«Սովետի վախտ էին ձեր կարծիքը հաշվի առնում, իսկ հիմա՞»…

27/01/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ խմբագրություն էին դիմել Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի բնակիչներն, ովքեր խնդրում էին արձագանքել հանրակացարանում տիրող իրավիճակին:

Բանն այն է, որ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի նախաձեռնությամբ հանրակացարանի 2-րդ հարկն ամբողջությամբ քանդվում է հյուրանոց կառուցելու նպատակով: Բնակիչների հավաստմամբ` տեւական ժամանակ է, ինչ հանրակացարանի երկրորդ հարկը վերածել են ավերակի, իսկ տեղի բնակիչներին տեղափոխել են այլ հարկեր: Հանրակացարանի բնակիչներին առանց տեղեկացնելու շինարարություն են սկսել, բացի այդ, 2-րդ հարկի խողովակները փոխելու նպատակով փակել են խմելու ջրի եւ կոյուղագծերը: «Բոլոր հարկերի ընդհանուր զուգարաններում սարսափելի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել, անգամ զզվում ենք ոտք դնել: Մեզ ասացին, որ 3 օր է տեւելու էդ ամենը, բայց արդեն շաբաթներ է, ինչ ջուր չունենք»,- ասում են բնակիչներն, ովքեր այս ցուրտ պայմաններում ստիպված են դույլերով ջուր տեղափոխել: Ի դեպ, շինարարություն կազմակերպողներն առանց հանրակացարանի բնակիչների կամքը հաշվի առնելու՝ բոլոր սենյակների խողովակաշարերի շուրջը մեծ խոռոչներ են առաջացրել, ինչի արդյունքում շինաղբն ու փոշին լցվում են սենյակներ: Մեր այցելության ժամանակ ականատես եղանք, թե ինչպես խոհանոցում կանգնած կնոջ գլխավերեւի մոտ թափվեցին հսկայական քարեր. «Տեսնում եք, չէ՞, լավ է` մի քիչ էն կողմ էի կանգնած, թե չէ ամբողջ հողն ու քարերը գլխիս էին լցվելու: Էն օրը պրարաբին ասում եմ` ո՞նց կլինի էսպես, էս ցուրտ եղանակին առանց մեր համաձայնությունը հարցնելու՝ ջրերը փակեցիք ու մեզ ահավոր վիճակում թողեցիք: Պրարաբն ասում է` էդ Սովետի վախտ էր, որ ձեր կարծիքը պիտի հարցնեինք, իսկ հիմա կարեւոր չի»,- պատմում է բնակիչներից մեկը: Տեղի բնակիչները նաեւ մտավախություն ունեն, որ երկրորդ հարկում կառուցվող հյուրանոցը հետագայում կընդլայնվի, եւ իրենց դուրս կվռնդեն: Նրանք վկայում են, որ հանրակացարանի 6-րդ մասնաշենքը նմանատիպ ճակատագիր է ունեցել. սկզբում՝ առաջին հարկը, իսկ հետագայում՝ ամբողջ շենքն են դարձրել հյուրանոց եւ արտասահմանցի ուսանողներին բարձր վարձավճարով տեղավորում են հյուրանոցում: Բնակիչների պատմելով` հանրակացարանի առաջին մասնաշենքի երկրորդ հարկում եվրովերանորոգում են իրականացնում, որպեսզի արտասահմանցի ուսանողներին մեծ գումարներով վարձակալության տան: Այս ամենի արդյունքում հանրակացարանի հարյուրավոր բնակիչներ, ովքեր համարվում են վարձակալներ, քանի որ վարձավճար են մուծում` հայտնվել են անելանելի եւ հակահիգիենիկ պայմաններում: Նրանք խնդրում են արձագանքել առկա երեւույթին, այլապես այս ցուրտ եղանակին հնարավոր չէ առանց ջրի եւ կոմունալ պայմանների գոյատեւել: Ավելին` սենյակներում խողովակաշարերի շուրջը քանդած խոռոչներից սաստիկ ցուրտը ներթափանցում է ներս եւ հնարավոր չի լինում սենյակում տաք ջերմաստիճան ապահովել:

Ինչեւէ, այն, որ հանրակացարանում բնակվող հարյուրավոր մարդիկ հայտնվել են, մեղմ ասած, տհաճ իրավիճակում` փաստ է, քանի որ մեր այցելության ժամանակ դրա ականատեսը եղանք, սակայն հետաքրքիրն այն է, որ նույն բնակիչներին ստիպել են պայմանագիր կնքել, ըստ որի՝ նախկին 1800 դրամի փոխարեն՝ այսուհետ նրանք պարտավոր են ամսական 3000 դրամ վարձավճար մուծել: Այս շենքի բնակիչներից յուրաքանչյուրն էլ ապրում է սոցիալական վատ պայմաններում, եւ նյութական նման ճնշումը մարդկանց ստիպում է ենթադրել, որ, այնուամենայնիվ, իրենց նախապատրաստում են շենքից դուրս վռնդվելու եւ շենքն ամբողջությամբ հյուրանոցի վերածելու տրամաբանությանը:

Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի 1-ին մասնաշենքում իրականացվող շինարարության կապակցությամբ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանից: Վերջինս վստահեցրեց, որ հանրակացարանի 2-րդ հարկը ոչ թե վերածվում է հյուրանոցի, այլ` կառուցվում է ապաստան հայցողների համար հատուկ կացարան, որտեղ հանգրվանելու են այլ երկրներից եկած փախստականներ: Հյուրանոց կառուցելու վերաբերյալ բնակիչների պնդումներին ի պատասխան՝ Գ. Եգանյանն ասաց. «Դա վառ երեւակայության արդյունք է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի: Այնտեղ կառուցվում է ապաստան հայցողների համար հատուկ կացարան, որը պարզ հումանիստական դրսեւորում է մեր պետության կողմից»: Ինչ վերաբերում է բնակիչներին պարտադրվող՝ նախկինում 1800, իսկ ներկայումս 3000 դրամ սահմանող վարձավճար մուծելու պայմանագրի խնդրին, ապա Միգրացիոն գործակալության պետը նշեց. «Անկեղծ ասած, դա իմ իրավունքների շրջանակներից դուրս է: Ես չեմ բացառում, որ նման բան կա, բայց այդ հանրակացարանի խնդիրները կարգավորում են բաժնետերերը: Այդ հանրակացարանը տնօրինում են մի քանի ընկերություններ»: Ի դեպ, հանրակացարանի բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, որ այս շենքերը կառավարում են մի քանի փակ բաժնետիրական ընկերություններ, որոնց կառավարիչների թվում է նաեւ Միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանը:

Ի դեպ, քանի որ պրն Եգանյանը շինարարության ընթացքին չի հետեւում եւ տեղյակ չէ հանրակացարանում ստեղծված անհարմարավետ իրավիճակին, ուստի բնակիչներին կոչ է անում ներողամիտ եւ համբերատար լինել: