Հունվարի 19-ին Մոսկվայում հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ կոնֆլիկտ էր տեղի ունեցել: Պատահարի անմիջական մասնակիցներից մեկն «ArmeniaToday»-ին հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության ենթատեքստով առաջացած վեճի պատճառով մետրոյի մոտ «հրաձգություն» է նախատեսված եղել: Սկզբում գնացել են հայերը, հետո նրանց ետեւից «Ալլահ Ակբար» գոչելով եւ ազգային արժանապատվությունը վիրավորող խոսքերով՝ ժամանել է ադրբեջանցիների խումբը` մոտ 30 հոգի: Ընդհանուր առմամբ, կոնֆլիկտի մասնակիցները մոտ 50-ն են եղել: Լեզվակռվից հետո խմբերը ծեծկռտուք են սկսել բակերում եւ փողոցներում. միջամտել են նաեւ իրավապահ մարմինները: Տուժածներ եղել են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ` հայերի շարքում: «Armenia Today»-ի այն հարցին, թե արդյո՞ք կոնֆլիկտի մեջ ներգրավված են եղել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներ, հայ պատանին ընդամենը ծիծաղել է: Իր հերթին, կռվի ականատես մի դաղստանցի նշել է, որ սկզբում ադրբեջանցիների հետ միասին մեկնել է մոտ 15-20 չեչեն եւ դաղստանցի: «Հենց սկզբում մեզ ասացին, որ «բազարը» զուտ կրոնական բնույթ է կրում, որ այն մարդիկ, ում դեմ մենք գնում ենք, վիրավորել են իսլամը: Սակայն հետո` կռվից անմիջապես առաջ, պարզվեց, որ պատճառը հայերն ու Ղարաբաղն են, եւ մենք հեռացանք»,- ասել է դաղստանցին: Պատահարի առիթով ձերբակալվել է 20 հոգի` մանր խուլիգանության եւ հասարակական կարգը խախտելու պատճառով: Ի դեպ, Ռուսաստանի հայերի միությունում հրաժարվել են մեկնաբանություն տալ այս կոնֆլիկտի վերաբերյալ: