Վերին Դվինը՝ ընտրություններից առաջ

27/01/2008 Մանե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արարատի մարզի Վերին Դվին ասորական գյուղում օրը սովորական չէր: Չնայած սառնամանիքին՝ Մշակույթի տան առաջ հավաքվածների թիվն անընդհատ մեծանում էր՝ կենսաթոշակ էին բաժանում:

Փոստի բաժանմունքում մեծ հերթ էր գոյացել: Վերին Դվինի բնակիչ Թելման Աբրահամովը դեռ չէր ստացել իր թոշակը, դրսում էր սպասում իր հերթին: Գիտեր, որ կենսաթոշակներն այս ամսվանից բարձրացրել են, եւ ուրախությամբ էր նշում, որ 14 հազարի փոխարեն՝ արդեն 25 հազար դրամ կստանա:

Գյուղի Մշակույթի տունը վաղուց իր նպատակին չի ծառայում: Սակայն շենքում, բացի փոստի բաժանմունքից, գործում է նաեւ գյուղապետարանը: Ավելի ճիշտ՝ այն սենյակը, որտեղ աշխատում են գյուղապետը եւ մյուս աշխատակիցները: Այդ սենյակում են տարվում յուրաքանչյուր ընտրություններին նախորդող նախապատրաստական աշխատանքները: Փետրվարի 19-ին էլ Մշակույթի տունը նորից կփոխի նշանակությունը, կդառնա ընտրական տեղամաս: Վերին Դվինում գրանցված է 1473 ընտրող: Նրանցից տասն առաջին անգամ պետք է մասնակցի ընտրություններին, բայց ընտրության օրը հազիվ թե գյուղ գան, որովհետեւ հանրապետությունում չեն: Վերին Դվինի բնակիչներից շատերն են վերջին տարիներին լքել գյուղը: «Մի 400 մարդ կլինի ընտրողներից, որ վաղուց դուրս են եկել համայնքից եւ չեն էլ վերադառնում: Հիմնականում գնացել են Ռուսաստան եւ Ուկրաինա: Նրանց բոլորի անուններն էլ կան ընտրացուցակներում»,- ասում է գյուղապետարանի քարտուղար Միլենա Թամրազովան:

Միլենա Թամրազովան նաեւ պատմում է, որ գյուղում տարիքով մեծ մարդիկ ավելի շատ են, քան երիտասարդները: Գրեթե բոլորը հետաքրքրվում են քաղաքականությամբ: Վերին Դվինում 703 տնտեսություն կա, բնակչության 80 տոկոսն ասորիներ են, 20 տոկոսը՝ հայեր: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, մասնագիտացած են հատկապես ուշահաս լոլիկի աճեցման մեջ: Ասորիներն անտարբեր չեն Հայաստանում կատարվող իրադարձություններին: Այստեղ լրատվության միակ աղբյուրը հեռուստատեսությունն է: Մինչ քարոզարշավը գյուղ տպագիր ոչ մի ինֆորմացիա չի հասնում: Թեկնածուների նախընտրական ծրագրերին ծանոթանում են հիմնականում նրանց հետ հանդիպումների ժամանակ:

Մշակույթի տունը մի կարեւոր նշանակություն էլ ունի Վերին Դվինում: Ամեն օր շենքի դիմաց են հավաքվում գյուղի մեծահասակները: Կատակում են, որ դա էլ իրենց ակումբն է: Թղթախաղ կամ տամա են խաղում ու քննարկում քաղաքական անցուդարձը: Գրեթե բոլորն էլ ասում են, որ մասնակցելու են ընտրություններին:

Իսկ Վերին Դվինի բնակիչ Վիտյա Բաբաեւին քաղաքականությունն այնքան էլ չի հետաքրքրում: Արդեն երեք տարի է՝ գրեթե ամբողջ գյուղը գազիֆիկացվել է, բայց իր տունը գազ չունի: Ստիպված ծառ է կտրում, որ տունը տաքացնի: Չորս երեխաների հայրը ցավով է նշում, որ ստիպված է եղել կտրել նույնիսկ այգու դեղձենին: Իսկ նրա կինը՝ Խաթունը, ասում է, որ ամբողջ օրը հեռուստացույց է նայում, ճանաչում է բոլոր քաղաքական գործիչներին, բայց ընտրության հարցում վստահում է միայն ամուսնուն. «Ինքը ոնց ասի, մենք տենց էլ անում ենք»: Բացի տան ջեռուցման խնդրից՝ Բաբաեւը տարվա այս եղանակին մի խնդիր էլ ունի: Տուն եկող ջրագիծը, որն անցնում է սառած ջրանցքի վրայով, նույնպես սառել է: Վիտյան ամեն օր ջրագծի մոտ կրակ է վառում՝ խմելու ջուր ունենալու համար: Վերին Դվինի ամենահարգված մարդկանցից մեկը Էդուարդ Իոնանովն է: Քսան տարի ղեկավարել է Վերին Դվինը, նույնքան էլ ղեկավարել է ասորական համայնքը: Քառասուն տարվա մանկավարժական փորձ ունի: Ուրախությամբ է նշում, որ կարողացել են պահպանել իրենց ազգային ավանդույթները: Ուրախ է նաեւ, որ Կրթության նախարարության կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ ասորերենը պարտադիր առարկա է իրենց գյուղի դպրոցում: Իոնանովը գրեթե միշտ նախագահել է ընտրական հանձնաժողովները եւ վստահ է, որ իրենց գյուղում ոչ ոք թեկնածուների նախընտրական ծրագրերը չի կարդում: «Նրանք հիմնականում նույն բանն են կրկնում, նույն ծրագրերն են գրեթե բոլորի մոտ՝ չնչին տարբերություններով: Կուզեի, որ ինը թեկնածուներից ով էլ որ կգա իշխանության, ուշադրություն դարձնի գյուղին: Եթե խոսք տան, որ վառելիքն ու պարարտանյութը էժան կլինեն, ապա ժողովուրդը կգնա նրանց հետեւից»,- ասում է Իոնանովը:

Վերին դվինցիները պատմում են, որ իրենց գյուղ ոտք դրած թեկնածուները միշտ էլ պատրաստված են գալիս: Նրանք ճառերում անպայման շեշտում են, թե կարեւորում են ասորիների դերը Հայաստանի կյանքում եւ շռայլ խոստումներ են տալիս: Սակայն ասորիները ցավով են նշում, որ շատ քիչ կենցաղային խնդիրներ են լուծվում, այն էլ՝ իրենց բազմամյա խնդրանքներից եւ պահանջներից հետո:

E-Channel.am