«Լուրջ թեկնածուները Սերշն ու Լեւոնն են»

27/01/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մոտենում է ՀՀ նախագահական ընտրությունների օրը: Մարդիկ սկսել են ավելի ներքաշվել ներքաղաքական խնդիրների մեջ` քննարկելով ՀՀ նախագահի այս կամ այն թեկնածուի անձը, գործունեությունը, նրանց ճիշտ կամ սխալ կողմերը: Այդ քննարկումներից անմասն չեն նաեւ տաքսիների վարորդները:

«Դաշնակները չեն փչացել»

Վարորդ Գուրգենը մատնանշելով նախագահի թեկնածու, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հարցազրույցն, ասում է. «Զգում ես, որ մարդու խոսքը կշռադատված ա, ու էն, ինչն ասում ա` հիմնավորում ա: Մյուս թեկնածուների նման քամի չի փչում, չի ասում` սարեր ենք շուռ տալու, հրաշքներ ենք գործելու: Էդ հաղորդումը նայելով՝ ես հասկացա, որ էդ մարդը պատրաստված նախագահ ա, ինքն էդ ուժը ունի, էդ հնարավորությունն ունի, որ համակարգ փոխի: Նրանց նման տարերքի մեջ չի, որ ով ինչ հարց տա, ասի՝ էդ հարցը լուծվող ա: Էդ հաղորդման ժամանակ իրան զանգում-հարցեր էին տալիս, ու ինքը շատ հստակ պատասխանում էր, թե ինչը կարա լինի, իսկ ինչը` անհնար ա: Էս տարիների ընթացքում մեզ էնքան սուտ խոստումներ են տվել, որ արդեն եթե թեկնածուն ասում ա` էսինչ հարցը լուծվող չի, մենք նրան ավելի ենք հարգում, որովհետեւ բոլորն ամեն հարց լուծող են դարձել: Ես ձայնս տալու եմ Վահան Հովհաննիսյանին, որովհետեւ ինքը կրթված, քաղաքականության մեջ եփված ու ազնիվ մարդ ա: Ի վերջո, դաշնակները մեր իշխանության մեջ միակ մարդիկ են, որոնք ինչ-որ չափով ազնիվ են: Եթե բոլոր կուսակցությունների գործունեությունը դիտարկենք` կհասկանանք, որ Դաշնակցական կուսակցությունը սրանցից մի քիչ մաքուր ա: Ճիշտ ա, էս հսկայական ճահճի մեջ իրանք չէին կարա մնալ ափին, ինչ-որ չափով խրվել են, բայց, որ ամենաքիչ փչացած կուսակցությունն ու մարդիկ են` էդ հաստատ: Նախ՝ ես բարձր եմ գնահատում, որ դաշնակները կարողացան Լեւոն Տեր-Պետրոսյանին ներել ու թշնամանքով չեն վերաբերվում իրան, էդ էլ ա խոսում իրանց մարդկային լինելու մասին: Բայց, որ Լեւոնը փորձել ա փչացնել իրանց, էդ հո բոլորս էլ գիտենք, ու էդքանից հետո պետք ա մեծ մարդ լինես, որ իրա հետ մի սեղանի շուրջ նստես»,- իր կարծիքն է ներկայացնում վարորդ Գուրգենը: Նա շատ լավ հիշողություն ունի եւ հետեւում է քաղաքական իրադարձություններին: Ասում է, որ քաղաքական գործիչներ կան, որոնք իրենց պահվածքով վարկաբեկում են իրենց կուսակցությունն ու ղեկավարին. «Օրինակ` հիշո՞ւմ եք Մշակույթի նախկին նախարարին, որի տղան էլեկտրիկին խփել էր («Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով մշակույթի նախարար դարձած Հովիկ Հովեյանին նկատի ունի.- Լ.Ս.): Դա՞ էր գրողն ու պաշտոնյան, որ ողջ հանրապետությունով խայտառակ եղավ: Տեսնես իրան հեռացրի՞ն կուսակցությունից, թե՞ հըլը տենց վիրուսոտ մարդկանց պահում են: Ա՛յ, նրա նմանները մտնում են կուսակցություններ ու վարկաբեկում են ամբողջ կառույցը: Կամ էլ Դուբայից շոր գողացող Հակոբ Հակոբյանը, որն իր արարքով խայտառակ արեց Անդրանիկ Մարգարյանի նման մարդու կուսակցությունը: Մեկն էլ կար, չէ՞, էն կազինոների սիրահարը` Տիգրան Արզաքանցյանը, որ մի 3 ամիսը մեկ ընկնում ա հիվանդանոցի դռները: Ուզում եմ ասել, որ բոլոր կուսակցություններում էլ կան լավ ու վատ, դաստիարակված ու անդաստիարակ մարդիկ, ու չպետք ա դրանցով դատել ամբողջ մի կառույցի մասին: Դաժե նույն ընտանիքում ապրող մարդիկ են լինում լավն ու վատը, դրա համար էլ, երբ Սերժ Սարգսյանին խեղճացնելու համար ախպորն են կպնում` դա առնվազն ստորություն ա: Ամեն մարդ ինքն ա պատասխան տալիս իրա համար: Էսօր Սերժը լավ աշխատում ա, երբ տեսնում ես՝ հանդիպումներ ու բանակցություններ ա անում, բայց էն չուզողներն իրա վրա չեպե չեն կարում գտնեն, ու ախպորն են կպրշկում: Մի խոսքով` կեղտոտ բան ա էս քաղաքականությունը, մարդիկ պատրաստ են ամեն տեսակի ստորության»,- խոսքը եզրափակեց Գուրգենը:

Լեւոնի շրջապատն իրեն հեղինակազրկում է

«Իհարկե Լեւոնին եմ ընտրելու,- ասում է վարորդ Ռոբերտն ու ավելացնում է,- եթե Լեւոնը մի տեղ կա, ուրեմն` նրա մրցակիցների շանսերը զրոյական են: Եթե նույնիսկ ընտրությունների արդյունքներով հաղթի Սերժ Սարգսյանը` իմացեք, որ Լեւոնը կրած ունի, բայց նկարչությունն իրա սեւ գործն արել ա: Լեւոնի միակ թերությունն էն ա, որ իրա շրջապատն իրան հեղինակազրկում ա: Նույնն էլ՝ հիմա, երբ շուրջը հավաքվել են դաունոտ մարդիկ, ովքեր եկել-գնացել են, բայց ժողովրդի համար բան չեն արել: ՀՀՇ-ն անհաջող կուսակցություն ա, ու էսօր, եթե մարդիկ Լեւոնի անունը լսելիս խրտնում են, ապա դա ՀՀՇ անդամների հետ կապված հիշողություններից ա: Ինքը` Լեւոնն, իմ համար մեծություն ա, ու երբեք որեւէ թեկնածուի հետ չեմ փոխի: Եթե ինձ ասեն՝ գնա Լեւոնի համար բուկլետներ բաժանի, կամ էսինչ գործն արա` ես կգնամ ու անշահախնդիր ձեւով կանեմ, որովհետեւ ուզում եմ, որ իմ երեխեքը մեծանան ոչ թե գողական խունտայի սխոդկեքով կառավարած երկրում, այլ` բանիմաց մարդկանց ստեղծած օրենքի երկրում,- ասում է վարորդ Ռոբերտը եւ շարունակում,- Ես ուզում եմ, որ առաջվա պես իմ տան գրադարանը մեծանա, ու ես հպարտանամ իմ գրքերով, համարեմ, որ իմ հարստությունն էդ ա, ու երեխեքս էլ կարդան, ոչ թե սիրուն հեռախոսների ու ավտոների մոլուցքով տառապեն: Մեր երեխեքի մեջ մութ ու ցուրտ տարիների հետքը թարմացնելը շատ հեշտ ա, նրանք մեծ սթրես են ապրել, դրա համար էլ էդ տարիները կոչում են՝ լեւոնական տարիներ, բայց մենք հո գիտենք, որ Լեւոնն իրա խելքով ու հմտությամբ մեր երկրին անկախություն տվեց: Էսօր, երբ կանգնում-ասում են, թե ինքն ուզում ա մեր հողերը հետ տա` ես գժվում եմ, որովհետեւ ղարաբաղյան կլանը շանտաժ անելով ա պահում էդ հողերը: Մեր ժողովուրդը ինքնախաբեությամբ ա ապրում, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ Ղարաբաղի հարցը էս մարդկանց պահող միակ բանն ա: Ճշմարտությունը հաճախ շատ ցավոտ ա, դրա համար էլ Լեւոնի ասածներն էսօր մարդկանց ցավ են՝ պատճառում: Հազարավոր ընտանիքներ տղա են ուղարկել ծառայելու, բայց Ղարաբաղում զոհվել են, ու նման մարդկանց համար Լեւոնի ճշմարտությունն առնվազն դաժանություն ա թվում: Լեւոնը չի խաբում, ասում ա էն, ինչը Սերժն ու Քոչարյանը չեն ասում, որ ժողովուրդն իրանց չքշի»,- ասում է Ռոբերտը:

Դաշնակները միլիոններ են կուտակել

Վարորդ Սմբատը որոշել է, թե ում է ընտրելու: Դաշնակցականներից հիասթափված է, ասում է` «սուտի ընդդիմություն են խաղում»: «Դաշնակ ընկեր Վահանը նախ թող մինչեւ ընտրությունները, եթե ուզում էին օպոզիցիա խաղալ, ինքն ու իրա ընկերները հրաժարվեին աթոռներից: Գիտեք, չէ՞, էդ դաշնակները սուրբ-սուրբ են խաղում, բայց էնքան հողեր են վերցրել էս քաղաքում, էս տարիներին միլիոններ են կուտակել: Ինչ վերաբերում ա Լեւոնին, նա էսօր չի կարողանում իրա կյանքից մի բան հիշի, որ մի լավ գործ արած լինի, դրա համար էլ իրա միտինգներում մենակ խոսում ա էս իշխանությունների մասին, սրանց ա քննադատում: Քննադատելը հեշտ ա: Իսկ տենց անում են էն մարդիկ, որոնք ոչ մի գործ իրանց կյանքում չեն արել: Ոնց որ կնանիք կան, է, որ ուրիշի կյանքով են ապրում ու մեկ էլ տափակ սերիալներով: Որովհետեւ իրանց կյանքը, իրանց գործը չունեն: Խոսում ա` թող ինքն իրա մասին, իրա շրջապատի, իրանց ալան-թալանի, իրանց ժամանակ տեղի ունեցած սպանությունների մասին խոսա, ոչ թե էս իշխանությունների: Տեսնո՞ւմ եք` ինքն ինչքան խոսում ա` էդքան Սերժը նրան բանի տեղ չի դնում, չի էլ պատասխանում: Ես Սերժ Սարգսյանին եմ ընտրելու, էդ մարդը ինչ խոստացել ա` միշտ իրա խոսքի տերն ա էղել, նա ոչ թե մենակ էս քարոզարշավի օրերին ա գյուղեր գնում, այլ միշտ էլ գնացել ա, միշտ ժողովրդի հետ հանդիպել ա: Հլա գնացեք գյուղեր ու հարցրեք մարդկանց` ճանապարհներից սկսած սարքում ա: Աստված չանի` հանկարծ Լեւոնը որ անցնի` մի հատ թախտի վրա կնստի` ոտը ոտին քցած, ու սիրուն-սիրուն ճառեր կասի, ոչ մի բան էլ չի անի: Թերթերիդ գործն էլ կփակի. հեն ա տեսա՞ք էն Բլեյանի կնոջը ոնց հանեցին թերթի խմբագրի գործից, ինչ ա թե` Լեւոնի դեմ քննադատական հոդված էր տպել: Իրա ղեկավարած տարիներին քանի՞ թերթ փակեց: Էդ Բլեյանը խի՞ ձեն չի հանում, զարմանում եմ: Սերժ Սարգսյանը գործ անող մարդ ա, ստից խոսացող չի: Իսկ մեզ հիմա ճառ ասող պետք չի, գործ անող ա պետք»,- ասում է Սմբատը:

«Նեուժե՞լի մարդը կարա տենց դիմակ հագնի»

Վարորդ Սուրենն, ով մեր զրույցների ժամանակ մշտապես գովաբանում էր Արտաշես Գեղամյանին, վերջերս մեծ հիասթափություն է ապրել. «Որովհետեւ ես սիրում եմ պատվիրատուների հետ սենց հավեսով զրույցներ անել, ու հիմնականում նախագահական ընտրություններից ենք խոսում: Էն օրը մեկի հետ սենց զրուցելով գնում ենք: Հարցնում եմ` ո՞ւմ ես ընտրելու, սա, թե` Սերժ Սարգսյանին, ու պատմում ա, որ չի կարա չընտրի, որովհետեւ դպրոցի տնտեսվարն ա, եթե չընտրի` կհանեն: Հետո ինքը հարցրեց, ես էլ ասեցի, որ Արտաշես Գեղամյանին եմ ընտրելու: Դուք պետք ա տեսնեիք, թե դա ոնց բորբոքվեց: Ասում ա` Գեղամյանի նման քծնող մարդ էս երկրում չկա, կանգնում ամբիոններից Սերժին թուք ու մուր ա տալիս, բայց շատ լավ ախպերություն են իրար հետ: Էդ մարդը պատմում ա, որ իրա հորեղբոր տղան կառավարությունում պաշտոնյաներից մեկի վարորդն ա, ու ասում ա` շաբաթը մեկ-երկու անգամ Գեղամյանը գալիս ա վարչապետի մոտ ու երկարատեւ փակվում են: Ես էլ զարմացած ասում եմ` ա՛յ ընկեր ջան, ախր Գեղամյանն աչքով աչք չունի Սերժի հետ, ո՞նց կարա տենց լինի: Հետո էդ մարդը ներքին կուխնյայից նենց բաներ պատմեց, որ մազերս բիզ-բիզ կանգնեցին: Ասում եմ` նեուժե՞լի մարդը կարա տենց դիմակ հագնի,- վրդովված ասում է Սուրենն ու շարունակում,- Ես նույնիսկ չգիտեմ, թե ում եմ ընտրելու, որովհետեւ Գեղամյանն իմ համար նախագահի շատ ցանկալի թեկնածու ա եղել: Բայց ահավոր հիասթափված եմ: «Է, եթե Սերժը լավ մարդ ա, ինչի՞ եք էս ժողովրդի աչքի փուշը սարքել, ինչի՞ եք էդքան թույն թափում: Մի խոսքով, եթե մարդն ընդունակ ա ծախվելու, ուրեմն` նրանից պետք ա հեռու փախնել, վտանգավոր ա թե՛ հասարակության, թե՛ բնության համար: Կարող ա գնամ ու Արթուր Բաղդասարյանին ընտրեմ, թե չէ ուրիշ արժանի մարդ չեմ տեսնում»:

«Ջայլամի քաղաքականությամբ երկիր չես կառավարի»

Վարորդ Մանվելն էլ ասում է, որ ինքը բանաստեղծությունների շարք ունի, եւ խնդրում է մի օր դրանք կարդալ ու խորհուրդ տալ, թե, ասենք, նման բանաստեղծություններ գրող մարդը կարո՞ղ է մյուս ընտրություններին թեկնածություն դնել. «Ես ձեզ հավատացնում եմ, որ դրանք Կարապետիչի ոտանավորներից հարյուր գլուխ լավն են: Ախր զարմանում եմ, որ մի մարդ ամբողջ օրը եթերից հոգեւոր թեմայից ա խոսում, բայց գրած ոտանավորները ոնց որ բառարանից հավաքած զըռ բառերի հավաքածու լինի: Ամոթ էլ ա, էլի, էդ տարիքին կանգնում, իրա վրա ծիծաղել ա տալիս: Ես էլ կարամ իրա մասին մի հատ ցենտր ոտանավոր հորինեմ. Հե՜յ Կարապետիչ, սիրելիս, զմրուխտ, ոսկի, ադամանդ, վեր կաց գնա Վոլգոգրադ, որ մենք վերջում չասենք` ռադ: Լավն էր, չէ՞… Նենց որ, ես էլ կարամ դառնամ նախագահ, Կարապետիչի ստատուսից անցել եմ,- ծիծաղելով ասում է վարորդ Մանվելն ու շարունակում,- Միակ լուրջ թեկնածուները Սերժն ու Լեւոնն են, ու պայքարն իրանց մեջ ա լինելու: Ես կընտրեմ Սերժ Սարգսյանին, որովհետեւ Լեւոնն իմ համար սպառված քաղաքական գործիչ ա: Քաղաքական գործիչն իրավունք չունի 10 տարի որջում քնի ու, երբ եղանակը պայծառանա` քնից արթնանա: Ջայլամի քաղաքականությամբ չես կարա երկիր կառավարես, որովհետեւ հենց մի դժվարություն եղավ` ջայլամի պես գլուխդ կթաղես հողի մեջ»: