«Ա1+»-ն իր http://elections.a1plus.am/ կայքում հաղորդաշար է պատրաստել՝ նվիրված ՀՀ նախագահի թեկնածուներին: Լրագրող Ռուզան Ամիրջանյանը «Ձեր թեման» հաղորդաշարի շրջանակներում այցելում է թեկնածուների բնակարան, զրուցում նրանց ընտանիքի անդամների` կանանց եւ երեխաների հետ: Այդպիսով, ընթերցողը ծանոթանում է թեկնածուի առօրյային, նախասիրություններին: Առաջինը նկարահանող խումբն այցելել էր ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի տուն: Բացի այդ, ընթերցողներն իրենց հարցերն էին ուղղել նրա տիկնոջը` Աննա Բաղդասարյանին, որից հատվածներ ենք ներկայացնում ընթերցողին:
39-ամյա Արթուր Բաղդասարյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, ՌԴ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան՝ գերազանցության դիպլոմով: Իրավագիտության դոկտոր է, պրոֆեսոր, 12 տարի է՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է, 10 տարի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահն է: Երեք տարի եղել է Ազգային ժողովի նախագահը: 17 տարի է` ամուսնացած է, ունի 2 երեխա, շուտով կունենան երրորդը: Կինը` Աննան, մասնագիտությամբ մաթեմատիկոս է, այժմ` լեզուների կենտրոնի ղեկավար: Նա չի դժգոհում եւ երբեք չի փորձում ամուսնուն հետ պահել քաղաքականությունից. «Դեռեւս այն ժամանակ, երբ մենք նոր էինք մեր կյանքը համատեղել, ես գիտեի, որ ինքն ունի նպատակներ, ձգտումներ, ու այդ ձգտումները, նպատակները պետք է ծառայեն լավ նպատակի համար, լավ գաղափարների համար: Ի սկզբանե գիտեի, որ ոչ մի դեպքում չպետք է խանգարեմ իրեն: Եթե կարող եմ` պետք է օգնեմ նրան, աջակցեմ, քաջալերեմ, բայց ոչ խանգարեմ, երբեք»: Նրանք արդեն միասին են 17 տարի: Հանդիպեցին, երբ Արթուրը 22 տարեկան էր, Աննան` 19: Երկուսն էլ, ի դեպ, հավատում են ճակատագրին: Համարում են, որ իրենց ծանոթությունը պատահական չէր: «Այստեղ նույնպես Աստծո մատը խառն է, որովհետեւ ճակատագիր էր դա, եւ պատմությունը եղել է հետեւյալ կերպ. իմ ծնողները այցելել են Էջմիածին, այնտեղ պատահաբար հանդիպել են Աննայի ծնողներին, որի արդյունքում էլ հետո մենք ենք ծանոթացել: Այսինքն` ծանոթությունը եղել է եկեղեցու բակում, Էջմիածնում, որի արդյունքում հետո մենք ենք ծանոթացել եւ ամուսնացել»,- պատմում է Արթուր Բաղդասարյանը: «Ես ֆատալիստ եմ եւ հավատում եմ ճակատագրին, եւ հենց դրա վառ վկայությունն է մեր ամուսնությունը: Չնայած այն եղել է անկեղծ սիրո հիման վրա»,- ասում է կինը` Աննան: Կարճ ժամանակ անց Ա. Բաղդասարյանն ամուսնության առաջարկ է արել: «Ես ինքս ինձ համար գիտեի, որ ինքը հենց նա է, ում ես պատկերացրել եմ միշտ ինձ համար: Արթուրը հումանիտար կրթություն ունի, բայց ես կասեի, որ նրա բնավորությունն ավելի շատ ճշգրիտ գիտությանն է մոտ: Ամեն ինչ պետք է հստակ լինի. կամ ունի լուծում, կամ չունի: Այսինքն` ինքն իր համար ունի իր հստակ սկզբունքային դիրքորոշումը, ինքը միշտ գիտի` ինչ է ուզում»,- ասում է Աննան: «Ես միանգամից տեսել եմ ու միանգամից սիրել եմ, հավանել եմ եւ իմ որոշումը միանգամից է եղել: Լինում է այդպես, որ տեսնում ես ու հասկանում, որ սա քոնն է, քո հաջողությունն է, քո կյանքի երկրորդ կեսը: Ինձ մոտ այդպես է եղել, նաեւ Աննայի մոտ, եւ մենք միասին ենք որոշել»:
Մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնեկը` Վահանը, իսկ 1995թ.` դուստրը` Էլինան: Նույն տարում Ա. Բաղդասարյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր: Երեխաների խնամքը, տնային հոգսերն ամբողջությամբ Աննայի ուսերին էին. «Նա միշտ զբաղված է, եւ այդ երեխաների հետ կապված ամբողջ աշխատանքը ես եմ արել եւ հաճույքով եմ արել: Խոհանոց, տուն, գնումներ, բոլորը ես եմ անում եւ անում եմ հաճույքով, չեմ դժվարանում եւ, անկեղծ ասած, չեմ մտածել` ինչո՞ւ պետք է ինձ չօգնի: Կարծում եմ, որ դա միայն ինձ մոտ չէ, բոլոր հայկական լավ ընտանիքներում կինը կիսում է այդ ամենը: Կարծում եմ, որ գոնե դրանով կարող եմ օգնել իմ ամուսնուն: Ես կարծում եմ՝ մայրը պետք է զբաղվի երեխաների դաստիարակությամբ, իսկ հայրը պետք է նպաստի դրան»: Վահանն արդեն ուսանող է. սովորում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, Էլինան` դպրոցական է, 12 տարեկանում ուսումնասիրում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: «Ես երեխաների ծնողական ժողովներին չեմ գնացել, բայց իմ երեխաներն իրենց այնպես են դրսեւորում, որ կարիք չկա ծնողի ներկայությամբ որեւիցե թթու խոսք ասեն, որովհետեւ իրենք գիտեն, որ իրենց պետք է դրսեւորեն 3 հիմնական սկզբունքներով. պետք է լինեն ազնիվ, վճռական եւ լավ սովորեն: Եթե մարդն ունի ազնվություն, դա շատ կարեւոր է, եթե մարդն ունի ներքին վճռականություն, դա նշանակում է՝ մարդն ունի նաեւ սկզբունքներ: Իրենք հասկանում են, որ իրենք պետք է լավ սովորեն, որպեսզի իրենց ծնողների համար, մանավանդ, տվյալ դեպքում՝ ինձ բոլորը ճանաչում են, եւ դա նրանց համար լրացուցիչ պատասխանատվություն է: Ինձ թվում է, որ իրենք կարողանում են այդ բեռը տանել արժանապատվորեն: Իմ երեխաներին՝ չեմ ուզում, որ իրենք ագրեսիվ դառնան, որովհետեւ կյանքն էլ է ագրեսիվ, իրականությունն էլ է ագրեսիվ, իրենք պետք է դառնան բարի, ընկերասեր, դիմացինին միշտ օգնող, աջակցող»,- ասում է Արթուր Բաղդասարյանը: «Չնայած իր զբաղվածությանը՝ ինքը տեղյակ է երեխաների հետ տեղի ունեցող ամեն ինչին, այսինքն` առավոտից մինչեւ երեկո, օրվա ընթացքում բոլորիս հետ անպայման կապի մեջ է լինում, եւ օրվա վերջում, երբ տուն է վերադառնում, մենք ամփոփում ենք մեր օրը, անպայման, մեկս մյուսիս հերթ չտալով, պատմում ենք մեր առօրյայի մասին»,- ասում է Աննան:
Լրագրողի` «Դուք խի՞ստ հայր եք» հարցին պատասխանել է. «Ես՝ աղջկաս հետ կապված, նրան ընդհանրապես դիտողություն չեմ անում, որովհետեւ ինքը ամեն ինչ փորձում է կատարյալ անել: Տղայի դեպքում, բնականաբար, տղա է, եթե ինքը մի քիչ ակտիվ ու նախաձեռնող չլիներ, դա էլ ինձ դուր չէր գա: Մեկ-մեկ, որ փորձում է չափից անցնել, ես ասում եմ, որ ողջախոհություն է պետք: Այդ բառը շատ ենք օգտագործում, բայց ես իմ երեխաներից գոհ եմ: Իրենք երբեւիցե որեւէ մի տեղ, որեւէ մի միջավայրում իրենց չեն կարող վատ պահել, իրենք իրենց պահում են ճիշտ, դրա համար էլ լավ ընկերներ ունեն, իրենց հարգում են, սիրում են, իրենք էլ՝ իրենց ընկերներին: Մեր ընտանիքում պատժելու գաղափարը մերժվում է, մենք բոլորս իրար շատ լավ հասկանում ենք: Եթե ընտանիքը կառուցված է սիրո վրա, այդ ընտանիքը չի կարող տարաձայնություններ ունենալ, որովհետեւ գլխավոր արժեքը սերն է եւ փոխըմբռնումը»:
Հաճախ են հյուրեր ունենում: Երեխաներն էլ սիրում են իրենց ընկերներին հրավիրել: Որդին` Վահանը, հիշում է, թե որքան դժվար էր ընկերներով հավաքվել, երբ իրենք Ա. Բաղդասարյանի ԱԺ նախագահ աշխատած տարիներին ապրում էին կառավարական ամառանոցում: «Դժվար էր, որովհետեւ շուրջբոլորն անվտանգության աշխատողներն էին, եթե որեւէ ընկեր կամ կողմնակի մարդ պետք է գար մեր տուն, հարկ էր անվտանգության աշխատակիցներին զգուշացնել, անձնագիր ներկայացնել»,- պատմում է Վահանը: Ա. Բաղդասարյանի` ԱԺ նախագահ դառնալով՝ ընտանիքի կյանքում փոփոխություններ սկսվեցին: Աննայի համար հեշտ չէր սեփական տնից տեղափոխվել պետական ամառանոց, հարմարվել ամուսնու աշխատանքային ռեժիմին, մասնակցել ընդունելությունների, ճամփորդել, սակայն նա այդ ամենին արագ հարմարվեց ու հաճույքով էր անում: Երեխաները հաճախ էին մնում տատիկի հետ, եւ արդեն սովորել էին ոչ միայն հոր, այլեւ մոր բացակայություններին: «Եթե դիտենք հորս տեսակետից` փոփոխությունը մեծ չէր, որովհետեւ մինչ այդ էլ նրա գրաֆիկը խիստ լարված էր: Ավելի մեծացել էր մեր անհանգստությունը, որովհետեւ անհանգստանում էինք հայրիկի համար, քանի որ այն ավելի լուրջ աշխատանք էր: Հայրիկն ավելի շատ էր ուշադրության կենտրոնում»,- ասում է Վահանը:
Աննա Բաղդասարյանը պատասխանել է նաեւ ընթերցողների հարցերին
– (Լուսինե) – Շնորհակալություն, որ համաձայնել եք մեր հարցերին պատասխանել: Իմ կարծիքով՝ ընտրողի համար շատ կարեւոր է նաեւ ճանաչել թեկնածուների կանանց եւ ծանոթանալ նրանց ծրագրերին: 1. Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ առաջին տիկնոջ դերն ու մասնակցությունը երկրի հասարակական ու մշակութային կյանքին: 2. Արդյոք ներկայումս մասնակցո՞ւմ եք հասարակական, բարեգործական, մշակութային կամ այլ կարգի ազգօգուտ կազմակերպությունների եւ ծրագրերի: Եթե՝ այո, որո՞նք են դրանք: 3. Ի՞նչ գործունեություն եք պատրաստվում ծավալել առաջին տիկին դառնալու դեպքում, եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր կան մշակված, որոնք պետք է անձամբ նախաձեռնեք եւ գլխավորեք:
– Առաջին տիկինը պետք է վարի ակտիվ հասարակական գործունեություն թե՛ մշակույթի եւ թե՛ այլ ոլորտներում` կանանց հիմնահարցերի, երեխաների, ծերերի, հաշմանդամների հիմնահարցերը հոգեհարազատ են ինձ: Կարծում եմ, որ առաջին տիկնոջ օգտակար լինելու հնարավորության շրջանակը մեծ է, եւ այն պետք է առավելագույնս օգտագործել: Այս պահին չեմ զբաղվում որեւէ հասարակական ծրագրերով, բայց ժամանակին զբաղվել եմ հաշմանդամների հիմնախնդիրներով: Նախապես մշակված ծրագրեր չունեմ: Ունեմ կամք եւ փորձ, հասարակական եւ բարեգործական աշխատանքներ կատարելու անկեղծ նվիրում:
– (Արման) – Տիկին Բաղդասարյան, ես Ձեզ մի քանի հարցեր ունեմ. Ձեր ամուսինը Ձեզ հետ կիսվո՞ւմ է իր քաղաքական կյանքի անցուդարձի եւ մտահոգությունների մասին: Դուք խանդո՞ւմ եք նրան, ինչի՞ եւ ո՞ւմ հանդեպ եք խանդում: Եթե իմանաք, որ Ձեր ամուսինը դավաճանել է Ձեզ, ինչպե՞ս կվարվեք: Դուք պատրա՞ստ եք ստել հանուն Ձեր ամուսնու հեղինակության: Եթե Ձեր ամուսինը չլիներ նախագահի թեկնածու, թեկնածուներից ո՞ւմ կտայիք Ձեր ձայնը:
– Մեր ընտանիքն այն եզակի ընտանիքներից է, որտեղ տեղի է ունենում կարծիքների, մտքերի, մտահոգությունների փոխանակում: Որպեսզի պատասխանեմ դավաճանության հետ կապված հարցին, պետք է ես ապրեմ այդ վիճակը, որպեսզի կարողանամ անկեղծ պատասխանել: Չեմ խանդում, չեմ խանդել երբեք:
Հարցին` ես պատրա՞ստ եմ արդյոք ստել հանուն իմ ամուսնու հեղինակության: Թերեւս՝ ոչ, որովհետեւ ստի եւ կեղծիքի վրա հեղինակություն չեն կառուցում:
Ում կտայի իմ ձայնը` դժվարանում եմ պատասխանել, պատասխանիս մեջ գուցե օբյեկտիվ չլինեմ: