Շոուն սկսվել է, բիզնեսը՝ նույնպես

27/01/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հասկանալի ու ընդունելի է, որ քաղաքականությունն ու քաղաքական գործիչները յուրահատուկ «ապրանք» են դառնում, եւ պետք է անել այնպես, որպեսզի հասարակության անդամները «գնեն» այն, այսինքն՝ տան իրենց ձայնը։ Յուրաքանչյուր ապրանք լավ է գնվում, երբ այն գրավիչ տեսք, գեղեցիկ փաթեթավորում ունի եւ ճանաչելի է։

Գրավիչը, գեղեցիկն ու ճանաչելին շատ հաճախ խաչվում են սպորտի կամ մշակույթի ներկայացուցիչների մեջ։ Եվ զարմանալի չէ, որ շատ քաղաքական գործիչներ իրենց քարոզարշավի ընթացքում օգտագործում են այն մարդկանց, որոնք հայտնի են։ Այդ ավանդույթի սկիզբը դրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Վիլսոնը, ով 1960-ական թվականներին «Բիթըլզ» խմբի հետ հանդիպումների շարք նախաձեռնեց։ «Բիթըլզի» հետ լուսանկարվելով ու այդ լուսանկարները թերթերում տպագրելով՝ նա զգալիորեն ընդլայնեց իր ընտրազանգվածը։ Հանրահայտ մարդկանց կերպարն օգտագործելով` կարելի է սեփական կերպարն ավելի ճանաչելի դարձնել։ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նմանատիպ քաղաքական տեխնոլոգիա կիրառեց։ Նա իր հեղինակությունը բարձրացնելու համար օգտագործեց Օլիմպիական խաղերի գաղափարը՝ անընդհատ լուսանկարվելով Օլիմպիական խաղերի դրոշի ու օղակների ֆոնին։ Հայաստանում չկան մշակութային ու սպորտային նման վառ սիմվոլներ (հո չե՞ն փորձի քարոզարշավի մեջ ներգրավել, ասենք` Շառլ Ազնավուրին)։

Մեր երկրում սպորտային հաղթանակներն այնքան էլ տպավորիչ չեն (շախմատիստներին չհաշված), փոխարենը՝ մարդկանց ծանոթ են մի քանի դերասանները, մի քանի գրողները եւ բազմաթիվ երգիչները՝ հիմնականում էստրադային ժանրի ներկայացուցիչները։ Ավելի լուրջ երաժիշտները չունեն այնպիսի ճանաչելիություն, որքան ունեն փոփ ժանրում աշխատող երգիչներն ու երգչուհիները, ում դեմքերն արդեն հասցրել են բազմացնել հեռուստաէկրանն ու վերջին տարիներին շատացած գլամուրային ամսագրերը, եւ որոնք պատրաստ են օգտագործվել՝ որոշակի գումարի դիմաց։ Ավելի լուրջ երաժիշտներին օգտագործելն էլ այդքան էլ հեշտ չէ, եթե, իհարկե, նրանք դա չեն անում սրտի կանչից դրդված։ Տիգրան Մանսուրյանի նման մարդը առուծախի չի հանի իր դեմքն ու անունը, եւ երբ նա հայտնվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, ուրեմն՝ կարելի է ենթադրել, որ դա նրա քաղաքացիական որոշումն է։ Որն, ի դեպ, բավականին բարձրացնում է նախագահի թեկնածուի վարկանիշը։ Մեծ հաշվով՝ մեր երկրում չկան այնպիսի մշակութային գործիչներ, որոնք հնչեղ միջազգային համբավ, եւ դրանից բխող՝ անկախ կեցվածք ունենան։ Բոլորը կախյալ են՝ փողից, եթերից, հոնորարներից, ունեն սեփական տունը, թատրոնի կամ համերգասրահի շենքը վերանորոգելու խնդիրներ։ Եվ նրանք մտնում են քարոզարշավի մեջ։ Չնայած հստակ ասել չի կարելի, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին քարոզարշավներում օգտագործելը ցանկալի արդյունքի է հանգեցնում, սակայն մեզ մոտ չեն պատրաստվում այդ պրակտիկայից հրաժարվել։ Մասսայական համերգային միջոցառումները խորհրդային տարիներին շատ պոպուլյար էին, եւ դրանք առայժմ ոչնչով չեն փոխարինվում, քանի որ ակնկալվում է, որ ժողովուրդը թեթեւ եւ ուրախ երգ-երաժշտության կարիքն ունի։ Կլսի եւ ուրախ տրամադրությամբ կգնա իր քվեն տալու։ Նախագահների թեկնածուների շտաբներից շատերը տեղեկացնում են, որ չեն պատրաստվում օգտագործել էստրադային երգիչներին ու դերասաններին, սակայն ակնհայտ է, որ տարբեր տեսակի ու տրամաչափի համերգային միջոցառումների անցկացումը եւ այդ միջոցառումների ընթացքում այս կամ նախագահի թեկնածուի օգտին քարոզելը շուտով նկատելի կդառնա։ Համերգների կամ հավաքների ժամանակ երգիչներն ու դերասանները բեմից կամ ֆուրշետի ժամանակ կսկսեն հասարակությանը «ճիշտ ընտրություն կատարելու» հորդորել եւ համոզել, որ դա անում են սրտի կանչով։ Եվ որքան էլ որ նրանք ասեն, թե դա իրենց աշխատանքն է, որ երգելով են իրենք միայն գումար աշխատում ու միտք էլ անգամ չունեն մեծ քաղաքականության մեջ մտնել, միեւնույն է, նրանք հայտնվում են խաղատախտակին՝ որպես խաղաքարեր։ Կուզեն՝ նրանց առաջ կքաշեն, կուզեն՝ տեղում կթողնեն, կամ էլ, որ ավելի սարսափելի է՝ օդը կփակեն ու համերգների ու տեսահոլովակների համար գումար չեն նվիրի։ Իսկ մեր երգիչները՝ վտանգավոր խութերը շրջանցելու համար, որոշում են, որ ավելի լավ է քարոզել, քան չքարոզել, քանի որ քարոզելու առավելությունները շոշափելի են։ Այդպես անում են եւ դեռ ավելի մեծ թափով անելու են սիրելի երգիչներից ու երգչուհիներից ոմանք, ում ընտրել է ՀՀԿ-ն։ Ոմանց համերգն անձամբ ֆինանսավորելու է Սերժ Սարգսյանը, եւ նրանք՝ փոխհատուցելով ծախսերը՝ պետք է քարոզեն։ Իհարկե, Սերժ Սարգսյանը մշակույթին եւ մշակույթի գործիչներին մշտապես, տարիներ շարունակ աջակցել է: Ժամանակին հզոր շոու-բիզնեսյան «գրոհ» էր կազմակերպել Բորիս Ելցինի շտաբը, իսկ Վլադիմիր Պուտինն արդեն ավելի զգուշավոր է օգտագործում այդ տեխնոլոգիան։ Թեթեւ ժանրը հակառակ էֆեկտը կարող է ունենալ, քանի որ առանց այդ էլ թեթեւությունը հորդում է էկրանից ու ձայնարկիչներից։ 2007թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Նիկոլա Սարկոզիի քարոզչությանն էին միացել կինոաշխարհի, սպորտի, երգարվեստի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ. մարդիկ, որոնք ունեն իրենց երկրպագուների մեծ բազմությունը: Պարզապես նրանք դա շատ զուսպ եւ գեղեցիկ են անում` առանց ավելորդ դոշ ծեծելու: Իսկ Հայաստանում դա արջի ծառայություն է դառնում: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարողանում է իր ճաշակին ու իր կուսակցությանը հարմար դերասանական կամ երգող տիպարներ գտնել, քանի որ ընտրությունը մեծ է, թեեւ՝ ոչ բազմազան։ ՀՅԴ-ն դեռ անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների օրերին իր յուրահատուկ հիմնը ու Ռուբեն Հախվերդյանի հեղինակային կատարումն է ձեռք բերել։ Արդեն իսկ ազատ ու անկախ թատրոնի ղեկավարներից մեկը ծավալուն քարոզչական մեխանիզմ է ի գործ դրել՝ վստահեցնելու համար, որ միայն մեր երկրի գործող վարչապետը կարող է նախագահ դառնալ։ Թատրոնի շենքը վերանորոգելու ակնկալիքը լռեցնում է թվացյալ անկողմնապահության նշույլն անգամ։ Շատ երգիչներ խոստովանում են, որ փող աշխատել են ցանկանում, մանավանդ, որ փող վճարողներ կան։ Շատերը՝ որոշակի հատուցում ստանալով՝ իրենք սկսում են խոսել մտավորականի պարտականության մասին։ Կարծես թե մտավորականը պետք է ոչ թե լավ գրքեր կամ լավ բեմադրություններ անի, այլ՝ պետք է ուղղորդի։ Շատ արատավոր իրավիճակ է ստեղծվել. «թիմային» մտավորականները կամ երգիչները մրցում են իրար հետ՝ ավելի հզոր ուժին միանալու ու սատարելու համար։ Քարոզարշավը նոր վարկանիշային սանդղակ է ստեղծում, «թեժ տասնյակների» նման, որտեղ մուտք գործելը հավասարազոր է թանկ արժեցող «ռասկրուտկայի»։ Եվ արդեն ոչ թե քաղաքական գործիչներն են օգտագործում «աստղերի» լույսը՝ իրենց քարոզելու համար, այլ՝ «աստղիկներն» են օգտագործում քաղաքական պահը՝ փայլատակելու համար։ Աստեղային ժամը մեկնարկում է։ Իսկ մարդիկ այդ ամենը շատ լավ տեսնում են ու հետաքրքրությամբ հետեւում են շոու-բիզնեսի ներկայացուցիչների տրանսֆորմացիաներին։ Վերջիվերջո, այդ ամենի մրցանակը նրանց ձայնն է։ Իսկ ձայնը կարելի է տալ՝ ում ուզես։ Թեկուզեւ՝ չերգող քարոզարշավ ունեցող թեկնածուներին։