Ալեքս Երամյանն ապրում եւ աշխատում է Փարիզում։ Տասնյակ հազարավոր հայերի նման նրա ծնողները 20-րդ դարի սկզբին գաղթել են հայրենիքից ու հաստատվել Եվրոպայում։ Ալեքս Երամյանը փայլուն կրթություն է ստացել, հիանալի տիրապետում է հայերենին ու անուղղելի լավատես է։ Նա իր տիկնոջ հետ Փարիզի սրտում՝ Շանզ Էլիզե փողոցում գեղեցկության սրահ է բացել, որը պոետիկ անվանում ունի՝ «Սքանչելի»։ Սակայն բիզնեսը նրա հիմնական զբաղմունքը չէ. Ալեքս Երամյանը հայկական երաժշտության մեծ սիրահար է։ 1990-ականներին նա ծանոթացավ Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի պետական թատրոնի ու ժամանակակից հայ երգիչների հետ։ Այդ տարիներին Երգի թատրոնը վերելք էր ապրում, ուներ վառ մեներգիչներ։ «Աստղեր» դեռ չկային, ու բոլորը լավ էին երգում»,- ժպիտով ասում է Ալեքսը։ Վերջին երկու տարիների ընթացքում նա աշխատում է հայ-ֆրանսիական երաժշտական կապեր ստեղծել։ Նրա կողմից հիմնադրված «ԱՅՕ-պրոդ» ընկերությունը շուտով Երեւանում կներկայացնի բացառիկ մի համերգային բեմադրություն։ Ֆրանսիական երգերի՝ շանսոնների ամենավառ ներկայացուցիչների՝ Էդիտ Պիաֆի, Շառլ Ազնավուրի, Ժակ Բրելի, Ժորժ Բրասանսի երգերը կհնչեն հայ բեմում՝ հայերեն թարգմանությամբ։ Երգերի բառերի շատ գեղեցիկ, դիպուկ ու հուզիչ թարգմանությունները կատարել է Նյու Յորքում ապրող երգիչ եւ բանաստեղծ Պերճ Թյուրաբյանը, ում հետ Ալեքսը ծանոթացել եւ բանակցել է ինտերնետի միջոցով։ Պերճ Թյուրաբյանը ֆրանսիական երգերի թարգմանությունները կատարել էր դեռ տարիներ առաջ, սակայն միայն այս տարի մենք կարող ենք դրանց հետ ծանոթանալ ու հասկանալ, որ լավ երգը նաեւ լավ պոեզիա է։ Իսկ ֆրանսիական երգերից բաղկացած բեմադրության հեղինակ Ալեքս Երամյանը հուսով է, որ այդ նախագիծը ջերմ կընդունվի ու կշրջագայի աշխարհի այն խոշոր քաղաքներում, որտեղ հայեր են ապրում։
– Ես ուզում եմ, որ բեմում հայ երգիչ-երգչուհիները հայերեն երգեն այն երգերը, որոնք ֆրանսերենով բոլորին հայտնի են։ Հիմա մենք «Շարմ» ընկերության հետ համատեղ ենք աշխատում եւ շատ խանդավառված ենք։ Մեր նպատակը մեծացավ, բարդացավ, ներկայացումներ կլինեն Երեւանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Մոնրեալում եւ, ի վերջո, Փարիզում։ Սկզբում ես ծրագրեցի այդ համերգը միայն Փարիզում ցուցադրել, բայց հետո հասկացա, որ ճիշտ կլինի այն սկսել Երեւանից։ Այժմ մենք պետք է ոչ միայն համերգ, այլեւ՝ հեռուստատեսային ֆիլմ ու ձայներիզ թողարկենք։
– Այդ բեմադրության մտահղացումը վաղուց կար: Այն իրականացնելը դժվա՞ր գործ էր:
– Ամենադժվարը եղավ երգերի հեղինակային իրավունքների համար բանակցելը, որովհետեւ հինգ ֆրանսիացի երգիչներից միայն Ազնավուրն է ողջ, իսկ Պիաֆի, Բրելի, Բրասանսի երգերի իրավունքները պատկանում էին նրանց ժառանգներին ու տարբեր կազմակերպություններին։ Գրեթե երկու տարի ես զբաղվեցի երգերի իրավունքների տերերին որոնելով։ Եվ, ի վերջո, ստացա բոլոր երգերի հայերեն կատարելու իրավունքները։ Այդ համաձայնությունը ստանալուց հետո ես մի քանի հայ երգիչների ընտրեցի, որոնք, իմ կարծիքով, ամենալավը կկատարեին այդ երգերը։ Մենք արդեն բաժանել ենք երգերը արտիստներին, հիմա խորհում ենք բեմադրության վրա։ Բեմի վրա Փարիզի փողոցը հիշեցնող դեկոր է լինելու, քանի որ ուզում եմ Փարիզի մթնոլորտը փոխանցել, ուզում եմ, որ հանդիսատեսը զգա այն։ Փողոցում սրճարանի մի հատված, գովազդային սյուներ, տիպիկ փարիզյան նստարաններ են լինելու։ Սրճարանը կոչվելու է «Փարիզի պոեզիան»։ Բոլոր արտիստները անընդհատ ներկա են լինելու բեմում, ստոպ-կադր պատկեր է լինելու, եւ միայն երգ կատարողն է երգելու պահին լուսավորվելու։ Բեմում կլինեն անցորդներ, սրճարանի աշխատողներ, այցելուներ։ Ամբողջ բեմադրությանն ուզում եմ այնպես անել, որ հանդիսատեսը չհոգնի, չզզվի եւ միաժամանակ տեսնի իրապես այն փարիզյան կյանքը, որի մասին երգում են երգերը։ Պետք է կարողանանք ամփոփ մթնոլորտ ստեղծել բեմում։ Կլինեն բեմադրված զուգերգեր, երեք եւ չորս հոգով կատարվող երգեր։
– Մենք շատ սիրում եւ հաճախ լսում ենք այդ հայտնի փարիզյան երգերը, բայց քչերս գիտենք երգերի բովանդակության մասին, անծանոթ ենք տեքստերին։
– Ողջ հայությունը շատ լավ ճանաչում է Ազնավուրին։ Եվ ինչո՞ւ։ Որովհետեւ նա հայ է։ Ես հաճախ եմ հարցրել հայերին՝ ինչո՞ւ եք սիրում Ազնավուրին։ Բոլորը պատասխանում են, որ նա շատ լավ մարդ է, երկրաշարժի օրերին օգնեց Հայաստանին, բայց շատ քչերը գիտեն՝ ինչի՞ մասին են նրա երգերը։ Եվ Պերճ Թյուրաբյանը՝ թարգմանելով Ազնավուրի եւ մյուս մեծ երգիչների երգերը, իրականում շատ մեծ գործ է արել։ Մարդիկ կարող են իրենց երջանիկ զգալ, ներշնչվել այդ պոեզիայով։ Վերջիվերջո, Ազնավուրը միայն երգիչ չէ, նա նաեւ բանաստեղծ է, նա շատ երգերի հեղինակն է, այն երգերի, որոնք ողջ աշխարհն է լսում։ Նրա երգերը ոչ միայն ֆրանսերեն լեզվով են հնչում, այլեւ՝ իտալերեն, անգլերեն, իսկ հայերեն դրանք երբեք չեն հնչել։ Եղել են թարգմանություններ, բայց հայերեն երգեր չեն եղել։ Հանդիսատեսը պետք է գա համերգի ոչ միայն երաժշտություն լսելու, այլեւ՝ առաջին հերթին պոեզիա լսելու համար։
– Իսկ Ազնավուրը ծանոթացե՞լ է այդ երգերի թարգմանություններին։
– Իհարկե, ես բոլոր երգերն իրեն ուղարկել եմ, մենք հանդիպել ենք եւ՛ իր հետ, եւ՛ իր պրոդյուսեր Լեւոն Սարյանի հետ։ Մինչ Հայաստան գալը ես մեկ անգամ եւս հանդիպեցի Ազնավուրին, եւ նա համերգի արտոնությունը տվեց։
– Դուք սկսեցիք հաճախ Հայաստան այցելել ու հայ-ֆրանսիական նախագծեր իրականացնել միայն վերջերս։ Ի՞նչը դրդեց ձեզ անել դա։
– Իմ համագործակցությունը Հայաստանի հետ սկսվեց անցյալ տարի, երբ Ֆրանսիայում Հայաստանի տարին էր անցնում։ «Հայաստան, իմ բարեկամ» ծրագրի անդամներից մեկը դարձա եւ ուզեցի այս համերգը հենց նույն տարվա ընթացքում կազմակերպել՝ Փարիզում։ Բայց հետո միտքս փոխեցի ու մտածեցի, որ առաջին համերգը պետք է Հայաստանում տեղի ունենա։ Հայ-ֆրանսիական միջոցառումները բնավ էլ պետք չէ միայն մեկ տարում կազմակերպել, դրանք պետք է հարատեւ լինեն։ Պերճ Թյուրաբյանն՝ իր թարգմանություններով, եւ ես՝ իմ կազմակերպչական աշխատանքով, ուզեցինք ֆրանսիական մշակույթը Հայաստան բերել եւ հետո էլ հայ երգիչների կատարումները ցույց տալ Ֆրանսիայում։ Կարեւորն այն եմ համարում, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ մշակութային շփումներ լինեն։ Թող ֆրանսիացիներն էլ տեսնեն, որ հայ երգիչները շատ լավ կարողանում են ֆրանսերեն հայտնի երգերը կատարել, եւ նույնժամ կփորձենք հայախոս մարդկանց երգերի հետ ծանոթանալու առիթ տալ։
– Հուսով եմ, որ այդ փայլուն թարգմանությունները Հայաստանի երգ գրողներին ցույց կտան, որ լավ երգի խոսքերը պարզունակ ու իմաստից զուրկ լինել չեն կարող։ Դուք ծանո՞թ եք այսօրվա հայ երգերին։
– Իհարկե, ծանոթ եմ։ Եվ կուզեի, որ երգերի հեղինակները ներշնչվեին պոեզիայով ու իրենք էլ կարողանային լավ երգեր գրել։ Այստեղ հիմա երգում են՝ ես քեզ շատ եմ սիրում, հոնքերդ կամար են եւ նման բառեր։ Հիմա ամբողջ աշխարհում նման պարզագույն երգեր շատ կան։ Կարծում եմ, այդ ամենի պատճառը փողն է։ Փարիզում, օրինակ, շատ հեռուստահաղորդումներ կան, որոնց ընթացքում՝ ով ուզի, կարող է բեմ բարձրանալ ու, եթե մեկ շաբաթ կարողանա դիմանալ, ու նրան ժյուրին չի հեռացնում, ուրեմն այդ երգիչը միանգամից մեծահարուստ է դառնում։ Տաղանդի մասին բնավ էլ խոսք լինել չի կարող։ Ե՛վ բեմը, եւ՛ հեռուստատեսությունը փող «սարքելու» համար են։ Առաջին դիրքն արձանագրելով ու էկրանին երեւալով, երգիչները միանգամից աստղեր են դառնում։ Նույնը նաեւ Հայաստանում է, քանի որ ամենուր է այդպես։
– Մեկ շնչի հաշվարկով, մենք շատ ավելի երգիչներ ունենք, քան Ֆրանսիան։
– Այո, այդպես է, ամենքը երգիչ են։ Կարծում եմ, որ տաղանդը միշտ էլ շատ ավելի պետք է աշխատի, քան այն մարդը, ով տաղանդ չունի։ Վերջիվերջո, տաղանդ չունեցող «աստղի» կյանքը շատ կարճ է տեւում, մի քանի տարի հետո նա անպայման պետք է վայր ընկնի։ Կարծում եմ, որ շատ լավ սերունդ է մեծանում Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում, որը սկսում է անդրադառնալ մեր մշակույթին։ Հիմա հայկական մշակույթը մեծ վտանգի մեջ է, հարկավոր է արթնացնել հայ երիտասարդներին։ Միգուցե համերգների, տարբեր փառատոների միջոցով նրանք կսկսեն հետաքրքրվել իրենց արմատներով։ Երիտասարդները միշտ էլ ամենաեռանդուն մարդիկ են եղել եւ ուզել են այժմեականացնել մեր ֆոլքլորը։ Նրանք պետք է շարունակեն մեր մշակույթը։
– Համաձա՞յն չեք, որ սփյուռքահայերի նոր սերունդները արդեն լիովին ասիմիլացվել են, արդեն չեն խոսում հայերեն ու չեն զգում իրենց հայ լինելը։
– Հավատացեք, վերջնականապես ասիմիլացվում է միայն հայերի փոքրամասնությունը։ Ես շատ հայ ընտանիքներ գիտեմ, որոնք վաղուց արդեն հեռացել են հայությունից, բայց հանկարծ տեսնում եմ, որ նրանց նոր սերունդը արթնանում է։ Թոռներն ավելի շատ են իրենց հայ զգում, քան իրենց պապերը։ Կարծում եմ, որ մեր՝ սփյուռքահայերիս հանցանքով է, ով սփյուռքի երիտասարդները միայն «Դլե յաման» են երգում ու չեն կարողանում գոհանալ իրենց ազգային երաժշտությամբ կամ նկարչությամբ, քանի որ նրանք շատ բանից տեղյակ չեն։ Բայց անցյալ տարին, որը հայ-ֆրանսիական բարեկամության տարի էր հռչակվել, որոշակի հեղաշրջում արեց ֆրանսահայերի սրտերում։ Սկզբից որոշված էր միայն 300 միջոցառում կազմակերպել, սակայն հետագայում միջոցառումների թիվը 1000-ի հասավ։ Պաշտոնական միջոցառումներն իրենց ետեւից ոչ պաշտոնական միջոցառումներ բերեցին։ Ֆրանսիայի տարբեր փոքր քաղաքներում, նույնիսկ այնտեղ, որտեղ հայ չկար, ցուցադրվեց հայ մշակույթը։ Դա շատ ոգեւորեց այն հայերին, որոնք հեռացած էին հայությունից։ Ես շատ եմ հանդիպել հայերի, որոնք, հայ մշակույթով ոգեւորված, ուզեցին ավելի լավ ու ավելի խորը ծանոթանալ իրենց մշակույթին։ Նույնը կատարվեց նաեւ երկրաշարժի տարում, իհարկե, դա շատ տխուր դեպք էր, սակայն այն դարձավ այն կայծը, որն արթնացրեց հայերին։ Միշտ էլ այդպես է. կայծ է պետք։ Եվ մշակույթը այդ կայծերից մեկն է։ Մի քանի անգամ լինելով Երեւանում, ես տեսա, որ մենք հիանալի ջազմեններ ունենք, հիմա խորհում եմ հայկական ջազային փառատոնի մասին, որը կարելի է Ֆրանսիայում կամ Իտալիայում անցկացնել։
– Երեւանն ու երեւանցիները փոխվե՞լ են։
– Այն անձը, ով առաջին անգամ է գալիս Երեւան, միշտ զարմանում է, քանի որ ակնհայտ է. Երեւանը շարժման մեջ է։ Քաղաքի փողոցներում շատ երիտասարդներ կան, դա ուրախալի է, քանի որ Եվրոպայում այսքան երիտասարդներ կարծես թե չկան։ Եվ երիտասարդները շատ հպարտ ու կամային են տրամադրված։ Ես տեսա, որ հայ աղջիկներն, օրինակ, շատ ավելի են հետեւում իրենց արտաքինին ու մոդային, քան Ֆրանսիայի աղջիկները։ Եվ դա շատ լավ է։ Երեւանը աճում ու երիտասարդանում է։ Իմ կյանքում այնպես ստացվեց, որ ոչ թե ես ընտրեցի Երեւանը, այլ՝ Երեւանն ընտրեց ինձ։ Ես գալիս եմ այստեղ մարդկային շփում գտնելու համար։ Եվ շփվում եմ մարդկանց հետ, ոչ թե շենքերի հետ։ Երեւանում կարող են տեղի ունենալ այնպիսի հանդիպումներ, որոնք ոչ մի ուրիշ տեղ տեղի ունենալ չեն կարող։ Այստեղ շփումը շատ դյուրին ու հաճելի է, այստեղ ես ինձ հայ եմ զգում։ Հավատացեք, այս քաղաքում տակավին մնացել է մարդկությունը։ Հիմա բացվել են դեպի մեծ աշխարհ տանող դռները, եւ բոլորն ուզում են շատ արագ ամեն ինչի հասնել, նմանվել Եվրոպային։ Բայց մենք, որ դրսից են նայում այս ամենին, հասկանում ենք, որ ժամանակ է պետք։ Ես շատ կուզեի, որ սփյուռքահայերը մեծ դեր ունենային Հայաստանի կյանքում։ Իհարկե, տնտեսական օգնությունը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է ճիշտ կատարել այն քայլերը, որոնք Արեւելքից դեպի Արեւմուտք են տանում։ Եվ այստեղ սփյուռքի դերը շատ մեծ է։ Մի կարծեք, որ մենք՝ դրսում գտնվելով, չենք իմանում Հայաստանի իրական վիճակի, պրոբլեմների մասին։ Մենք գիտենք դրանց մասին, բայց երբ գալիս ենք հայրենիք, չենք ուզում վատ բաները տեսնել։ Ես մի ընկեր ունեմ, ով ապրում է Վենետիկում, նա պատմում է, որ Վենետիկում շատ վատ հոտ է գալիս, քանի որ ջուրը նեխում է, եւ ջրի միջի մահացած կենդանիները փտում են, ջրի մեջ աղբ են նետում։ Բայց երբ մենք ենք գնում Վենետիկ, մենք հո չե՞նք տեսնում այդ ամենը, մենք միայն քաղաքի աներեւակայելի գեղեցկությունն ենք տեսնում։ Ուզում եմ ասել, որ պետք չէ հույսը կորցնել, պետք է կարողանալ երջանիկ լինել ու տեսնել գեղեցկությունը։ Ե՛վ սփյուռքում, եւ՛ Հայաստանում մենք կարողացել ենք հազարամյակներ ապրել՝ մեր կրոնի ու մեր մշակույթի շնորհիվ։ Պետք չէ շտապել, մենք ամեն ինչին էլ կհասնենք։ Մեզ միայն ժամանակ է պետք։ Ես չափազանց մեծ լավատես եմ։
– Դուք ամուսնացած եք հայուհու հետ, ձեր որդին նույնպես հայազգի աղջկա հետ է ամուսնացել։ Դա ձեզ համար ներքին պահա՞նջ է։
– Ես շատ եմ սիրում հայկական երաժշտությունը, եւ կինս էլ պետք է հայ լիներ, որպեսզի կարողանար հասկանալ այդ երաժշտությունը։ Եթե կինս չհասկանար, թե ինչ է նշանակում հայ լինելը, ինչպե՞ս կկարողանայի նրա հետ կիսել իմ մտքերն ու զգացմունքները։ Նա անպայման պետք է հայ լիներ։
– Տարօրինակ հարց եմ ուզում տալ. ի՞նչ է նշանակում հայ լինելը։
– Կարող եմ մի անեկդոտ պատմել։ Մի մարդ նստած անապատում ուժասպառ է լինում ու բողոքում է Աստծուն՝ շոգ է, ես քաղցած եմ, ծարավ եմ, օգնի՛ր ինձ։ Աստված գալիս է ու նրան ուտելիք, ջուր ու տուն է տալիս։ Երկրորդ մարդը Փարիզի փողոցում՝ անտունների՝ կլոշարների հետ նստած լաց է լինում։ Գալիս է Աստվածն ու հարցնում է՝ ի՞նչ է եղել։ Այդ մարդը նույնպես բողոքում է՝ աշխատանքս կորցրեցի, կինս բաժանվեց ինձանից։ Աստված օգնում է նաեւ նրան՝ աշխատանք է տալիս ու անում է այնպես, որ կինը վերադառնում է։ Մեկ ուրիշ մարդ էլ իր տանը նստած լալիս է։ Գալիս է Աստված ու հարցնում՝ ի՞նչ է պատահել։ «Ես հայ եմ»,- պատասխանում է մարդը։ Աստված մտածում է, մտածում է, նստում է այդ մարդու կողքին, ու իրենք միասին լաց են լինում։