: Պարզ է, որ դա կհանգեցնի դոլարի նոր արժեզրկման համաշխարհային շուկայում: Ռուս տնտեսագետների մի մասը կատարվածը համեմատում է խորհրդային ֆինանսական շուկայի փլուզման հետ: Արեւմտյան մասնագետները եւս գտնում են, որ կատարվածը խորը ճգնաժամի հետեւանք է: Բայց այդքան հոռետես չեն: Անգամ նրանք, ովքեր իրավիճակը համեմատում են 1929-33թթ. Մեծ ճգնաժամի հետ: ԱՄՆ տնտեսության ցանկացած վերլուծության հիմքում պիտի լինի այն փաստը, որ զուտ ֆիզիկական ծավալով այն ամեմամեծն է աշխարհում: Հետեւաբար՝ ենթադրությունները, որ ամերիկյան ֆինանսական շուկան կարող է փլուզվել, լուրջ չեն: Մեզ` հայաստանցիներիս, բնականաբար, հետաքրքրում է, թե ի՞նչ կկատարվի մեր շուկայում: Այն, որ մեր երկրում բնակչության ֆինանսական խնայողությունները մեծ չեն, գաղտնիք չէ: Հետեւաբար՝ խնայողությունների արժեզրկումը քչերին է սպառնում: Փոխարենը՝ լուրջ խնդիրներ կունենան բոլոր համահայկական կառույցները: Նրանց ֆինանսական հիմնական աղբյուրները դոլարի ազդեցության գոտում են: Խոսքն առաջին հերթին Հայ Առաքելական ս. Եկեղեցու, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՕՖ-ի մասին է: Օրեր առաջ կայացած հեռուստամարաթոնով Շուշիի վերականգնման համար էլ գումարի մեծ մասը ԱՄՆ դոլարով հանգանակվեց: Անգամ մեր իշխանություններն ընդունում են, որ Հայաստանում դոլարի վերջին արժեզրկումը սպեկուլյատիվ խաղերի հետեւանք էր: Այս պարագայում համահայկական կառույցների իրականացվող աշխատանքները նկատելիորեն կկրճատվեն: Ենթադրվում է, որ այս տարի ներքին շուկայում կավելանա ռուսական ռուբլու զանգվածը: Այդ երկիր արտահանված աշխատուժի դիմաց ստացվող փոխանցումները կկատարվեն ռուբլով: Սակայն դրությունն էականորեն չի փոխվի` արտաքին շուկայում տեղի ունեցող դոլարի արժեզրկմանը կգումարվի ներքին շուկայի տարադրամային արժեզրկումը: Հետեւաբար՝ արտաքին շուկայում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունն անհամեմատելի է այն ամենի հետ, ինչ կատարվում է ներքին շուկայում: Որքան էլ համեմատություններ հորինենք: Արտաքին շուկայում բուսական յուղի` ձեթի 20-30 տոկոսանոց գնաճը միշտ էլ բավարար հիմք է, որ ներկրող մոնոպոլիստը ներքին շուկայում այն բարձրացնի 100-ից ավելի բարձր տոկոսով: Համաշխարհային ֆինանսական շուկաներում ընթացող ճգնաժամի այս օրերին դոլարի ներհայաստանյան փոխարժեքը բոլորովին հակառակ վարք ցուցաբերեց: Այն նույնիսկ երկու-երեք դրամի չափով արժեւորվեց: Սա էլ, թերեւս, լրացուցիչ փաստարկ է այն տնտեսագետների համար, ովքեր պնդում են, որ մեր տնտեսությունը բավական ինքնատիպ մեթոդներով է կապված համաշխարհայինի հետ: