Ակնո՞ց, թե՞ լազերային վիրահատություն

27/01/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Օպտիկական ակնոցների իսրայելական շուկայում շրջանառության մեջ է դրվում տարեկան 200 մլն շեկելեյ (իսրայելական տարադրամն է) արժողությամբ ակնոց, 300 մլն շեկելեյի`կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ), չմոռանանք նաեւ տեսողության լավացման նպատակով կատարվող միլիոնավոր լազերային վիրահատությունների մասին: Այս ամենի մեջ դժվար է կողմնորոշվել` ի՞նչն է ավելի արդյունավետ, ի՞նչը` ոչ:

Ակնոցների հիմնական առավելությունը նրանց հարմարավետությունն է: Դրանք կարելի է ցանկացած րոպեին հանել ու նորից դնել: Բացի այդ, ակնոցը կարելի է փոխել 2 տարվա ընթացքում, ինչը չի կարելի ոսպնյակների (լինզաների) դեպքում: Իհարկե, ակնոցն էլ ունի իր թերությունները` տեսողության ոչ ամենաճշգրիտ շտկում է ապահովում, մեծ հեռատեսության ժամանակ աչքերը նմանվում են բվի աչքերի, իսկ կարճատեսության ժամանակ` մկան:

Ոսպնյակի առավելությունը տեսողության հնարավորինս ճշգրիտ շտկումն է: Իսկ ոսպնյակի թերությունն այն է, որ աչքի մեջ միշտ օտար մարմնի զգացողություն է լինում: Բացի այդ, այն վտանգավոր է աչքի ցանցենու համար` ոչ ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է նույնիսկ տեսողության կորուստ, մինչեւ իսկ՝ կուրություն: Ոսպնյակները կարելի է բաժանել մի քանի ենթատեսակների` փափուկ, կիսակոշտ, կոշտ, շնչող, աստիգմատիզմ ունեցողների համար եւ այլն: Ոսպնյակներն ունեն նաեւ գազադիմացկունություն, եւ ինչքան այդ ցուցանիշը բարձր է, այնքան ավելի լավ է աչքերի համար: Ինչքան հաճախ են փոփոխվում ոսպնյակները, այնքան այն կրելու համար անվնաս է դառնում: Այն պետք է հանել ու դնել շատ զգույշ, որովհետեւ պատռված ու աղտոտված ոսպնյակները հաճախ կարող են վնասել աչքի եղջերաթաղանթը:

Լազերային վիրահատության նպատակը աչքի եղջերաթաղանթի ուռուցիկության փոփոխությունն է ու հիվանդին ակնոցից ու լինզաներից ազատելը: Սա ռադիկալ ճանապարհ է, բայց տեսողական խնդիրներ ունեցողների գրեթե 30 տոկոսին լազերային վիրահատությունը հակացուցված է: Դրանք մարդիկ են, որոնք ունեն շատ բարակ եղջերաթաղանթ, ոչ հաստատուն տեսողություն, հիվանդ են շաքարային դիաբետով կամ ունեն աչքի այլ հիվանդություններ: Վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում ծննդաբերել միայն կեսարյան հատման օգնությամբ: Լազերային վիրահատությունը չի շտկում հեռատեսություն ունեցողների խնդիրները: Այն, հնարավոր է, նաեւ չօգնի բարձր աստիճանի կարճատեսության դեպքում: Հաճախ երիտասարդները 16-17 տարեկանում դիմում են վիրահատության օգնությանը, բայց կարելի է չշտապել եւ համբերել մինչեւ 18 տարեկանը, այլապես այդ ժամանակ կզգացվի կրկնակի վիրահատության կարիք: Քանի որ մինչեւ 18 տարեկան մարդու աչքերը շարունակում են մեծանալ ու վաղ հասակում կատարված վիրահատության արդյունքը կաղավաղվի:

Ճշմարտությունն ու առասպելականը՝ տեսողությունը լազերային եղանակով վերականգնելու մասին

Ասում են, իբրեւ լազերային վիրահատությունը տհաճ, ցավոտ ու շատ սարսափելի արարողություն է: Բայց պետք է ասել, որ իրականում այս արարողության ընթացքում ոչ մի զգացում էլ չի առաջանում: Այն սկսելուց առաջ աչքի մեջ անզգայացնող հեղուկ են կաթեցնում, այնուհետեւ ապահովում են կոպի անշարժությունը եւ հիվանդից միայն պահանջվում է նայել կարմիր կետին: Քանի որ այս պրոցեդուրան լուրջ վիրահատական միջամտություն չի պահանջում եւ վերականգնումը տեղի է ունենում շատ արագ, ապա այն կարելի է կատարել տարվա ցանկացած եղանակի: Կարեւոր է միայն հաշվի առնել, որ ընդհանուր վերականգնման ու հարմարվելու համար անհրաժեշտ է 1 ամիս ժամանակ: Այս ընթացքում չի կարելի գնալ բաղնիք եւ պետք է ընդհանրապես զերծ մնալ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Խորհուրդ չի տրվում վիրահատություն կատարել այն կանանց, ովքեր մտադիր են մոտակա 6 ամսվա ընթացքում հղիանալ, քանի որ մի որոշ ժամանակ է անհրաժեշտ հարմարվելու նոր տեսողությանը: Վիրահատությունը հղիության վրա ոչ մի կերպ չի ազդում: Կարճատեսությունը կարող է զարգանալ հղիությունից ու ծննդաբերությունից հետո, անկախ այն բանից՝ լազերային վիրահատություն արվա՞ծ է, թե՞ ոչ:

Կարծիք կա, որ նման վիրահատությունից հետո անընդհատ պետք է գնալ ակնաբույժի մոտ եւ պետք է զերծ մնալ այն ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, որ կարող է նպաստել տեսողության վատացմանը: Ցանկացած մարդ էլ գոնե տարվա մեջ 1 անգամ պետք է լինի ակնաբույժի մոտ, նույնիսկ նրանք, ովքեր տեսողական խնդիրներ չունեն: Այդ պրոցեդուրայից հետո կարելի է նորմալ կյանքով ապրել, առաջիկա 1-2 շաբաթվա մեջ բացառելով ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը` սպորտով զբաղվելը: Այն ամենը, ինչը պետք է անել այս վիրահատությունից հետո, աչքի կաթիլներ կաթեցնելն է: Մի քանի օր հետո կանցնի նաեւ լուսավախությունը: Մեքենա վարել, համակարգչով աշխատել ու գիրք կարդալ կարող եք արդեն 2 օր հետո:

Ինչպե՞ս խնամել աչքերը

Աչքի շրջանում դեմքի մաշկը շատ զգայուն ու նուրբ է, այդ պատճառով էլ այն շուտ է կնճռոտում: Բանն այն է, որ դեմքի այդ մասում մաշկի հաստությունը կես միլիմետրից ավելի չէ: Այդտեղ գրեթե չկան մկաններ, որոնք պահում են մաշկի ձգվածությունը: Նաեւ ավելացնենք, որ մաշկը այս հատվածում լուրջ ծանրաբեռնվածություն է կրում, քանի որ անընդհատ գտնվում է շարժման մեջ` աչքերը թարթում են, կկոցում են, ծիծաղում են, այստեղից էլ շատ վաղ հասակում առաջանում են կնճիռներ: Այս դեպքերում դժվար թե քսուքներն օգնեն երիտասարդ մնալ: Ավելի կարեւոր է պայքարել անքնության ու սթրեսների դեմ, թողնել ծխելը: Պետք է շատ լինել մաքուր օդում եւ օգտագործել վիտամիններ: Շատ պայծառ լուսավորության դեպքում, ոչ միայն ամռանը, ձմռանը եւս պետք է օգտագործել արեւային ակնոցներ: Դա հատկապես շատ կարեւոր է ավտոմեքենայի ղեկին նստած ժամանակ: Շատ լավ օգնում է մերսումը` կոպերի համար հատկացված քսուքով: Այն կարելի է օգտագործել ցանկացած տարիքից, եթե դրա կարիքը զգացվում է։ Որպես կանոն, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս մոտավորապես 25 տարեկանից: Աչքերի դեպքում ոչ միայն կարեւոր է քսուքը, այլ այն, թե ինչպես դա կօգտագործվի: Որպեսզի կանխեք կնճիռների վաղաժամ առաջացումը, պետք է քսուքները քսել ձեռքի ճիշտ շարժումով`ներսից դեպի դուրս տանելով:

Մարդկանց հաճախ անհանգստացնում են աչքերի շուրջ առաջացած սեւ շրջանակները: Դրանք անքնության, հոգնածության ու ծխելու արդյունք են: Համակարգչի առջեւ երկար նստելն էլ է նպաստում դրանց առաջացմանը: Իհարկե, հնարավոր են նաեւ ավելի լուրջ խնդիրներ, այս դեպքում պետք է դիմել բժշկի: Բացի այդ, պետք է հրաժարվել կծու եւ թթու օգտագործելուց: Նման դեպքերում շատ լավ օգնում են սամիթի, երիցուկի թրջոցները` 1 թեյի գդալին 1 բաժակ ջրի հարաբերությամբ:

Շատերին անհանգստացնում են այտուցված կոպերը: Եթե դա հաճախակի բնույթ է կրում, միգուցե երիկամային խնդիրներ ունեք, պետք է դիմել բժշկի: Սակայն կոպերը կարող են այտուցվել լրիվ առողջ մարդկանց մոտ` գերհոգնածությունից ու անքնությունից: Այսպիսի այտուցվածությանը շատ լավ օգնում են դիմակները: Դրանք պատրաստված են պլաստիկից ու լցված են հատուկ գելով, որոնք պահվում են սառնարանում: Անհրաժեշտության դեպքում դնում են փակ կոպերին եւ պահում մի քանի րոպե: Աչքերի առավոտյան այտուցվածությանը շատ լավ օգնում է թեյի սառը թրջոցը:

Եթե երկարատեւ աշխատանքից աչքերը հոգնել են, ապա անպայման մի քանի րոպե դադարը կօգնի:

Աչքի լոգանքները հոգնածությունը եւ բորբոքումը հանելու կարեւոր ու լավագույն միջոց են: Բաժակի մեջ լցնել երիցուկի, մաղադանոսի, անանուխի կամ սեւ թեյի եփուկ: Աչքին կիպ կպցնել բաժակը, գլուխը հետ գցել եւ այդ դիրքում աչքը բաց ու խուփ անել, կրկնելով 8-10 անգամ: Այսպիսով ասես աչքի խնձորակը լողանում է լուծույթի մեջ: Վերջում, բացելով աչքերը, անել մի քանի շրջանաձեւ շարժումներ` ձախ ու աջ:

Մութ սենյակում չի կարելի հեռուստացույց դիտել. աչքերը շուտ հոգնում են ու կարմրում: Աչքերի հոգնածությունն անցկացնելու համար թանզիֆը թրջել սառը կաթի մեջ, թեթեւակի քամել եւ դնել փակ աչքերի վրա: Նույնկերպ կարելի է դնել անանուխի, երիցուկի, սամիթի կամ մաղադանոսի թրջոցներ:

Աչքերի տակի «պարկերի» վերացման համար քերիչով քերել 1 կարտոֆիլ, կամ վարունգը կտրատել օղակաձեւ, դրանցից որեւէ մեկը դնել թանզիֆի վրա ու դնել աչքերի «պարկերին» 30 րոպե: Միայն հաճախակի կրկնելու դեպքում պարկերը կնվազեն ու կանհետանան:

Պառկած կարդալու ժամանակ աչքերն ուղղվում են վեր, եւ աչքի մկաններն ավելորդ լարվում են: Այս դիրքով կարդալը հատկապես վնասակար է երեխաներին, քանի որ նրանց տեսողությունը դեռ ձեւավորման ընթացքում է, եւ կարող է շատ արագ կարճատեսություն զարգանալ:

Պետք է խստորեն պահպանել աչքերի հիգիենան. յուրաքանչյուր 45 րոպե աշխատելուց հետո (մանավանդ համակարգչի առջեւ) հանգիստ տալ աչքերին, այդ ընթացքում կատարել հատուկ վարժություններ:

Աչքի կատարակտա հիվանդությունը լավ է բուժվում ընկույզի յուղով: Պետք է կաթեցնել աչքի մեջ եւ մատներով տրորել կոպերը, որպեսզի յուղը տարածվի աչքի ամբողջ մասով: Գործողությունը կատարել տարվա մեջ մի քանի անգամ: