3 մլրդ դրամի տույժ եւ տուգանք

27/01/2008

Երեկ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) պետ Վահրամ Բարսեղյանը ներկայացրել է 2007թ. հարկային մուտքերը եւ 2008թ. կատարելիք աշխատանքները:

Անցյալ տարի հարկային մարմինների կողմից պետբյուջե է մուտքագրվել 284 մլրդ 781 մլն դրամ, ինչը մոտ 65 մլրդ դրամով ավելի է՝ 2006թ. համեմատ: Ըստ Վ. Բարսեղյանի` մասնավորապես երկրորդ կիսամյակում հնարավոր է եղել ապահովել 7-10 մլրդ դրամի ամսական աճ: Հիշեցնենք, որ 2007թ. ամռանը ՀՊԾ պետի պաշտոնից ազատվեց Ֆելիքս Ցոլակյանը եւ փոխարենը նշանակվեց Վ. Բարսեղյանը: Մամուլում հրապարակումներ եղան, թե ՀՀ իշխանությունները հարկային մարմիններին հրահանգել են ավելացնել հարկահավաքման չափը: Քանի որ հարկահավաքները չեն կարող իրենց մուտքերն ավելացնել օլիգարխներին պատկանող խոշոր ընկերությունների հաշվին, դա պետք է անեին փոքր ու միջին բիզնեսի հաշվին: Եվ ահա կարծիք կար, թե Ֆ. Ցոլակյանն ազատվեց պաշտոնից, որովհետեւ չէր կարողանում ապահովել պահանջվող հարկային մուտքեր: Վ. Բարսեղյանի նշանակումից հետո հարկային մուտքերը սկսեցին ավելանալ: Ընդ որում, ՀՊԾ տարածքային կառույցների ղեկավարները դժգոհում են, որ այդ ընթացքում ՀՊԾ-ն աստիճանաբար եւ ի վերջո կրկնակի ավելացրել է իրենց հարկային բեռի չափը: Վ. Բարսեղյանը նաեւ տեղեկացրել է, որ ավելացել են սոցիալական ապահովագրության վճարների մուտքերը եւ 2006թ. 76 մլրդ դրամի փոխարեն՝ կազմել են 88,7 մլրդ դրամ: Բացի այդ, անցած տարի ՀՊԾ-ն մարել է 21,3 մլրդ դրամի գերավճար: ՀՊԾ պետը տեղեկացրել է նաեւ, որ 2006թ. համեմատ աճ է գրանցվել բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ ակցիզային հարկի: 56,4 տոկոսով աճել է ավելացված արժեքի հարկը եւ 56,3 մլրդ դրամի փոխարեն դարձել 88 մլրդ դրամ: Շահութահարկի եւ եկամտահարկի գումարները համապատասխանաբար կազմել են 75,5 եւ 46,8 մլրդ դրամ՝ ինչը 15 եւ 32 տոկոսով գերազանցել է 2006թ. ցուցանիշները: Պարզեցված հարկի մուտքերն ավելացել են 30,8 տոկոսով, որն ընդհանուր հարկային մոտքերում կազմում է 2 տոկոս: Գերազանցվել է նաեւ հաստատագրված վճարների ցուցանիշը եւ 15 մլրդ դրամի փոխարեն մուտքագրվել է 17,8 մլրդ դրամ:

2008թ. հարկային ծառայությունը պետք է հավաքագրի մոտ 365 մլրդ 860 մլն դրամ, ինչը 81 մլրդ դրամով ավելի է 2007թ. նկատմամբ: 2007թ. տարեվերջին, երբ քննարկվում էր ՀՀ պետբյուջեն, այն իր աննախադեպ չափերի պատճառով որակվեց որպես նախընտրական, հավակնոտ բյուջե: Բազմաթիվ մտահոգություններ առաջացան, թե որտեղի՞ց պետք է հավաքվի այդ գումարը, եթե օլիգարխներին պատկանող ընկերություններն ունեն արտոնյալ վիճակ եւ իրենց հարկային մուտքերը համաձայնեցնում են իշխանությունների հետ: Վ. Բարսեղյանը երեկ ասել է, որ այդ 81 մլրդ դրամը հիմնականում հավաքվելու է ստվերի հաշվին: Նախատեսված է, որ այս տարի պետք է հավաքվեն նաեւ 104 մլրդ 902 մլն դրամի պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:

Վ. Բարսեղյանը նաեւ անդրադարձել է 2007թ. ստուգումներին եւ հատկապես ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի հանքային ջրերի գործարանին»: «Հարկային մարմինների ճնշումների մասին խոսելիս հարկատուների մի մասը չի նշում, որ իրենց փաստաթղթերում ներկայացված չեն գործունեության իրական ծավալները: Հորատանցքից ջուր արդյունահանելիս, բնապահպանական պահանջների համաձայն, ջրաչափը պետք է տեղադրվեր անմիջապես աղբյուրի մոտ, մինչդեռ ընկերությունը խախտել է այդ պահանջը եւ արդյունահանվող ջրի ողջ քանակությունը չի արձանագրվել: «Բջնիում» անցկացված ստուգումների արդյունքում արձանագրվել է մոտ 3 մլրդ դրամի տույժ եւ տուգանք»,- նշել է Վ. Բարսեղյանը:

«Բջնի Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ում, իմ կարծիքով, ստուգումները կատարվել են ապօրինի, եւ ստուգման ակտը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանն ու դրա հիման վրա ընդունված օրենքների պահանջներին: ՀՊԾ-ն ընկերության նկատմամբ բնօգտագործման նոր վճարներ է առաջադրել եւ դա արել է ՀՀ կառավարության որոշման սխալ մեկնաբանությունների արդյունքում: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ այս նույն «խախտումները» եղել են 2007թ. հունվարի 1-ի, նաեւ 2006թ. հոկտեմբերի դրությամբ: 2006թ. հոկտեմբերին նույն ՀՊԾ-ն բնօգտագործման վճարների մասով ստուգումներ անելիս դրանք չի համարել խախտում, եւ, բնականաբար, ընկերությանը որեւէ վճար չի առաջադրել: Բնապահպանության նախարարությունը նույնպես 2007թ. հունվարին ընկերությունում կատարել է ստուգում եւ կազմած տեղեկանքում խախտում չի արձանագրել: ՀՊԾ ակտի տուգանքի 95-90 տոկոսը բնօգտագործման վճարներ են: Իմ կարծիքով՝ ՀՊԾ-ն սխալ վերլուծություն է արել: Հանքից արտամղվող ջուրն ամբողջությամբ վերագրել է ընկերությանը: Մինչդեռ ընկերությունը պարտավոր է վճարել միայն իր վերցրած ջրի համար: Իսկ ջուր վերցնող խողովակի վրա հաշվիչ է դրված: Ստուգումների ժամանակ հաշվիչի խախտում եւ հաշվիչից առաջ այլ միացումներ չեն հայտնաբերել: Բնօգտագործման վճար գանձվում է հաշվիչի ցուցիչի հիման վրա, որոնք ամբողջությամբ ու ժամանակին վճարվել են: Ընկերությունը առարկություն է ներկայացրել այդ ակտի վերաբերյալ եւ նախապատրաստում է հայցադիմում վարչական դատարան ներկայացնելու համար»,- ասաց «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուքիասյանների «Պիցցա Դի-Ռոման» տուգանվել էր 150 մլն դրամով: Այս երկու ընկերությունների դեմ հարուցվել էր քրեական գործ: Ավելացնենք, որ Հարկայինը խախտումներ է հայտնաբերել նաեւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Դիլիջան Միգե» ընկերությունում, սակայն վերջինիս նկատմամբ նշանակել է 10 անգամ պակաս՝ 300 մլն դրամի տուգանք: ՀՊԾ պետը տեղեկացրել է նաեւ, որ «Արարատ-ոսկի» ձեռնարկությունը, որի հանդեպ եւս նշանակվել էր տույժ ու տուգանք, արդեն վճարել է 1.5 մլրդ դրամ` ընդհանուր տուգանքի մի մասը: