Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշ
ներկայացուցիչների խոսքերով, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նեղ
շրջանակներում լուրեր է տարածել, թե «Ա1+» հեռուստաընկերության նախագահ
Մեսրոպ Մովսեսյանը դիտավորյալ «լավ ծրագիր» չի ներկայացնում մրցույթի,
քանի որ որպես փակված հեռուստաընկերություն՝ միջազգային մի շարք
կազմակերպություններ իրեն գումար են փոխանցում: «Ա1+» հեռուստաընկերության
նախագահ Մեսրոպ Մովսեսյանն, այս առնչությամբ ասաց. «Պարոն Ամալյանը կա՛մ
անգրագետ է, կա՛մ ուզում է իրեն անգրագետի տեղ դնել: Մեր ներկայացրած
բոլոր առաջարկները լավագույնն են եղել: Դա ես պնդում եմ ու կարող եմ
ապացուցել, եթե պարոն Ամալյանին պետք է: Պարոն Ամալյանը միտումնավոր է
այդպիսի միտք տարածում՝ դրանով իսկ փորձելով պաշտպանվել ու տպավորություն
ստեղծել, թե «Ա1+»-ը պարտվել է ոչ թե հանձնաժողովի, այլ
հեռուստաընկերության ներկայացրած վատ ծրագրի պատճառով: Լավ՝ պարտվել էր
առաջին անգամ, երկրորդ անգամ, ութ անգամ պարտվե՞ց: Ինչի՞ է պարոն Ամալյանը
կարծում, թե Հայաստանում «Ա1+»-ն ամենաթերի եւ ամենավատ
հնարավորությունների տեր հեռուստաընկերությունն է: Այսօր եթերում երբ
տեսնում եմ այն խեղկատակությունը, ինչ կատարվում է, կարելի է մտածել, որ
դա է Ամալյանի համար լավագույնը, երեւի դա է պարոն Ամալյանի չափանիշը: Ես
նորից եմ պնդում, եթե դա է իր չափանիշը, ուրեմն պարոն Ամալյանն իր ամբողջ
կազմով անգրագետ հավաքածու է, որը միանշանակ պետք է հեռանա»:
Լ.Ս.